ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մարտի 1-ի ողբերգության նախօրյակին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող «Վիկիլիքսյան» հերթական բացահայտումը վերաբերում է այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ամերիկացի դիվանագետների հանդիպմանը: Այն կայացել է 2008թ. փետրվարի 28-ի երեկոյան՝ անձամբ Քոչարյանի խնդրանքով: Այդ մասին պատմող զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջ.Փենինգտոնը, ով անդրադարձել է քննարկված հարցերին՝ ձերբակալված քաղաքական գործիչներ, ԵԿՄ վարքագիծ, ընտրախախտումներ:

Քննարկելով ներքաղաքական դրությունը՝ Քոչարյանը պատմել է, որ մի քանի օր առաջ «խիստ վտանգավոր պահ էր առաջացել «Երկրապահ կամավորականների միության» հետ, երբ իրադրությունը դուրս էր գալու քաղաքական հարթությունից: Բայց ես լուծեցի խնդիրը մեկ օրում»,- պարծեցել է Քոչարյանը: Ապա պնդել է, որ Երկրապահի ղեկավարությունն արդեն լիովին հասկանում է, որ եթե փորձի ուժի դիմել հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա հանդիպելու է ոչ միայն ոստիկանության, այլեւ Հայոց բանակի ամբողջական հնարավորություններին:
Քաղաքական գործիչների ձերբակալության կապացությամբ Քոչարյանն իրեն հատուկ ոճով արձագանքել է՝ «Ի՞նչ եք անում ԱՄՆ-ում ձեր տեռորիստների հետ: Ամբողջ աշխարհը քննադատում է ձեզ վերջին տարիներին, բայց դուք անում եք ամեն ինչ՝ կանգնեցնելու նրանց»: Քոչարյանի ընկալմամբ, փաստորեն, մայրաքաղաքում հանրահավաքներ անելը հավասար է շենքեր պայթեցնելուն ու մասսայական սպանություններ իրագործելուն: Նախկին «միակ տղամարդը» քաղաքական ձերբակալությունների խնդիրը մասնավորեցնելով՝ հիշատակել է միայն Սուրեն Սուրենյանցի անունը: Փենինգտոնն իր մեկնաբանության մեջ նկատում է, որ Քոչարյանը փորձել է քաղաքական հարթությունից տարանջատել Տեր-Պետրոսյանին իրենց աջակցությունը հայտնած ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների ձերբակալությունների փաստը:
Իսկ քաղաքական մյուս գործիչների ձերբակալությունները Քոչարյանը մեկնաբանել է որպես ընտրական խախտումների համար կատարված պատիժ: Վերջինս հիշատակել է Պետրոս Մակեյանին, ով «վախեցրել է ընտրողներին ընտրատեղամասերում հենց ընտրության օրը»: Քոչարյանը շարունակել է գրոհը. «Եթե դուք եւ ԵԱՀԿ-ն կհամաձայնեք, որ չպատժենք ընտրախախտումներ կատարած անձանց, ապա մենք պատրաստ ենք անմիջապես ազատ արձակել այդ բոլոր մարդկանց: Բայց սա վերաբերելու է հավասարապես թե՛ ընդդիմադիր, թե՛ պրո-իշխանական ներկայացուցիչներին»: Հավելենք, որ այս դեպքերից անցել է վեց տարի, բայց թեկուզ մեկ իշխանական ներկայացուցչի անուն, ով ձերբակալվել է ընտրախախտումների մեղադրանքով, այդպես էլ չի հնչեցվել:
Ինչեւէ, Քոչարյանը շարունակել է. «Կարող եմ բանտ նետել Տեր-Պետրոսյանի բոլոր կողմնակիցներին հենց զրպարտանքի համար, ովքեր մասնակցել են հանրահավաքների կազմակերպմանն ու ելույթ ունեցել հրապարակում՝ քննադատելով իշխանության ներկայացուցիչներին, սպառնացել նրանց բանտ նետել»: Փենինգտոնը մեկնաբանություն է թողել, համաձայն որի՝ «Քոչարյանի պնդումները չեն հաստատվում, քանզի մենք մանրամասնորեն տեղյակ ենք, թե որ գործիչն ինչի համար է ձերբակալվել: Ամեն դեպքում Քոչարյանի միտքը, որով նա կարող է քաղաքական ելույթը հարմարեցնել ու քրեականացնել որպես զրպարտանք եւ հերյուրանք, բավականին խոսուն ցուցիչ է»: Թեպետ դիվանագետը չի մասնավորեցնում, բայց ակնհայտ է, որ «ցուցիչ» ասելով նկատի ունի իշխանությունների բռնարարքները եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները:
2008թ. նախագահական ընտրությունների կազմակերպման եւ ընթացքի կապակցությամբ Քոչարյանը հրաժարվել է ընդունել որեւէ ընտրախախտում: Վերջինս, սակայն, հարկադրված է եղել լսել, որ ամերիկյան դիվանագետներն անձամբ 2 անգամ ականատես են եղել այդօրինակ խախտումների: Նախկին «վոյինը» շարունակել է համառել՝ պնդելով, թե միայն խախտումների այդ երկու դեպքերն են եղել, իսկ մնացած ամեն ինչը եղել է ի տեղի, արդար ու թափանցիկ: Փենինգտոնը Քոչարյանի վերջին պնդման առնչությամբ ասում է՝ «հաշվի առնելով նույնիսկ այն հանգամանքը, որ ընդդիմութան ներկայացուցիչները թերացել են խախտումներն արձանագրելու ու դրանք փաստերի վերածելու գործում, այսուհանդերձ, այլընտրանքային բազմաթիվ աղբյուրներ արժանահավատ տեղեկություններ են տարածել ահռելի խախտումների մասին, որոնք դեռ պետք է քննվեն Սահմանադրական դատարանում:
Հաղորդելով իր տպավորությունները հանդիպումից՝ Փենինգտոնը արձանագրում է. «Հանդիպումը Քոչարյանի բենեֆիսն էր, ով ամբողջապես տիրապետում էր խոսակցությանը, առաջ էր մղում խոցելի փաստարկներ ու ինքն էլ հերքում դրանք՝ թույլ չտալով մեզ արձագանքելու դրանց: Անհասկանալի է, թե Քոչարյանն ինչ նպատակ է ունեցել նմանօրինակ խոսակցություն ծավալելով՝ համոզե՞լ, որ մեր դիրքորոշումը սխալ է, թե՞ ապացուցել, որ բոլոր փաստարկներն իր կողմն են»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴՊՐՈՑ ՉԿԱ

 

ՀՀ Արագածոտնի մարզի Տեղեր համայնքը երկար տարիներ է, ինչ դպրոց չունի: Ինչի արդյունքում գյուղում երիտասարդ ընտանիք չկա: Բացի այս, մարդիկ Տեղեր այցելում են միայն գյուղում գործող հին՝ 800 տարեկան Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու համար: «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց համայնքապետ Գառնիկ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, գյուղում քանի՞ ընտանիք է ապրում:
-Ձմռանը՝ 10-12 ընտանիք, իսկ ամռանը՝ մի փոքր ավելանում է այս թիվը:
-Ինչո՞վ են զբաղվում մարդիկ:
-Անասնապահությամբ: Հողագործությամբ չեն զբաղվում, քանի որ ե՛ւ ջուր չկա, ե՛ւ համապատասխան տեխնիկա: Բացի այդ, դաշտի ճանապարհներն էլ կարգին չեն:
-Այս հարցերով դիմե՞լ եք մարզպետ Սարգիս Սահակյանին:
-Դիմել եմ: Ամեն ինչն էլ գրել ենք, ու ներկայացրել ՀՀ կառավարություն: Սպասում ենք: Դեռ արձագանք չկա: Հավանաբար ուսումնասիրում են:
-Դպրոց ունե՞ք:
-Չէ, դպրոց, մանկապարտեզ չունենք:
-Իսկ աշակե՞րտ:
-Աշակերտ էլ չունենք: Գյուղում եթե երեխա ենք ունենում, երբ դպրոցական տարիքի է հասնում գյուղից դուրս է գալիս:
-Երիտասարդ ընտանիքներ կա՞ն գյուղում:
-Չէ, միայն թոշակառուներ են ապրում այստեղ:
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում սա կանխելու համար: Իսկ այս խնդրին տեղյա՞կ է մարզպետ Սարգիս Սահակյանը:
-Դիմել ենք, նույնիսկ փորձել ենք, բայց մարդիկ չեն ուզում: Չեն ցանկանում էրեխուն կապեն գյուղի հետ, որովհետեւ աշխատատեղ չկա: Խոսել ենք մարդկանց հետ, դժվար է այստեղ ապրելը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչ պատկեր կունենանք հետագայում:
-Եթե տուրիզմը զարգանա գյուղն էլ կամաց-կամաց կզարգանա:
-Ինչո՞ւ:
-800 տարեկան հին եկեղեցի ունենք: Շատ հետաքրքրիր գյուղ է: Զբոսաշրջիկներ են գալիս: Նույնիսկ ծրագրեր ունենք մշակած, որ այստեղ հանգստյան տներ ստեղծենք, որպեսզի զբոսաշրջիկների թիվն ավելանա: Դա որ զարգանա գյուղի վիճակն էլ կլավանա, մարդիկ էլ կսկսեն ապրել: Հիմա գյուղապետարանում երկու թափուր աշխատատեղ կա, բայց դեռ մարդ չի դիմել:
-Ինչու չեն դիմել:
-Թոշակառուներ էին, ազատվեցին աշխատանքից: Մարդ չկա: Գյուղում միայն թոշակառուներն են ապրում, դրա համար էլ թափուր աշխատատեղ կա: Նույնիսկ հարեւան համայնքներից չեն գալիս այստեղ աշխատեն. 50 հազար դրամն ի՞նչ է:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍՈՎ

 

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը, որ Հայաստանի բանկերը բարձր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում: Բոստանջյանի խոսքով՝ առեւտրային բանկերը մասնավոր կազմակերպություններ են, եւ հաշվի առնելով, իրենց կարծիքով, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ռիսկերը, վարում են իրենց քաղաքականությունը: Եթե տոկոսադրույքները բարձրանում են, ուրեմն ռիսկայնությունն ավելի մեծ է:
-Հնարավոր է դա պայմանավորված լինի արտաքին գործոններով՝ մասնավորապես Ռուսաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով:
-ՌԴ-ի դեմ կիրառվելիք պատժամիջոցները, ներդրումների ծավալը մեր տնտեսվարող սուբյեկտների համար դարձնում է ռիսկային, որով պայմանավորված վարկային կազմակերպությունները կարող են բարձրացնել տոկոսադրույքները:
-Ռուսական բազմաթիվ բանկեր հայտարարեցին սնանկացման մասին: Սնանկացում սպառնո՞ւմ է հայկական բանկերին, թե՞ ոչ:
-Չեմ կարող շատ հստակ պատասխանել, բայց բոլոր դեպքերում բանկային համակարգն ու առեւտրային կազմակերպություններն աշխատել են այնպես, որ սնանկացման առաջ չկանգնեն: Կարծում եմ՝ նման հավանականությունը ՀՀ-ի համար փոքր է, բայց ամեն ինչ հնարավոր է:
-2013թ. տարեվերջին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց, որ տոկոսադրույքները նվազել են, ավանդների եւ վարկերի միջակայքը մոտեցել է, սակայն երեք ամիս հետո հակառակ գործընթացն է տեղի ունենում՝ ավանդների տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ, իսկ վարկերի տոկոսները բարձրացել են:
-Փող տվող կազմակերպությունները ռիսկայնության մեծ խնդիր ունեն կամ էլ ռեսուրսի պակաս: Կամ էլ երկուսը միասին:

ԴԱՎԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ»

 

ՀԱԿ-ի նախկին անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը armlur.am լրատվականի հետ զրույցում հերքեց այն խոսակցությունները, թե «Հակակրիմինալ» հասարակական շարժումը հրաժարվել է իր առջեւ դրած նպատակի իրագործումից: Հիշեցնենք, որ շարժումը կազմելու էր այն պաշտոնյաների «սեւ ցուցակը», որոնք յուրացրել են պետության գումարները, թաթախված են կոռուպցիայի մեջ եւ կրիմինալ են: Գառնիկ Մարգարյանի խոսքով՝ գործընթացը շարունակվում է, փաստերը հավաքվում են: Երբ լինի համակարգային փոփոխություն (հիմա բոլորն են թաղված կոռուպցիայի մեջ), այդ ժամանակ էլ բոլոր նյութերը կհրապարակվեն: Ի դեպ, Գառնիկ Մարգարյանը շարունակում է պնդել, որ սեւ ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը:

 




Լրահոս