ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲՌՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ծնվել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում` սասունցիների ընտանիքում, հայրենադարձվել է 1987 թվականին։ Եվ, բնական է, լավ գիտի սիրիահայերի ավանդույթները, կենցաղը, բնավորությունը: Նա նույնպես շատերի նման համոզված է, որ Քեսաբում տեղի ունեցածը Թուրքիայի՝ հայկական բնակավայրը հայաթափելու սովորական ձեռագիրն է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչն ընդգծեց, որ ամեն մեկս ու համապատասխան օղակները պետք է փորձենք օգտակար լինել ոչ միայն քեսաբահայությանը, այլ, ընդհանրապես, սիրիահայությանը, որն այսօր դժվարին կացության մեջ է։

-Ես ցանկանում եմ խոսել հայրենադարձության մասին, որի վերաբերյալ մենք ծրագիր, ռազմավարություն չունենք, եւ այսօր բոլոր տեսակի հայրենադարձական դրսեւորումները զուտ անհատական են։ Ցավալի է, բայց փաստ, որ եթե մարդիկ ստիպված գալիս էլ են Հայաստան, այստեղ չեն մնում, գնում են այլ երկիր։ Եվ մենք շատ-շատ խնդիրներից կազատվեինք, եթե ունենայինք եւ իրականացնեինք հայրենադարձության լուրջ ծրագիր։
-Ոմանք ասում են, որ Սիրիայի եւ այլ երկրների հայկական գաղթօջախները պետք է ամրացնել, մինչդեռ Դուք կարեւորում եք հայրենադարձությունը։
-Եթե մարդիկ ասում են՝ գաղթօջախները պետք են, թող իրենց կարծիքին մնան։ Միեւնույն է, ինչ-որ հայեր մնում են դրսում, բայց մասսայական պետք է կարողանանք բոլորին հասկացնել, որ վերադարձի ճանապարհը բռնեն եւ գան հայրենիք։ Եթե ժամանակին դա արվեր, այսքան մարդկային եւ ունեցվածքի կորուստներ չէինք ունենա։ Մեզ համար արդյոք դժվա՞ր էր ինչ-որ կացարաններ կառուցել քաղաքից դուրս եւ քարոզել, որ հայրենադարձությունն է կարեւորը։ Հասկացանք, որ եթե սփյուռքը ուժեղ է, հայրենիքը նույնպես կուժեղանա, բայց ամեն դեպքում ամենակարեւորը հայրենիքի ուժեղ լինելն է։ Եվ այդ դեպքում հայրենիքը կկարողանա տեր կանգնել իր յուրաքանչյուր զավակին՝ անկախ նրանից, թե նա որ երկրում է բնակվում։ Դրա համար պետք է հայրենիքը զորացնենք, պետք է բոլորին հորդորենք, որպեսզի վերադարձի ճանապարհը բռնեն եւ գան։ Անկախ այն բանից՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս ենք ծնվել, բոլորիս համար կենսամակարդակը, կենցաղային պայմանները դժվար են, բայց եթե մենք շատանանք Հայաստանում, շատ ավելի լավ կլինի։ Ասենք, դառնանք յոթ միլիոն։ Ընդ որում, եկողներն իրենց հետ նաեւ իրենց ունեցվածքը, հարստությունն են բերում Հայաստան։ Իրաքում նույն բանը եղավ, բայց այն մեզ համար դաս չեղավ, մենք չխրատվեցինք եւ սիրիահայերին ավելի շուտ չբերեցինք հայրենիք։
-Սիրիահայ համայնքն այլ համայնքներց ինչո՞վ է տարբերվում։
-Շատ, շատ մեծ տարբերություն կա։ Ես շատ եմ կարեւորում առաջին հանգրվանի հասկացությունը, իսկ հայրենազրկված սիրիահայությունը հաստատվել է առաջին հանգրվանում եւ այդ իսկ պատճառով պահպանել է ե՛ւ ազգային գաղափարախոսությունը, ե՛ւ ազգային դիմանկարը, ե՛ւ ավանդույթները, ե՛ւ շատ-շատ այլ բաներ։ Ու տարբերվում է աշխարհով մեկ ցրված մնացած հայ համայնքներից։ Ովքեր չեն լքել առաջին հանգրվանը, մնացել են Սիրիայում, իրենց աչքերը հառել են դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի ամբողջական Հայաստան, եւ հենց դրանով էլ են տարբերվում մյուսներից։
-Մշակույթի գործիչները հայրենադարձության գործում ի՞նչ դերակատարում պետք է ունենան։
-Շատ կարեւոր դերակատարում։ Օրինակ՝ իմ բոլոր համերգների ժամանակ, որոնք կայանում են Հայաստանից դուրս, ես իմ երգերով, խոսքով, հորդորներով կարողանում եմ ժողովրդին հասկացնել, որ ճիշտը վերադարձի ճանապարհը բռնելն է։ Մենք ուղղակի երգիչ չպետք է լինենք, որը պիտի զվարճացնի կամ ինչ-որ գեղագիտական հաճույք պատճառի մեր հայրենակիցներին, մենք պետք է լինենք սկզբունքային գաղափարախոսության կրողներ եւ կարողանանք դա փոխանցել հանդիսատեսին, ժողովրդին։ Իմ անձնական օրինակով շատ ընտանիքներ վերադարձան հայրենիք, հաստատվեցին եւ ապրում են հպարտ՝ անկախ իրենց կենցաղային պայմաններից եւ սոցիալական վիճակից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐԱՄ MP3-Ն ԱՌԱՋԻՆՆ Է

 

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Ֆեյսբուք»-ում հայտնվել են տարբեր տեսակի էջեր, որոնք վաճառում են Արամ MP3-ի տեսահոլովակի նկարով արտադրանք՝ շապիկի, հեռախոսի պատյանի, փողկապի տեսքով, նաեւ` տուրփաթեթներ են առաջարկում։

«Այդ ամեն ինչը հեղինակային իրավունքի խախտում է, որովհետեւ երգի եւ տեսահոլովակի բոլոր իրավունքները պատկանում են հանրային հեռուստաընկերությանը, եւ ոչ ոք իրավունք չունի դա վերածել բիզնեսի, փող աշխատել՝ խախտելով այդ իրավունքները։ Մենք խստորեն զգուշացրել ենք բոլորին, կոչ ենք արել դադարեցնել գործընթացը։ Այդ գործը մեր իրավաբանական բաժնում է, հետագան ցույց կտա, թե ինչ ընթացք կստանա»,- հավելեց Գ. Գասպարյանը։
Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ում Ավստրիան ներկայացնող Կոնչիտայի եւ Արամ MP3-ի «լեզվակռվին», ապա մեր զրուցակիցն այդ թեմայի շուրջ վերջին շրջանում տարածված հրապարակումները համարում է «խեղաթյուրված, չափազանցված եւ աղավաղված տեղեկատվություն»։ Մեր պատվիրակությունը պատրաստվում է մոտակա օրերին անդրադառնալ այդ թեմային եւ վերջ դնել բոլոր խոսակցություններին։ Արամ MP3-ն այս պահին Ռուսաստանում է, նրա հետ են նաեւ «Վիտամին» ակումբի տղաները. «Նրանք հետաքրքիր համադրություն են արել. «Վիտամին»-ի մանրապատումները համատեղել են եվրատեսիլյան երգի հետ։ Բնականաբար, այդ ամենը նաեւ հանդիպումներ է ենթադրում հայ համայնքի հետ, իսկ դա նպաստում է, որպեսզի մեր հայրենակիցները ուշադիր լինեն եւ քվեարկեն Արամի օգտին»։
Տղաները Ռուսաստանից կմեկնեն Եվրոպա, որտեղ նրանց կմիանա նաեւ մեր զրուցակիցը: Իսկ ապրիլի 5-ին համերգ տեղի կունենա Ամստերդամում, որտեղ կլինեն «Եվրատեսիլ»-ի գրեթե բոլոր մասնակիցները։ «Արամը շատ ոգեւորված սպասում է, որ բոլորին տեսնի, ընկերանա, երգի իր երգը։ Այնուհետեւ հայ համայնքի հետ հանդիպում կունենանք, դրանից հետո կմեկնենք եվրոպական այլ երկրներ՝ Ավստրիա, Լեհաստան, Ֆրանսիա: Իսկ արդեն ապրիլի 13-ին Լոնդոնում լինելու է եվրատեսիլյան մեծ համերգ, ինչպես նաեւ խնջույք, որին ներկա կլինեն բոլոր մասնակիցները, Արամն այնտեղ երկու ստեղծագործություն կկատարի»,- տեղեկացրեց Գ. Գասպարյանը։ Ի դեպ, այս պահի դրությամբ հայ երգչի տեսահոլովակը դիտվել է բոլորից շատ՝ ավելի քան մեկուկես միլիոն անգամ: Բուքմեյքերներն էլ առաջին տեղում տեսնում են Արամ MP3-ին։

 

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԹԱՆԿՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել սոցկայքի օգտատերերին միանալ իրեն ու խնդրել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներից պահանջել պաշտոնական հետաքննություն սկսել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա հարձակման առնչությամբ: Թանկյանը նշել է, որ այդ գործողությունների հետեւանքով Քեսաբից տեղահանվել է 2.000 հայ, որոնք Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: Նա գրառման մեջ տեղադրել է ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակի (ANCA) կայքում գտնվող նյութի հղումը, որում ANCA-ն կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնական մակարդակով հետաքննել Թուրքիայի ներգրավվածությունը հակահայկական ագրեսիայի իրականացման գործում:

 

ՋՈՒՍԻ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ

Ապրիլի 11-ին Հայկական երաժշտական առաջին ալիքի եթերում երգչուհի Ջուսը կներկայացնի իր նոր` «Passion» տեսահոլովակը: Երգչուհին հայտնել է, որ տեսահոլովակը նկարահանվել է միստիկ ոճում` ռեժիսոր Նարի Իսպիրյանի կողմից: Նշենք, որ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հայտնի պարուհի Թինա Քեյն է: Երգի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Ջուսն է, իսկ գործիքավորումը կատարել է Արսեն Բարսամյանը: Ջուսը նշել է, որ տեսահոլովակը նվիրվում է իր սիրելիին, ում հետ շուտով պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամսվա ծանոթության ընթացում երգչուհին իր ընտրյալի հետ հանդիպել է ընամենը մեկ անգամ: Երգչուհին խոստացել է բոլոր մանրամասները բացահայտել ապրիլի 18-ին, որը նրա համար կարեւոր եւ նշանակալից օր է լինելու:

 

ՖՐԻՍԿԵՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ Է ԱՆՈՒՄ

Գլխուղեղի քաղցկեղից ԱՄՆ-ում բուժվող երգչուհի Ժաննա Ֆրիսկեն նանոպատվաստումից հետո ավելի լավ է զգում: Նա արդեն փորձում է ինքնուրույն տեղաշարժվել եւ պատրաստվում է ապրիլի 7-ին նշել որդու՝ Պլատոնի ծննդյան առաջին տարեդարձը: Մոտ մեկ ամիս է՝ Պլատոնը մոր հետ ապրում է Լոս Անջելեսում: Ներկայում Ժաննայի հետ ԱՄՆ-ում են երգչուհու մայրը՝ Օլգա Վլադիմիրովնան, ամուսինը` Դմիտրի Շեպելյովն ու երգչուհու ընկերուհին՝ Օլգա Օրլովան:




Լրահոս