Տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում հունիսի 4-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Սա ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստան կատարելիք երկրորդ այցն է լինելու. առաջին անգամ նա ժամանել էր 2010թ. ամռանը:
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի նման պարբերականությամբ այցերը թերեւս պատահական չեն: Ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակը գնալով սրընթաց զարգացումներ է ստանում, եւ ԱՄՆ-ը չի կարող անտարբեր մնալ այդ ամենի հանդեպ: Այս համատեքստում ուշագրավ քաղաքական զարգացումներ են նաեւ Հայաստանում. մասնավորապես Քլինթոնի այցը հաջորդում է ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններին: Սակայն մյուս կողմից, որն ավելի էական է, առաջիկայում Հայաստանում եւ Վրաստանում անցկացվելու են նախագահի ընտրություններ: Իսկ դրանք դժվար թե չհետաքրքրեն ԱՄՆ-ին:
«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ Քլինթոնի՝ Երեւանում կայանալիք հանդիպումներում առաջին հերթին շոշափվելու են հենց ներքաղաքական թեմաները: Մեր աղբյուրները պնդում են, որ օրակարգն ընդհանուր կետերով արդեն իսկ հաստատված է. շոշափվելու է 5 հիմնական խնդիր:
Ինչպես արդեն նշեցինք, Քլինթոնն անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես նախագահի ընտրություններին: ԱՄՆ պետքարտուղարն իշխանությունների ուշադրությունը հրավիրելու է ԱԺ ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների հարցի վրա՝ նշելով, որ դրանք նախագահի ընտրություններում կիրառելու դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան կազմակերպությունների անցկացրած հետազոտությունների համաձայն՝ հայ հասարակությունը փոփոխությունների հիմնական հույսը կապում է ոչ այնքան խորհրդարանական, որքան նախագահական ընտրությունների հետ: Ու թերեւս դա է պատճառը, որ այս անգամ ԱԺ ընտրություններից հետո հասարակական բողոքի լայն ալիք չեղավ, ինչը անխուսափելի կլինի նախագահական ընտրություններից հետո, եթե ընտրությունները կրկնեն մայիսի 6-ի «բարքերը»: Եվ ահա հնարավոր է, որ Քլինթոնն այդ մտահոգությունները փոխանցի Սերժ Սարգսյանին՝ բացատրելով երկրորդ անգամ նույն գետը չմտնելու մասին հայտնի թեզը եւ խորհուրդ տալով ժողովրդի ձայնը ստանալու համար այլ մեթոդներ գտնել:
Հաջորդ թեման, որ լայնորեն արծարծվելու է Քլինոթնի հանդիպման ժամանակ, վերաբերելու է հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ խնդրին: Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը պնդելու է ե՛ւ արցախյան հակամարտության, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշարժ գրանցելու մասին՝ սառեցված հակամարտությունների առկայությունը համարելով վտանգավոր: Պատահական չէ, որ Չիկագոյում ՆԱՏՕ գագաթնաժողովին էին մասնակցել Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները, մինչդեռ Սերժ Սարգսյանը, մտացածին պատճառ մոգոնելով, հրաժարվել էր մեկնելուց: Այնտեղ քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սերտացման, ընդհուպ մինչեւ անդամակցության հեռանկարների մասին հարցեր: Ենթադրվում է Քլինթոնը շոշափելու է այս խնդրի շուրջ ՀՀ-ի տրամադրությունները՝ կոչ անելով մեր երկրին եւս հստակ կողմնորոշվել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցում: Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է նաեւ հստակ երաշխիքներ տա ամերիկացիներին՝ ՌԴ ջանքերով ԵվրԱզԷՍի ծրագրի՝ իրականություն դառնալու դեպքում Հայաստանի դիրքորոշման մասին «այո կամ ոչ» տարբերակով: Բնականաբար, անդրադարձ է լինելու Անդրկովկասի խնդիրներին, նաեւ՝ Իրանի, Լիբանանի եւ Սիրիայի հետ կապված հնարավոր զարգացումներին: Մեր դիվանագիտական աղբյուրները նաեւ տեղեկացրին, որ Քլինթոնը Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է խոսել ԱՄՆ-ում բնակվող հայերի խնդիրների, մասնավորապես նախագահ Բարաք Օբամայի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին: Ըստ այդմ՝ ԱՄՆ-ին անհանգստացրել է Ֆրանսիայում կատարվածը, երբ տեղի հայկական համայնքը, հակառակ սպասումներին, չսատարեց Նիկոլա Սարկոզիին՝ արդյունքում նրան թողնելով անհարմար դրության մեջ:
Մեր աղբյուրները նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք մատնանշեցին. Քլինթոնի հանդիպման ժամանակ խոսք է լինելու նաեւ ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի եւ նրա հետագա պաշտոնավարման տեսլականների մասին: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված ուշագրավ սկանդալ ի հայտ եկավ. մամուլում նրան մեղադրեցին ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Տարօրինակ զուգադիպությամբ Վիգեն Սարգսյանը հիշատակվել է նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Հանս Յոհան Շմիդտի՝ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում: Այնտեղ դեսպանը նշել է, թե Հայաստանում հետաքրքիր էր նաեւ նախընտրական պայքարում երիտասարդ մարդկանց տեսնել: «Նախագահականի աշխատակազմի ղեկավարը նույնպես մասնակցել է նախընտրական արշավին»,-ասել է նա՝ դրական համարելով երիտասարդների՝ քաղաքականությամբ հետաքրքրված լինելու հանգամանքը: Թե ինչու է Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շեշտել հենց Վիգեն Սարգսյանի հանգամանքը, երբ նրա նման նաեւ այլ գործիչներ էին ընդգրկվել ՀՀԿ ցուցակում ու հետո ինքնաբացարկ հայտնել, մնում է միայն կռահել:
ԻՆՉՈ՞Ւ Է ԳԱԼԻՍ ՔԼԻՆԹՈՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ