ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ, ՉՊԵՏՔ Է ԿԱԶՄԱՔԱՆԴԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուժի մեջ է ԲՀԿ-ի կողմից երկու անգամ ստորագրված կոալիցիոն հուշագիրը՝ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու վերաբերյալ:
-Նախօրեին ձեւավորվեց նոր կոալիցիան, եւ մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
-ԲՀԿ-ն խորհրդարանի առաջին նիստի ընթացքում, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, չհայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցություն է լինելու:
-ԱԺ կանոնակարգն իմպերատիվ պահանջ չէ: Մենք ասել ենք, որ մենք լինելու ենք կառուցողական դաշտում: Քաղաքագիտական վերջին տենդենցներն էլ ամբողջ աշխարհում տանում են նրան, որ քաղաքական դաշտը չբաժանվի սեւ ու սպիտակի կամ չասեն՝ եթե իշխանություն չես, պիտի կազմաքանդողի դիրքերից հանդես գաս: ԲՀԿ-ն իր գործունեությամբ կապացուցի, որ հնարավոր է լինել հավասարակշիռ կառուցողական դաշտում, եւ մեր նպատակը մեկն է լինելու՝ սպասարկել ժողովրդի շահը: Բոլոր այն նախաձեռնությունները, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի, եթե տեսնենք՝ համահունչ են մեր ծրագրերին ու գաղափարներին, մենք դրանց կմիանանք:
-Ինչո՞ւ է ԲՀԿ-ն խուսափում ընդդիմադիր կեցվածքի մասին բարձրաձայնելուց:
-Բացարձակապես խուսափելու խնդիր չկա: Պարզապես դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Եւ այն շեշտադրումները, որ արված էին Գագիկ Ծառուկյանի մեսիջում, ավելին այսօր ասել հնարավոր չէ:
-Ինչո՞ւ Ծառուկյանը չմասնակցեց ԱԺ առաջին նիստին:
-Զուտ աշխատանքային, կարեւոր հանդիպում ուներ: Որեւէ խնդիր չկա, որեւէ դեմարշի խնդիր այստեղ չկա: Պարոն Ծառուկյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությանը, աննախադեպ բարձր տրամադրությամբ բոլորիս մաղթել է բարի տրամադրություն եւ հորդորել, որ լինենք ակտիվ, նախաձեռնող:
-Իսկ ի՞նչ է լինելու ԲՀԿ-ական նախարարների ճակատագիրը:
-Կարող եք այդ հարցն իրենց ուղղել:
-Կուսակցությունում նրանց համար ոչինչ նախատեսվա՞ծ չէ:
-Ես չեմ կարող ասել, նման քննարկում այս պահին չի եղել կամ միգուցե ես տեղյակ չեմ:

ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՐԵԼ

Անդրադառնալով իրեն ՀՀ առողջապահության նախարար նշանակելու մասին լուրերին` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ ոք չի առաջարկել նախարարի պորտֆելը:
-Նախ ասեմ, որ ես բավականին ժամանակ արտասահմանում էի՝ Ժնեւում, համաշխարհային առողջապահության կազմակերպության գագաթնաժողովին էի մասնակցում: Գիշերն եմ եկել Հայաստան եւ իրականում այդ մասին Ձեզանից եմ լսում, լրագրողներից ու շրջապատից: Ուղղակի նման հարց չի քննարկվել, ոչ մեկն ինձ որեւէ բան չի ասել: Որպես ԱԺ պատգամավոր` կարգն ինչպես որ կա, այդպես էլ շարունակվում է:
-Իսկ եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Կառավարությունը դեռ նոր պետք է ձեւավորվի, դեռեւս ոչ մի բան որոշված չէ: Ես Ձեզ ասում եմ, որ մինչեւ այս պահը նման խոսակցություն չի եղել, որից ես հրաժարվեմ: Իսկ եթե առաջարկեն, այդ ժամանակ էլ կմտածեմ ու կպատասխանեմ:
-Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին համարում են իր գործում «ասս», ի՞նչ եք կարծում, նրան արժանի փոխարինող կգտնվի՞:
-Նախ պետք է ասեմ, որ Քուշկյանը լավ աշխատեց այս տարիների ընթացքում, լավ կազմակերպիչ է, լավ կառավարիչ է. եւ կարծում եմ՝ բոլորի համար էլ արդեն հայտնի է, որ Քուշկյանի անձի խնդիրը չէ, որ նա պետք է դուրս գա: Գիտեք, որ խնդիրը ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան էր:
-Դուք ՀՀԿ-ի համամասնական ցուցակով եք պատգամավոր ընտրվել, ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ն այդքան վա՞տն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նպատակահարմար չգտավ կոալիցիա կազմել:
-Մենք ոչ մեկին ոչ մի բանում չենք նեղացրել, ոչ մեկին ոչ մի բան պարտք չենք, ուղղակի աշխատում ենք, որպեսզի մի բան անենք մեր ժողովրդի համար, մենք էլ մեր բնականոն աշխատանքն ենք կատարում: Այստեղ ոչ մի նեղանալու հարց չկա կամ չի եղել, չեն ցանկացել կազմել կոալիցիա ու վերջ: Աշխատում ենք:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ ԲՀԿ-ի հետ աշխատանքը տարբեր դիրքերում, քանի որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ իրենք այլընտրանք են:
-Ժամանակը ցույց կտա մեր աշխատանքը: Դեռ որեւէ բան չեմ կարող ասել, ուղղակի նշեմ, որ ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը, ինչպես հայտարարեց մեր նախագահը, պատրաստ է համագործակցել բոլորի հետ եւ համատեղ աշխատել: Դրա համար պետք է  դիմացինը եւս պատրաստ լինի աշխատելու եւ համագործակցելու, մենք որ պատրաստ ենք համատեղ աշխատելու:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս