ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները գնալով ավելի մեծ թափ են ստանում: Իսկ բնապահպաններն ու գյուղի բնակիչները շարունակում են «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ից պահանջել ներկայացնել Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ամբողջական, այդ թվում` 3-րդ պոչամբարի կառուցման նախագիծը: Նշենք, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
Տեղեկացնենք, որ մարտի 28-ին Մելիքգյուղի համայնքապետարանում տեղի են ունեցել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ: Մասնակցել են մի շարք բնապահպաններ, ՀՀ բնապահպանության նախարարությունից համապատասխան մասնագետներ եւ, իհարկե, համայնքի բնակիչները: Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանի խոսքով՝ «Մեգո Գոլդ» ընկերությունից բացի ոսկու հանքավայրի կառավարչից, այլ մասնակիցներ ներկա չեն եղել:
Համայնքապետից տեղեկացանք, որ բնակիչները նամակ են պատրաստում՝ ուղղված բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: «Նամակում հայտնելու ենք մեր բացասական կարծիքը 3-րդ պոչամբարի կառուցման վերաբերյալ, քանի որ վերջերս տեղի ունեցած հասարակական լսումներին ընկերությունը նոր նախագիծ չի ներկայացրել: Ընկերությունից պահանջել էինք ներկայացնել ոչ միայն պոչամբարի համար նախատեսված նախագիծը, այլեւ ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքավայրի, ֆաբրիկայի նախագծերը: Իրենց կողմից առաջարկված ծրագրի որոշ կետերին ծանոթանալուց հետո, հասկացա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղին»,-հայտարարեց համայնքապետն՝ ընդգծելով, որ իրենք ուզում են նախարարին տեղյակ պահել, որ հասարակական լսումները համարում են չկայացած:
Մելիքգյուղի բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ ոսկու հանքավայրի ֆաբրիկայում այս պահին լաբորատորիան աշխատում է: Գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ այնտեղ ավստրալական ինչ-որ ընկերություն է գործունեություն ծավալում:
«Նախ՝ խոսակցություններ պտտվեցին, որ լաբորատորիայում գործունեություն ծավալող ընկերությունը վրացական է, հետո՝ դրանք փոխվեցին: Հիմա էլ ասում են, որ ավստրալական է: Պատկերացնո՞ւմ եք, համայնքը ոչնչից տեղյակ չէ: Միայն տեսնում ենք, թե ինչպես են վրացիներ գալիս-գնում»,-պատմեց Մելիքգյուղի բնակիչը՝ տեղեկացնելով, որ լաբորատորիայում ոսկու հետ կապված համապատասխան փորձաքննություններ են անցկացվում:
Այս ամենով հանդերձ` «Մեգո Գոլդ» ընկերությունը նաեւ մեծ գումարներ է պարտք Մելիքգյուղի եւ հարակից մի քանի համայնքների բնակիչներին: Բանն այն է, որ մարդիկ տեւական ժամանակ աշխատել են հանքավայրում եւ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանից հետաքրքրվեց, թե երբ են վճարվելու պարտք մնացած աշխատավարձերը. «Երկար ժամանակ է, ինչ ոսկու հանքավայրի աշխատանքները կանգնած են: Մենք աշխատավարձերը հաշվարկել ենք, մարդիկ հիմա տանը նստած են, ու, այո, պարտք ենք մնացել, եւ մենք պարբերաբար վճարում ենք»:
Ինչ վերաբերում է հասարակական լսումներին ամբողջական նախագիծը չներկայացնելուն` ընկերության տնօրենը հակառակը պնդեց. «Նախագիծը վաղուց ներկայացված է: Այն կա նաեւ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում: Եթե մարդիկ գալիս են ու մասնակցում լսումների, հետո էլ հայտարարում, թե այդ լսումները կայացած չեն, ես ասելու ոչինչ չունեմ: Ինչպե՞ս կարող է պատահել, որ նախագիծը չներկայացրած` այն վեց անգամ կայացած լսումների ժամանակ քննարկեն»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ ընկերություն է ֆաբրիկայի լաբորատորիայում գործունեություն ծավալում, այն դեպքում, երբ հանքավայրը տեւական ժամանակ է` չի շահագործվում, «Մեգո Գոլդ»-ի տնօրենն ասաց. «Մենք ունենք շահագործող, որն ունի վրացի աշխատող: Հույս ունեմ, որ Հայաստանի համար դա օրենքի խախտում չէ»:
«Ժողովուրդ»-ը բնապահպան Հակոբ Սանասարյանից հետաքրքրվեց, արդյոք ծանոթ է Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագորման նախագծին եւ ինչ կարծիք ունի: «Այդ նախագծին մենք ծանոթ ենք: Եվ եթե իրականանա Մելիքգյուղի Թուխմանուկի հանքավայրի շահագործումը, մենք առաջին հերթին պետք է հրաժարվենք մարդկային կյանքերից: Դա մերժելի նախագիծ է եւ, ընդհանարապես, մեծ հանցագործություն կլինի այդ նախագծի իրագործումը»,- կարծիք հայտնեց բնապահպանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՍՊԱՍԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ
Քաթարում մարտի 25-29-ը կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարզիկները գերազանց հանդես եկան։ Նժույգաթափերում ոսկե մեդալ նվաճեց Հարություն Մերդինյանը, հենացատկերում՝ Արթուր Դավթյանը, իսկ օղակներում Արթուր Թովմասյանը դարձավ ոսկե, Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դա աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա երկրորդ մրցաշարն էր, որին կարողացել են մասնակցել հիմնականում մեր հայտնի մարմնամարզիկ Էդուարդ Գեւորգյանի աջակցության շնորհիվ։ Երրորդ խաղարկությունը Ճապոնիայում է, իսկ այնտեղ մեկնելը բավականին թանկ հաճույք է, եւ դժվար թե իրենք կարողանան գնալ։ Իսկ ընդհանրապես աշխարհի գավաթի խաղարկությունները տարին վեց անգամ են տեղի ունենում, առանձին ձեւերից` տարբեր երկրներում։ Մարզիկները փորձ են ձեռք բերում եւ միաժամանակ միավորներ վաստակում համաշխարհային վարկանիշային թերթիկում (ռեյտինգ-լիստում): Ընդ որում, այդ մրցաշարերին մասնակցում են նաեւ օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների հաղթողները։ Իսկ Քաթարի հաջողությունը, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված էր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ երկար ժամանակ լավ նախապատրաստվելու հանգամանքով։ Իհարկե, դրանում ներդրում ունեն նաեւ տղաների անձնական մարզիչները։
Մարմնամարզության ֆեդերացիան, որի կազմում ընդգրկված են սպորտային, գեղարվեստական մարմնամարզություն, ինչպես նաեւ ակրոբատիկա մարզաձեւերը, պետական բյուջեից ստանում է ընդամենը 35 միլիոն դրամ։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը (ֆեդերացիայի նախագահը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն է) մասնավորապես ասաց. «Մարզաձեւերին հատկացվող այդ 35 միլիոն դրամը առաջնային ուղղվում է հանրապետական առաջնություններին եւ միջազգային խոշոր մրցաշարերին։ Միայն Եվրոպայի 34-րդ առաջնությանը մասնակցելու համար, որը կայանալու է Բուլղարիայում, մեր նախնական հաշվարկներով, 10 միլիոն դրամից ավելի գումար կպահանջվի։ Իսկ այդպիսի շռայլություն մենք ամեն անգամ չենք կարող մեզ թույլ տալ»։ Հատկացվող գումարն ավելացնելու, հովանավորներ գտնելու խնդրանքով ֆեդերացիայից դիմել են համապատասխան մարմիններին, վերջիններս էլ խոստացել են, որ եթե բարձր արդյունքներ լինեն, կվերանայեն ֆինանսավորման հարցը։ «Հույս ունեմ, որ Եվրոպայի առաջնությանը լավ հանդես կգանք եւ կսպասենք կառավարության եկող տարվա որոշմանը»,- նշեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելուն, ապա մարմնամարզություն մարզաձեւում օլիմպիադայից մեկ տարի առաջ կայանալիք աշխարհի առաջնության արդյունքներով է որոշվում օլիմպիական ուղեգրերի ճակատագիրը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ ամսից ավելի է, ինչ վավերականության ժամկետը լրացած իրենց անձնագրերը հանձնել են, սակայն նոր անձնագրեր այդպես էլ չեն ստացել: Նոր նմուշի անձնագիր չստանալու պատճառով այդ անձինք հնարավորություն չունեն լքել Հայաստանի Հանրապետության սահմանները: Սույն հարցն առավել կարեւոր է հարեւան Վրաստան առեւտրի կամ այլ գործերով մեկնող նոյեմբերյանցիների համար: Նշված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար այցելեցինք ոստիկանության Նոյեմբերյանի անձնագրային բաժին: Մեր հարցադրմանն ի պատասխան` անձնագրային բաժնի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ իրենք նոր նմուշի անձնագրերը Երեւանից` անձնագրերի եւ վիզաների վարչությունից, դեռ չեն ստացել, որպեսզի հանձնեն քաղաքացիներին: Հ. Մամյանը հավաստիացրեց, որ իրենց խմբի աշխատակիցները, ինչպես նաեւ անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատողները լարված, մեծ ծանրաբեռնվածությամբ գործում են, որպեսզի նոր նմուշի անձնագրերը հասցնեն տերերին:Նրա վկայությամբ՝ Երեւանում լուծվում են այդ անձնագրերի տրամադրման հետ կապված համակարգչային ծրագրերին առնչվող խնդիրներ: Քանի դեռ նոր նմուշի անձնագրերը Նոյեմբերյանում չեն ստացել, դրանց տերերին, որպես հարցի ժամանակավոր լուծում, տրվում է անձի ինքնությունը հաստատող, լուսանկարով փաստաթուղթ, որով նրանք կենսաթոշակներ են ստանում եւ այլ գործառույթներ իրականացնում: Ըստ օրենքի՝ նոր անձնագիր տրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայկ Մամյանն ասաց, որ նոր նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի ուշացումներ կան, սակայն դրանք ամիսներ չեն տեւում:
ՄԵԿ ՏԱՐԻ Է` ՆԻՍՏ ՉԵ՞Ն ԱՐԵԼ
Տավուշի մարզկենտրոն Իջեւանը 20 հազար բնակիչ ունի, սակայն քաղաքապետարանի ինտերնետային կայքի անունը շատ հավակնոտ է՝ ijevancity.am: Երբ բացում ենք քաղաքապետարանի կայքի «ՏԻՄ» բաժինը, տեսնում ենք, որ այնտեղ համայնքի ավագանու միայն երկու նիստի մասին գրառում կա: Դրանք առնչվում են ավագանու՝ 2013 թվականի հունվարի 11-ի եւ նույն տարվա փետրվարի 27-ի նիստերին: Ստացվում է, որ Իջեւանի ավագանին ավելի քան մեկ տարվա ընթացքում նիստեր չի արել: Սակայն մեր տեղեկություններով՝ ավագանու նիստեր կայացել են: Հիշեցնենք, ոչ մինչեւ 2011թվականի նոյեմբերին Իջեւանի քաղաքապետ ընտրվելը, Վարդան Ղալումյանը համայնքի ավագանու անդամ էր: Նա եւ ավագանու մի խումբ անդամներ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից պահանջում էին քաղաքապետարանի թափանցիկ աշխատաոճ, ավագանու` նախկին տարիներին ընդունած որոշումներին ծանոթանալու համար նույնիսկ դատի էին տվել քաղաքապետարանին: Պատմությունը, սակայն, կարծես թե կրկնվում է: Իջեւանը ոչ թե մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղ է, այլ՝ մարզկենտրոն: Եվ նման վիճակն առավել քան մտահոգիչ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ