Մակարավանքի շրջակայքից արժեքավոր 7 խաչքար շուրջ մեկուկես տարի անօրինական կերպով գտնվում էին քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ընկերության տարածքում: Տավուշի մարզի լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակի կողմից հանրապետական մամուլում սուր հրապարակում-պահանջներից հետո՝ մի քանի օր առաջ, այդ խաչքարերը պահպանության են տրվել Պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության (ՊՄՊ) Տավուշի մարզային ծառայությանը եւ տեղափոխվել Մակարավանքի տարածք: Իսկ Մակարավանքի վիճակն անմխիթար է: 13-րդ դարի եկեղեցին անձրեւներից պաշտպանելու համար տանիքը տեղ-տեղ ծածկել են «ցելոֆանով»: Դա արել է Մակարավանքի խաչքավորը՝ Իջեւանի «Քարարտ» ընկերության տնօրեն Կարեն Գիշյանը: Մակարավանքը հիմնանորոգման կարիք ունի, հարկ է տանիքը բացել, խոնավությունից քայքայված սյուները փոխել եւ հոգեւոր կառույցի նորոգ ծածկ սարքել: Մայր Աթոռը, որի տնօրինության ներքո է գտնվում այս նշանավոր կառույցը, պետք է միջոցներ ձեռնարկի այն փրկելու համար, քանի որ կոթողն աստիճանաբար քանդվում է: Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ եւ բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին եւ կարեւոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:
Տավուշ