ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարծես թե չի խրատվել հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները հյուրասիրեցին գետերի աղտոտված ջուրը: Ավելին՝ նա էկոլոգիական աղետի հանգեցման վերաբերյալ հերթական որոշում է կայացրել: «Ժողովուրդի»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու եւ հէկ կառուցելու թույլտվություն է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ահազանգ ստացավ այն մասին, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում: Գնացինք ահազանգի հետքերով՝ պարզելու, թե ինչ է կատարվում: Բացահայտեցինք, որ իսկապես Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանից մի փոքր հեռու հատվել են հաստաբուն ծառեր եւ դեռ ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի:
Նախ փորձեցինք պարզել, թե ով է վաճառում այդ ծառերը եւ երբ են կտրվել դրանք:
«Ժողովուրդ»-ի աշխատակիցը ծառերի վաճառքի հարցով զանգահարեց Ջերմուկի ձկնաբուծարանի աշխատակից ոմն Խաչիկի եւ ներկայանալով որպես շինարար, խնդրեց իրեն վաճառել շինանյութի համար նախատեսված փայտ: Խաչիկը «Ժողովուրդ»-ի «շինարար» աշխատակցից նախ հետաքրքրվեց, թե որտեղ է պատրաստվում շինարարություն անել: Իսկ ավելի ուշ նշեց. «Կարճ-կարճ են, քեզ ձեռք կտա՞: 1 մետրանոց ենք կտրել: Շուտ ասեիր, երկար կտրել կտայինք»,-ափսոսանք հայտնեց Խաչիկը՝ հավելելով, թե վաճառվող ծառերը թաց են: Այսինքն՝ թարմ կտրված:
«Ժողովուրդ»-ը փորձեց նախ պաշտոնական աղբյուրներով պարզել, թե ինչ ծառեր են հատվել եւ ո՞ւմ թուլտվությամբ: Կառավարության նիստից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է թույլատրել ծառեր հատել: Սակայն նախարարը նշեց, թե մեր հարցերին ինքը չի պատրաստվում պատասխանել, իսկ ավելի ուշ պահանջեց, որ հարցն իրեն ուղարկենք գրավոր: Բնականաբար, ուղարկեցինք հարցաշարը, սակայն մինչ ուշ երեկո այդպես էլ պատասխաններ չստացանք:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ: Ըստ քաղաքապետի՝ նշված տարածքում ՀԷԿ կառուցելու նախագիծ կա. «Հիմա հնարավոր չէ այնտեղ ծառ հատեն, իսկ եթե նման բան կա, ուրեմն բանապահպանական թույլտվություն ունեն, մենք տեղյակ չենք այդ մասին»:
Խնդրին անտեղյակ էր նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգեց իրեն. «Առաջին անգամ եմ լսում, կգնամ ու կպարզեմ, թե ինչ է կատարվում: Ոստիկանությանն էլ կխնդրեմ, որ իրենք պարզեն՝ արդյոք նման գործողություններ կատարվե՞լ են, քանի որ այս ամենը մտահոգիչ է»:
Հասկանալով, որ պաշտոնական աղբյուրներով հնարավոր չէ պարզել խնդրի բուն էությունը, դիմեցինք տեղեկատվության մեր աղբյուրներին եւ պարզեցինք, որ իսկապես այդ հէկ-ի կառուցման եւ ծառահատման համար առկա է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի թույլտվությունը: Ըստ այդմ, հէկ-ի սեփականատերերը նշված տարածքում կարող են հատել շուրջ 400 ծառ: Բայց քանի որ հէկ կառուցողը ոչ շարքային քաղաքացի է եւ ունի ամուր թիկունք, նա 400 ծառ հատելու փորախեն կրկնապատիկ անգամ շատ է կտրել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հէկ -ը փաստացի կառուցում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ բնականաբար ուրիշի անունով: Բացի այդ, Հովսեփյանը եւս 3 հէկ ունի նույն Վայոց ձորի մարզում՝ դարձյալ այլ անձանց անունով: Իսկ տարիներ առաջ էլ նա փորձեց Աղավնաձորում հէկ կառուցել, սակայն բնակիչների դիմադրության արդյունքում, գործը կիսատ է մնացել: Բայց չնայած դրան, Աղվան Հովսեփյանը համարվում է հէկ-երի բիզնեսում «խոշորներից» մեկը:
Փորձեցինք ծառահատման եւ հէկ-ի կառուցման մասին մեկնաբանություններ ստանալ Աղվան Հովսեփյանից, սակայն նրա օգնական Սոնա Տռուզյանն ասաց, թե. «այդ «տեղեկությունները» ասեկոսեների ոլորտից են, որոնք մեկնաբանելու անհրաժեշտություն չենք տեսնում»:
Հուսանք, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կկատարի իր պաշտոնական առաքելությունը եւ ոստիկանությանը կհայտնի հատված ծառերի մասին: Իսկ «Ժողովուրդ»-ի այս հրապարակումը իրավապահների համար հիմք կլինի որպես հաղորդում հանցագործության մասին:
Թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ Է ԴՍՏԵՐ ՊԱՏՃԱՌՈՎ

 

Ապրիլի 2-ին Երեւանի Հրաչյա Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում 44-ամյա Արտեմ Մարտիրոսյանն ինքնահրկիզվել էր: Այրվածքաբանության կենտրոնից armlur.am-ին հայտնեցին, որ Մարտիրոսյանը դուրս է եկել շոկային վիճակից, եւ այս պահին նրա վիճակը միջին ծանրության է: Armlur.am-ը այցելեց նրանց բնակարան:

Տուժողի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, armlur.am-ի հետ զրույցում հայտնեց իր վրդովմունքի ու վիրավորված լինելու մասին այն լրատվամիջոցների հանդեպ, որոնք շատ արագ տարածել են ինֆորմացիան՝ առանց ճշտելու եւ իրական հանգամանքներին ծանոթանալու: Անգամ իր հետ չեն խոսել՝ կատարվածը նման կերպ հրապարակելու իրավունք ստանալու համար: «Ես դեռ չէի իմացել դեպքի մասին, երբ արդեն ամբողջ ինտերնետում այդ լուրն էր տարածվել: Ու դրա պատճառով հիմա անգամ ամաչում եմ դուրս գալ տնից: Մի հատ գային, խոսեին մարդու հետ, իմանային՝ ընտանիքը հոգեբանորեն պատրա՞ստ ա դրան, որ հրապարակեն: Վառվել-վառվել ա, իրանց ի՞նչ: Հիմա ո՞վ ա գնալու հիվանդանոցում իրեն կես ժամ խնամի: Ոչ մեկ: Այ սե՜նց կուշտ ենք մենք էս պետությունից, այ սե՜նց: Ստեղ չկա պետություն, գոյություն չունի ոչ մի բան: Ես իմ բնավորությամբ պայքարող ու պատրաստակամ մարդ եմ, եւ չէի պատկերացնում, որ ամուսինս կարող էր նման քայլի գնալ»,-ասաց Մարտիրոսյանի կինը՝ միաժամանակ նշելով, որ իրենք երբեք ոչ մեկից օգնություն չեն խնդրել, քանի որ հույս չեն ունեցել ո՛չ իշխանությունների հետ կապված, ո՛չ մեկ ուրիշի: Տուժողի կինն armlur.am-ին պատմեց, որ իրենք նյութապես ապահովված են, ինքն ու ամուսինն առեւտրով են զբաղվում, սակայն իրենց վրդովմունքն այն է, թե ինչու չեն կարողանում վաստակել այնքան, որպեսզի միայն «ստամոքսի խնդիրները» չլուծվեն: Նշենք նաեւ, որ Մարտիրոսյանն իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ինքնահրկիզման քայլին է դիմել առողջական խնդիրներ ունեցող դստերը՝ 13-ամյա Հասմիկին, օգնել չկարողանալու պատճառով:
«Ինքն անընդհատ նեղվում էր, Հասիկոյին ասում էր՝ բալես, խոսա, ինչի՞ մի բան չես ասում: Էս պետություն չի, որ մենք ենք ապրում: Ինչո՞ւ չկա նորմալ աշխատանք, որպեսզի կարողանայինք վաստակել այնքան, որ էրեխուս կարողանայինք բուժել: Բայց խնդիրը մենակ Հասիկոն չէ, որ իրան հասցրել ա էդ վիճակին: Փոքր տղուս, դեռ անչափահաս, տարան բանտարկեցին, որ ի՞նչ: Ինչ-որ աննշան բանի համա՞ր: Չեն հասկանում, որ տենց ավելի վատ կլինի էրեխուս համար: Էն միջավայրում, որտեղ հիմա էրեխես ա, ո՞նց պիտի սովորի սխալներն ուղղել»,-վրդովված արդարադատության համակարգից եւ երկրի իշխանություններից՝ ասաց Մարտիրոսյանի կինը՝ հավելելով, որ անարդարություններն այնքան են շատացել, որ իրենք անգամ Վերաքննիչից հետո, Վճռաբեկ դատարան դիմելու իմաստ չեն տեսնում:
Վերջինս հայտնեց նաեւ, որ դստեր խնդիրը գլխի հետ է կապված, իսկ բուժումներն իրականացնել հնարավոր է միայն արտասահմանում: Իսկ բուժման համար, կնոջ փոխանցմամբ, անհրաժեշտ է 90 հազար եվրո:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ակնհայտ է, որ ՍԴ որոշումը եւս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Հուսով եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու եւ ներկայացնելու սույն որոշումը»:

Հրայր Թովմասյան Facebook
Իսկ մենք ակնկալում էինք, որ արդարադատության նախարարն այս անգամ էլ կասի, թե Սահմանադրական դատարանը ղալաթ է արել, հատկապես որ «ղալաթ» բառի իմաստն էլ ինքն արդեն բացատրական բառարաններում գտել է, եւ այն, ըստ իրեն, վիրավորական ոչինչ չի պարունակում, այնպես որ կարելի է պարբերաբար այդ բառն օգտագործել: Իսկ մեր ՍԴ-ի որոշումները կարծես թե հատուկ այնպես են ընդունվում, որ ով ինչպես ցանկանա՝ մեկնաբանի: Այնպես որ, արդեն իսկ պարզ է, թե ինչպես է պատրաստվում Հրայր Թովմասյանը ներկայացնել սույն որոշումը եւ ինչ տեսակետ է պատրաստվում արտահայտել:

 
«Այդպես մարդ կա՞, որ չսխալվի, կամ այդպիսի պետություն, քաղաքական ուժ, հա՞, կա՞, որ չսխալվի: Եվ սխալի համար ոչ թե ըտենց էս ինչ եղավ, այլ ընդամենը սխալ ենք արել եւ վերջ, ամերիկյան մի լավ խոսք կա, որ ասում են «էքսքյուզ մի»:

Աշոտ Աղաբաբյան ԳԱԼԱ
Իհարկե, ՀՀԿ-ական գործարար-պատգամավորը ճիշտ է՝ բոլորն էլ սխալվում են, բոլոր քաղաքական ուժերն էլ, բայց ախր Հանրապետական կուսակցության դեպքում ինչ-որ չափից դուրս շատ են այդ սխալները, եւ միշտ սխալները կրկնվում են, վերջում էլ՝ ընդամենը մի հատ «էքսքյուզ մի», եւ ամեն ինչ անցավ-գնաց… Դեռ որոշ դեպքերում նույնիսկ այդ «էքսքյուզ մի»-ն չի հնչում, այլ հակառակը՝ դրա փոխարեն հնչում է «ինչքան ուզենք, էդքան կխփենք»-ը: Սրանից հետո քանի «էքսքյուզ մի» պիտի հնչի, որ կարողանանք ազգովի ներել եւ հանդուրժել, որ խփեցին ու վերջացրեցին:

 

«Ամբողջ օրե՞նքն է հակասահմանադրական ճանաչվել, թե՞ օրենքի մի հատվածը… Դե ապրի ինքը: ՍԴ որոշումը ոչ ոք իրավունք չունի կասեցնելու կամ այլ կերպ մեկնաբանելու»:

Մանվել Բադեյան Yerkir.am
Լսել է, որ Սահմանադրական դատարանի նման մի մարմին կա, որը նույնիսկ որոշումներ է կայացնում եւ այդ որոշումները պետք է որ ճիշտ լինեն, քանի որ ՍԴ-ին որոշումներ թելադրողներն էլ սովորաբար իշխանության ամենավերին օղակներն են: Եվ հետեւաբար, եթե ՍԴ-ն մի բան է որոշել, ուրեմն հնարավոր է՝ համաձայնեցրած է եղել, այսինքն՝ լավ է արել, ապրի ինքը… Եվ կարեւոր էլ չէ, թե ինչի մասին է որոշումը, միեւնույն է՝ ՀՀԿ-ական ծերակույտի ներկայացուցիչը երկրում չի եւ այս պահին դա նրան քիչ է հետաքրքրում, պարզապես խոսք է, ասում է՝ զուտ մի բան ասելու համար:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս