Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ՀՀ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային ուղիներ փնտրել: Եվ արդյունքում` ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց` ՀՀ տասնյակ բնակավայրերում 21-րդ դարում էլ մարդիկ մնում են փայտի ու աթարի հույսին:
Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ` բոլորը, նորից անցել են փայտ վառելուն: Անգամ Երեւանում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք գերադասում են փայտ վառել: Իսկ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահապետական վիճակ է տիրում. մարդիկ նորից աթար են վառում, ինչն ավելի էժան վառելիք է:
Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք: Իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլեւս չեն կարող իրենց թույլ տալ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տարբեր մարզերի գյուղապետերի հետ: ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում ձմեռը երկար է տեւում. այն սկսվում է հոկտեմբերից եւ ձգվում է մինչեւ մայիս: Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանի խոսքով՝ գյուղը տեւական ժամանակ է, ինչ գազաֆիկացված է, սակայն բնակիչներն այն գրեթե չեն սպառում: «Մեզ մոտ ձմռան ամիսները ցուրտ են լինում: Նրանք ստիպված աթար են վառում, որ տաքանան: Մեզ մոտ նույնիսկ փայտ չկա: Գյուղի մոտ 5 տոկոսն է միայն գազով իրենց տները ջեռուցում, բայց այն էլ՝ մի քանի օրով: Հետո նորից անցնում են աթարին: Ամբողջ տարին աթար են հավաքում, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին յոլա գնալ»,- ներկայացրեց գյուղապետը:
Գորայք համայնքի ղեկավարի պատմելով՝ իր համագյուղացիների մեծ մասը նույնիսկ աթարի վաճառքով է զբաղված: «Ե՛ւ մեր գյուղի բնակիչներին են վաճառում, ե՛ւ հարեւան համայնքի: Օրինակ՝ տավարի աթարի մեկ խորանարդ մետրը 3.000 դրամով են վաճառում, ոչխարինը՝ 8.000 դրամով: Ե՛ւ էժան է, ե՛ւ ավելի լավ է վառվում ու տաքացնում: Իսկ փայտի մեկ խորանարդ մետրը 22 հազար դրամ է: Բնականաբար, մարդիկ ո՛չ գազից են օգտվում, ո՛չ էլեկտրաէներգիայից եւ ո՛չ էլ՝ փայտից»,- նշեց գյուղապետը:
Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքի բնակիչները նույնպես գազի սակագնի բարձրացումից հետո գազ չեն սպառում: Նրանց մի մասն աթարով է ջեռուցում իրենց բնակարանները, իսկ մի մասն էլ՝ փայտի վառարաններով: «Եթե մեր իշխանությունները գազի սակագինը կրկին բարձրացնեն, ապա մարդիկ նույնիսկ իրենց կերակուրները եփելու համար գազ չեն սպառի: Մինչեւ ժողովրդի սոցիալական վիճակը չկարգավորվի, եւ մեր վճարունակությունը չբարձրանա, մենք չենք կարող մարդավայել ապրել: Այս պահին գազի սակագինն այնքան բարձր է, որ այն միացնելուց առաջ մտածում ենք՝ արժե միացնել, թե ոչ»,- վրդոված նկատեց Չքնաղի համայնքապետ Վանյա Դավթյանը:
Սերժ Սարգսյանի ծննդավայրում՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, մարդիկ նույնպես դժգոհում են գազի բարձր սակագնից: Գյուղապետ Սաղաթել Գալստյանի խոսքով՝ բնակիչները ստիպված են փայտ վառել, քանի որ վճարունակ չեն: Իսկ ահա Արմավիրի մարզի մի շարք համայնքներում բնակիչները ո՛չ գազ են կարողանում սպառել, ո՛չ էլ՝ էլեկտրաէներգիա. նրանք իրենց բնակարանները ջեռուցելու համար օգտագործում են այսպես կոչված «թեփ», որը գոյանում է փայտից:
Ի դեպ, Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական գազաբաշխիչ ընկերության տվյալներով՝ 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում 1.865-ով աճել է բնական գազ սպառողների թիվը: Ըստ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի՝ 2014 թ. ապրիլի 1-ին Հայաստանում իրական բաժանորդների թիվը եղել է 652.360:
Հ.Գ. Հիշեցնենք, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիոն իշխանության մաս էր կազմում, եւ գազի սակագինը բարձրացնելու մասին որոշումն էր քննարկվում, այդ ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեր հայրենակիցներին առաջարկեց աթար վառել: Փաստորեն` նրա առաջարկն իրականություն դարձավ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ