«Գյումրի» կայարանի հետ համատեղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ուսումնավարժանքներ իրականացրեց Շիրակի մարզի Բայանդուր գյուղի կայարանում:
Շիրակցի փրկարարները երկաթուղայինների հետ միասին նախ իրականացրին կազմակերպված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքներ: Պահեստային մասից, որտեղ տարածվել էր կրակը, փրկարարները դուրս բերեցին ենթադրյալ տուժածներին, ապա գնացքի «ռելսերից» դուրս եկած եւ վթարված վագոնները տեղափոխվեցին, իսկ ներսում մնացած ենթադրյալ ուղեւորներին տարհանեցին: Հրդեհը հանգցրին 15 րոպեում:
Մասնագետների գնահատմամբ՝ գերխնդիրն այսօր միասնական եւ համակցված արդյունավետ աշխատանքի կազմակերպումն է. փրկարարների եւ երկաթուղայինների համատեղ ուսումնավարժանքն ընդհանուր հաշվով ստացվեց: Ի՞նչն է պակասում հայ փրկարարներին, որպեսզի նրանք ավելի օպերատիվ գործեն, միջազգային ստանդարտներին համապատասխանող որակավորում ձեռք բերեն: Մարզային վարչության պետ Մարատ Սարիբեկյանը կարծում է, որ հայ փրկարարներին խեղճացնողը միայն տեխնիկական միջոցներն են, իսկ արիությունը, ըստ վարչության պետի, այնքան է, որ երբեմն լրացնում է նաեւ տեխնիկական բացը: «Դուխով առաջնային ենք, իսկ տեխնիկական հարցերը` կամաց-կամաց: Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել: Բնական է, որովհետեւ նոր ստեղծված նախարարություն ենք»,-շեշտեց վարչության պետը:
Հարկ է նշել, սակայն, որ ասված «կամաց-կամացը» սպասվածից ավելի է դանդաղում, որովհետեւ տարիներ շարունակ կառույցում դժգոհել են մաշված տեխնիկայից, ծակված խողովակներից եւ լուրջ մասնագիտական ներուժի պակասից: Վառ օրինակը ջրասուզակների խնդիրն է: Եթե որեւէ դժբախտ պատահար, ջրահեղձման դեպք է տեղի ունենում մարզում, ժամեր շարունակ ստիպված են սպասել, թե երբ, ասենք, Սեւանից կամ մայրաքաղաքից ջրասուզակները կժամանեն մարզ: Իսկ ժամանումը, բնականաբար, միշտ ուշացումով է լինում: Եղել են դեպքեր, երբ դին ջրից դուրս է բերվել ուշ գիշերին: Զոհի հարազատները ժամեր շարունակ ստիպված են եղել սպասել մասնագետների ժամանելուն:
Այս կապակցությամբ Մարատ Սարիբեկյանը նշեց. «Լոդկեն էլ եմ արդեն բերել, սուզակի հանդերձանքն էլ կա, պարզապես սուզակի պակաս ունեմ: Եթե կա մի հատ սուզակ, ուրախությամբ կընդունեմ»: Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ կոճակը գտնելով` միամիտն ուրախանում է, թե մնաց «պալտոն»…
Գյումրի