ԳՈՐԾԱԴՈՒԼ
Երեւանի «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները մայիսի 31-ի առավոտից գործադուլ են սկսել: armlur.am-ի տեղեկացմամբ՝ նրանք պահանջում են դադարեցնել փողոցում առեւտրային կրպակների կառուցումը: Առեւտրականները մտահոգված են, որ եթե այդ կրպակները կառուցվեն, իրենք անգործ կմնան, քանի որ մեքենաներն այդ հատվածով են գալիս «Փեթակ»: Նրանք վճռական են տրամադրված եւ նշում են, որ գործադուլը կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանից համապատասխան պաշտոնյաներ գան եւ խոստանան, որ տաղավարները չեն կառուցվելու:
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կապանի Շահումյան փողոցի շենքերից մեկում՝ սեփական բնակարանում, հայտնաբերվել է 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Կապանի ոստիկանությունից տեղեկացրել են, որ 85-ամյա ծերունուն խոշտանգել եւ սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված 29-ամյա Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է Կարենին բերման ենթարկել Երեւան քաղաքից: Սպանվածի հարազատները պատմել են, որ Հրանտ Ծատուրյանը ստացել է դանակի 20 հարված, որից հետո Կարենը կտրել է նրա կոկորդը, հանել է հագուստը եւ հետքերը մաքրելով՝ փախել:
ՊԱՇՏՈՆ` ՀԱԿ-ԻՆ
Henaran.am-ի տեղեկացմամբ՝ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ՀԱԿ-ը մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալի պաշտոնն է ունենալու: Բնականաբար, դա արվում է բանաձեւով, եւ հայտնի չէ, թե ՀԱԿ-ին որ հանձնաժողովը բաժին կընկնի: Սակայն արդեն իսկ հայտնի է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում լինելու է Գագիկ Ջհանգիրյանը, իսկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում` Հրանտ Բագրատյանը:
«ԴՀՈԼ»-ԻՑ ՍԹԱՓՎԵԼ Է
ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը, պատասխանելով 7or.am-ի հարցին, թե «երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, նրա լա՞վն էր ուզում», ասել է. «Անշուշտ, դրանք սթափեցնող արտահայտություններ էին։ Սերժ Սարգսյանն ինձ է քննադատել, ես իրեն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում եւ ոչ միայն բարեկամություն ենք անում, այլեւ ես, ի հեճուկս մեծարգո պարոն Ռոբերտ Քոչարյանի, գտնվում եմ Ազգային Ժողովում: Ջերմ բարեւներ Ռոբերտ Սեդրակիչին: Եւ խնդրում եմ՝ հուշե՛ք, որ չխանգարի Ազգային Ժողովի բնականոն աշխատանքներին, իր գնացքը գնացել է»:
ՄԵՐԺԵՑ
Սահմանադրական դատարանը երեկ մերժեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ հայտարարելու մասին ՀԱԿ-ի դիմումը: ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ մայիսի 13-ի որոշումը։
ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ՂԵԿԱՎԱՐ
ՀԱԿ խմբակցության անդամների որոշմամբ՝ խմբակցության ղեկավար է ընտրվել ՀԱԿ նախկին համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար: