Երեկ հրաժարական է ներկայացրել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը: Ու թեեւ Սերժ Սարգսյանն ընդունել է այդ հրաժարականը, սակայն առայժմ կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ նորը ձեւավորվի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր կառավարությունն իր ծրագիրը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու հունիսի 19-ին կայանալիք ԱԺ նիստում:
Մինչ այդ նկատենք, որ բացառությամբ մի քանի նախարարի, կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ մնալու է նույնը: Բացառություն են կազմելու միայն ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո թափուր մնացած չորս նախարարությունները, որոնց շուրջ էլ հիմա ընթանում են բանակցությունները: Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե այդ պաշտոններում ովքեր են նշանակվելու: Հայտնի է միայն՝ Տիգրան Սարգսյանը շարունակելու է լինել վարչապետ, իսկ ՀՀԿ-ական նույն նախարարները վերանշանակվելու են՝ գուցե փոխատեղումներով:
Ուշագրավն այն է, որ ժամանակին Սերժ Սարգսյանը շատ էր խոսում իշխանության մեջ թարմ դեմքերի մասին՝ խոստանալով փոփոխություններ: Այդ ընթացքում եղան մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններ: ՀՀԿ տարբեր գործիչներ պնդում էին, որ փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվելու: Սակայն իրականությունը խոսում է այլ բանի մասին. ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունում գրեթե նույն դեմքերն են՝ չնչին բացառություններով: Ընդ որում, գրեթե նույնությամբ վերահաստատվելու է այն կառավարությունը, որն իր պաշտոնավարման ընթացքում միայն սրընթաց ձախողումներ, աղքատության աննախադեպ աճ է գրանցել: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա միայն Ս.Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանին կամ Հարություն Փամբուկյանին ԱԺ չբերելով՝ հազիվ թե կարելի է խոսել օրենսդիր մարմնում որակական փոփոխությունների մասին, երբ մյուս կողմից կրկին պատգամավոր են դառնում Լֆիկ Սամոն, Նեմեց Ռուբոն, Շմայսը, Բուռնաշը, Թոխմախի Մհերը ու մյուս կարկառուն մականունավորները:
Այս ամենը, թերեւս, գալիս է հուշելու, որ ՀՀԿ-ի՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելն ընդամենը արտաքին շղարշ է, եւ իրականում իշխանության դիրքերը գնալով թուլանում են: Այլապես, անհասկանալի է, թե ինչու մի կողմից նախապատրաստվելով նախագահական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ նույնիսկ կոսմետիկ փոփոխությունների գնալ ու կրկին բավարարվում է՝ իրեն ձախողվածներով շրջապատելով:
Հ. Գ. ՀՀ կառավարության կազմը կքննարկվի մյուս շաբաթ, որից հետո կլինեն նոր նշանակումները:
ՆՈՒՅՆ ԱԺ-Ն Է, ՆՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ