ՄԻ ՓՈՔՐ ԺԱՄԱՆԱԿ` ՆՈՐԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 5-րդ գումարման ԱԺ-ն հրավիրեց առաջին նիստը: Մի շարք պատգամավորների համար սա նաեւ օրենսդիր գործունեության առաջին օրն էր: Նրանց շարքում է ՀՅԴ  համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր, «Գրանդ քենդի» ընկերության նախկին տնօրեն Արմեն Բաբայանը: Լրագրողները խնդրեցին պատգամավորին պատասխանել մի քանի հարցի:
-Պարո՛ն Բաբայան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Դուք գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունում ընդգրկված էր «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը: Այս անգամ պարոն Վարդանյանը որոշեց չառաջադրվել, քանի որ նա՝ որպես խոշոր գործարար, ունի բազմաթիվ ծրագրեր` կապված արտադրության ընդլայնման ու նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Բայց հաշվի առնելով, որ Կարեն Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր ուներ նաեւ օրենսդիր դաշտում, որոշվեց, որ ես առաջադրվեմ որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվելու դեպքում փորձեմ իրականացնել այդ ծրագրերը:
-Օրենսդրական գործունեության ո՞ր ոլորտի մասին է խոսքը, եւ որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները:
-Ես իմ աշխատանքը պատկերացնում եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հույս ունեմ, որ երկրի ամենախոշոր արտադրական ընկերության տնօրենի պաշտոնում իմ երկարամյա աշխատանքային փորձն ինձ կօգնի խորհրդարանում աշխատել ի նպաստ տեղական արտադրության եւ հայրենի տնտեսության զարգացման: Սա է լինելու իմ գործունեության առաջնահերթությունը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՀՅԴ ցուցակի երկու անդամների ինքնաբացարկի արդյունքում Դուք տեղ ստացաք ԱԺ-ում:
-Կարծում եմ՝ դա ես չպետք է մեկնաբանեմ: Դա եղել է ՀՅԴ կուսակցության որոշումը: Իմ կարծիքով՝ կուսակցությունն այդ որոշումը կայացրեց` առաջնահերթությունը տալով երկրի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը նաեւ օրենսդարական դաշտում: Եւ ես ամենայն պատասխանատվությամբ պատրաստ եմ իմ գիտելիքներով ու տարիների կուտակած փորձով միանալ իմ գործընկերներին, մասնավորապես Արծվիկ Մինասյանին, եւ ակտիվորեն մասնակցել տնտեսական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական գործունեությանը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն ընդդիմադիր խմբակցության կազմում:
-Անկախ այն բանից` ընդդիմադիր, թե իշխանական դաշտում է, յուրաքանչյուր պատգամավորի գերխնդիրը պետք է լինի աշխատել ի նպաստ երկրի բարօրության,  առաջընթացի եւ պետության ու քաղաքացիների շահերի:
-Որոշե՞լ եք, թե որն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:
-Քանի որ այսօր (երեկ-Լ.Ա.) իմ պատգամավորական գործունեության առաջին օրն է, չեմ ուզում ժամանակից առաջ անցնել ու խոսել ապագա ծրագրերի մասին: Եթե մի փոքր ժամանակ տաք աշխատելու, հավատացնում եմ, որ կգա նաեւ արվածի մասին խոսելու ժամանակը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս