Շենքը մի օր հողին կհավասարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի Լեն-հանքերի թիվ 7 շենքի բնակիչները 2004-ից մինչ օրս տարբեր գերատեսչական դռներ են բախում: Հույսները վերջնականապես կորցրած՝ մոռացված ու անտեսված շենքի բնակիչներն օգնության խնդրանքով դիմել են «Ժողովուրդ»-ին` ահազանգելով, որ շենքը շուտով հողին կհավասարվի:

Թաղամաս հասնելուն պես, ի զարմանս մեզ, առաջինը մոտեցան հենց առաջին հարկի բնակիչները: Մինչդեռ խնդիրն անմխիթար վիճակում գտնվող տանիքին էր վերաբերում:

Ծնունդով գյումրեցի Սաթենիկ Հակոբյանը խնդրեց տուն մտնել ու սեփական աչքերով տեսնել բնակարաններում ստեղծված պատկերը: Խոնավությունը ստիպում էր տան մուտքից արդեն հետ դառնալ.« Ե՛կ, տե՛ս, աղջիկ ջա՛ն, ես այս տանը չոր անկողին մտած չկամ»,- բողոքեց տիկին Սաթենիկը:

Պարզվեց` երեքհարկանի շենքի տանիքի ճաքերն այնքան են մեծացել, որ խոնավությունը ներծծվել է մինչեւ առաջին հարկը: Տիկին Սաթենիկի ամուսինը խողովակներ է անցկացրել, որ գոնե այդ կերպ խոնավությունը դուրս հանի տանից:
Սակայն տեղումների ժամանակ հատկապես վերջին հարկում բնակվողներն անելանելի վիճակում են հայտնվում: «Տարին կլոր ամաներն ու տարաները տանիքից չեն պակասում: Կաթոցն էլ ամբողջ գիշեր գլխիս մեջ է: Միեւնույն է՝ այլեւս օգուտ չկա: Մեր նյարդերի հաշվին ենք ապրում: Հերթական անգամ քաղաքապետարան էինք դիմել ընդունելության օրը, ու կրկին նույն պատասխանը՝ ձեր տանիքը նորոգելը 10 մլն դրամ արժի, ֆինանս չկա, լինի, կանենք»,-ներկայացրեց տիկին Անահիտը` հավելելով. «Եթե ժամանակին նորոգեին, ծախսերն այսքան չէին մեծանա: Քար առ քար շենքը թուլանում է, իսկ հիմքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Չգիտես՝ նորոգե՞ս տունդ, թե՞ սպասես, բայց ինչի՞ն»:

Քաղաքից հեռու այս թաղամասում մարդիկ ապրում են մեկ ընտանիքի պես: Նրանց բոլորի խնդիրը եւս մեկն է՝ այնպես անել, որ մարզային եւ քաղաքային իշխանությունները, ականջալուր լինելուց բացի, նաեւ լուծման գործուն տարբերակներ առաջարկեն: Այլապես մի օր ստիպված կլինեն դրսում գիշերել:

Հերմինե Միքայելյան
Կապան




Լրահոս