Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ևս 95 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում նախաձեռնելու սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը:

Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք, ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, արդյունավետ ու հաջողված համարելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված համագործակցությունը, նկատել է, որ համատեղ այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու համար:

Այնուհետ ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով:

Հարկ է նշել, որ, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններից բացի, Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնությամբ Երևանում արդեն իսկ իրենց ծնողներին հանդիպել են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս