Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի քննարկումը: Հանձնաժողովը պետք է՝ որոշեր քառօրյայում այս հարցի քննարկման ժամանակ իրենք հանդես կգան հարակից զեկուցմամբ, թե ոչ: Այս հարցի շուրջ հանձնաժողովում տարբեր կարծիքներ եղան:
«Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքն ի սկզբանե ցանկանում էր, որ այս հանձնաժողովը լիներ գլխադասային, այլ ոչ տնտեսական հանձնաժողովը: Նա առաջարկեց հանդես չգալ հարակից զեկուցմամբ:
«Ավելի լավ է ընդհանրապես զեկույցով հանդես չգանք, շառից, փորձանքից հեռու: Ես չեմ կարծում, որ մենք կես ժամում կարող ենք կարծիք հայտնել այս կարևոր հարցի շուրջ», – ընդգծեց Արզումանյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, եթե պետք է հարակից զեկուցմամբ հանդես գալ, նշանակում է, պետք է լիարժեք քննարկում լինի: Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ եթե որոշվի հարակից զեկուցմամբ հանդես գալ, ապա համապատասխան քննարկումները կկազմակերպվեն:
«Ես էլ եմ միանում իմ գործընկներների խոսքին:Մենք ոչ կհասցնենք հասկանանք ինչի մասին է խոսքը, քանի որ չենք կարող լիարժեք հասկանալ, պետք չի բոբիկանալ: Կստացվի, որ այսօր հանդես է գալիս հարակից զեկուցումով, բայց երեք անդամ այլ տեսակետ ունեն, պետք չի հանձնաժողովի անունից հանդես գալ», – նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Այլ տեսակետ ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է քննարկել արտաքին ոլորտի հետ կապված հարցներն ու հանդես գալ հարակից զեկուցմամբ: Նա առաջարկեց քննարկում կազմակերպել երկուշաբթի առավոտյան:
«Ինչու ենք մեզ կոտորում տենց, խի պետքա երկուշաբթի առավոտ, էտ ինչ խնդիրա դրված, որ անպայման պետքա մեկը հելնի ասի, որ պաշտպանում են: Արտաքին քաղաքականության հետ կապ չունի, տնտեսականա, թող հավաքվի տնտեսական հանձնաժողովը, որոշի, սա ավելի շատ ներքաղաքական հարցա դարձել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և որոշվեց, որ հանձնաժողովը հանդես կգա հարակից զեկուցմամբ: