Այս տարվա հունվարի 17-ին Արաբկիրում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի խանութ-սրահի մոտ հնչած կրակոցների գործը դատարան է մտել առանց հայտնի մարդկանց որդիների անունների, որոնք դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էին որպես հրազենով կատարված խուլիգանության կասկածյալներ:
Ավելին, նույնիսկ մեղադրականում նոր ի հայտ եկած մեղադրյալներին առաջադրված մեղադրանքներն են փոխված, դրանք կարծես թե չեն համապատասխանում եւ չեն բխում գործի այն հանգամանքներից, որոնք ներկայացվել էին դեպքից հետո՝ ոստիկանության եւ լրատվամիջոցների հայթայթած տեղեկությունների հիման վրա: Հիշեցնենք, որ դեպքի հաջորդ օրը ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «ՆԻԿՕ» ՍՊԸ նախագահ 54-ամյա Աշոտ Նահապետյանը ոստիկանություն էր դիմել եւ հայտնել, որ հունվարի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, մի քանի երիտասարդներ փորձել են մտնել Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո երիտասարդները սրահի դիմաց վիճաբանել են իր եղբորորդու` Էդգար Նահապետյանի հետ, իսկ 10 րոպե անց հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով վնասվել են սրահի պատուհանի ապակիները:
Կրակոցների հետեւանքով նույն օրը՝ ժամը 18:45-ին, «ձախ ոտքի ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր դիմել 23-ամյա Տիգրան Հակոբյանը: Կրակոցները հնչել էին տարբեր տրամաչափի զենքերից: Լրատվամիջոցներում միանգամից տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպը տեղի է ունեցել «ՆԻԿՕ» կահույքի սրահի տիրոջ եղբոր՝ Արմենի որդի 19-ամյա Էդգարի եւ Davidoff ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ավերս» ընկերության սեփականատիրոջ 18-ամյա որդու միջեւ, սակայն այդ «ռազբորկայի» մոտ 50 մասնակիցների մեջ, ըստ լուրերի, եղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, Լիդեր մականվամբ Հովհաննես Վարդանյանի որդին: Նախնական տեղեկություններով՝ միջադեպի նախօրեին ԵՊՀ-ում նշված անձանց միջեւ տեղի էր ունեցել վեճ, որը ծագել էր աղջկա պատճառով: Իսկ հունվարի 17-ին կողմերը եկել էին հաշտվելու, ինչը, փաստորեն, չէր ստացվել:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը մեկին հայտնել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, այլ առիթով եղել էր Արաբկիրի ոստիկանությունում: Լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե լսել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Լիդերի՝ Հովհաննես Վարդանյանի որդին էլ է եղել միջադեպի մասնակից, ու նրան էլ են բերման ենթարկել: Պատգամավորը դա ժխտել էր՝ ասելով. «Իրա որդին չի եղել: Ես հարցրել եմ: Իրանք այդ տեղին շատ մոտ են ապրում: Շենքի բակում հավաքված են եղել, եկել սաղին տարել են բաժին, հարցուփորձ են արել»:
Այդուհանդերձ, հունվարի 19-ին ձերբակալվել եւ ժամանակավոր պահման մեկուսարան էին տեղափոխվել Նարեկ Մանվելյանը եւ Էդգար Նահապետյանը: Դեպքի օրը Նարեկը վիճաբանել էր Էդգարի հետ, որի ընթացքում Նարեկը իր մոտ եղած «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակից կրակել էր եւ դիմել փախուստի, իսկ ավելի ուշ գնացել բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Լրագրողական հարցումների ընթացքում տեղի բնակիչները պատմել էին, որ վեճից հետո կրակել են միմյանց վրա, այնուհետեւ խանութից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող արծաթագույն «Լեքսուս» ավտոմեքենայից դուրս էր եկել մի երիտասարդ, մեքենայից հանել իր մոտ եղած զենքը եւ այն դնելով «կապոտի» վրա` կրակ բացել տարբեր ուղղություններով:
Իսկ ահա դեռ նոր դատարան մտած գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ մեղադրյալները երեքն են՝ 46-ամյա Վարդգես Դավթյանը, 43-ամյա Կլիմենտ Ադամյանը եւ 24-ամյա Էդուարդ Խաչատրյանը: Նրանցից Վ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել 116 հոդ. 2-րդ մասի, 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով. նա իր ապօրինի հրազեն հանդիսացող ատրճանակով դիտավորությամբ 3 անգամ կրակել է Տիգրան Հակոբյանի ոտքերի ուղղությամբ եւ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Կլիմենտ Ադամյանը մեղադրվում է (113 մաս 2 կետ 6) այն բանում, որ իր որսորդական ողորկափող մեկփողանի ինքնալից հրացանից դիտավորությամբ 1 անգամ կրակել է Արտյոմ Տեր-Սարգսյանի ոտքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Էդուարդ Խաչատրյանը մեղադրվում է (185 մաս 2 կետ 1, 235 հ մաս 1) այն բանում, որ իր ապօրինի հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակով դիտավորությամբ 4 անգամ կրակել է «ՆԻԿՕ» խանութ-սրահի ցուցափեղկերի վրա՝ վնասելով դրանք եւ հեռուստացույցը:
«ՆԻԿՕ»-Ի ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԱՌԱՆՑ «ԷԼԻՏԱՐ» ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ