Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, եւ այդ առիթով այսօրվա մեր հյուրը երգչուհի ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ է: Փոքրիկ երգչուհին 6 տարեկանից սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական դպրոցում` վոկալի, դաշնամուրի եւ կիթառի բաժիններում: Հիմա սովորում է ջազ վոկալ երգչուհի Էմմա Ասատրյանի մոտ:
-Երգել շատ եմ սիրում: Երգարվեստն ինձ շատ հարազատ է: Դժվարություններ էլ երգի ասպարեզում հանդիպում են, բայց հաղթահարում ենք ու անցնում առաջ: Որ ճիշտն ասեմ, այս ոլորտից դեռ չեմ հիասթափվել ու հուսով եմ՝ չեմ էլ հիասթափվի, քանի որ ամեն ինչ լավ է ընթանում:
-Ընտանիքում կա՞ն երգիչներ:
-Ո՛չ, ոչ ոք չի երգում, միայն քեռիս է փոքր ժամանակ կիթառ նվագել, բայց ինքը ո՛չ երգիչ է, ո՛չ էլ երաժիշտ:
-Գիտեմ նաեւ, որ մայրիկդ ամեն հարցում կողքիդ է:
-Այո՛, մայրիկս միշտ իմ կողքին է, ինձ շատ է օգնում խորհուրդներով, ուժ է տալիս, ոգեւորում: Ու նաեւ շատ հոգատար է: Օրեր են լինում, երբ անչափ հոգնած եմ լինում ու չեմ կարողանում գնալ պարապմունքների, մաման այդ հարցում էլ ինձ չի ստիպում, գիտի, որ շատ ծանրաբեռնված եմ, ասում է` դե լավ, կարող ես այսօր հանգստանալ:
-Կա՞ մեկը, ով քեզ օգնում է ֆինանսական հարցերում:
-Հովանավոր չունեմ, հիմնականում մայրիկս է զբաղվում այդ հարցերով: Հագուստ, տեսահոլովակ ու մնացած հարցերում ծախսերը հոգում է ընտանիքս: Իմ մեջքի հետեւում մի ամբողջ ընտանիք է կանգնած:
-Քույր, եղբայր ունե՞ս:
-Չէ՛, միայնակ եմ, բայց շատ ընկերներ ունեմ, ծանոթներս ավելի շատ են: Ընկերասեր եմ, սիրում եմ շփվել, ամեն տեղից էլ ընկերներ ունեմ` դպրոցից, պարի, երգի տեղից…
-Իսկ շոու բիզնեսից ունե՞ս ավագ ընկերներ:
-Այո՛, շատ կան, բայց չեմ ուզում առանձնացնել: Շոու բիզնեսից մի քանի պրոֆեսիոնալ մասնագետներ ինձ իրենց կարծիքն են ասել, որը ես հաշվի եմ առել ու աշխատել եմ այդ ուղղությամբ:
-Դու նաեւ մասնակցեցիր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին: Ի՞նչ տվեց քեզ այդ մրցույթը:
-Շատ մեծ բեմական փորձ, աշխատեցի տարբեր պրոֆեսիոնալ մասնագետների հետ, շփվեցի տարբեր ազգերի երեխաների հետ եւ ծանոթացա իրենց մշակույթին, ոմանց հետ կապ եմ պահել, շփվում ենք «Ֆեյսբուք»-ով: Մրցույթից հետո ես մեծ ճանաչում ձեռք բերեցի Եվրոպայում, սփյուռքում: «Եվրատեսիլ»-ն ինձ շատ-շատ դրական բաներ տվեց:
-Իսկ հայաստանցի հասակակից երգիչների հետ ընկերություն անո՞ւմ ես: Ա՛յ, ասում էին, որ Լիդուշիկն ու Դալիթան իրար մրցակից են ու նույնիսկ չեն խոսում միմյանց հետ:
-Նման բաներ չկան, ես բոլորին լավ եմ վերաբերվում: Նրանց թվում է նաեւ Լիդուշիկը, ում հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես կարծում եմ՝ մեզանից ամեն մեկը յուրօրինակ է, եւ մենք միմյանց հետ մրցելու բան չունենք:
-Վերջերս նաեւ «Կարգին սերիալ»-ում նկարահանվեցիր:
-Այո՛, սկսել եմ «Կարգին սերիալ»-ում նկարահանվել: Ինձ շատ հաճելի է համագործակցել իրենց ստեղծագործական խմբի հետ:
-Եթե չեմ սխալվում, դու նաեւ Արտաշես Ալեքսանյանի դերասանական ստուդիայի սան ես: Հիմա էլ դերասանի վարպետությո՞ւն ես սովորում:
-Արդեն ավարտել եմ եւ հիմա ինձ ընդգրկել են թատերական խմբի մեջ, որտեղ ներկայացումներ եմ խաղում:
-Հիշո՞ւմ ես՝ երբ ես ստացել քո առաջին հոնորարը:
-Առաջին անգամ մեծ հոնորար եմ ստացել «Եվրատեսիլ»-ից հետո: Ճիշտ է, դրանից առաջ էլ եմ ստացել, բայց ոչ այդքան շատ:
-Ինչի՞ վրա ծախսեցիր այդ գումարը:
-Իմ կարիքների, չմոռացա նաեւ մայրիկիս էլ նվեր գնել:
-Իսկ առհասարակ հոնորարներ շա՞տ են լինում:
-Մեկ-մեկ լինում են, մեկ-մեկ չեն լինում, բայց ամենից շատ Նոր տարվա ընթացքում եմ վաստակում: Այդ ժամանակ հրավերներ շատ են լինում: Տարբեր տեսակի համերգներ միշտ էլ կան, կան նաեւ բարեգործական համերգներ, որոնց մեծ սիրով մասնակցում եմ:
-Ինչի՞ մասին ես ամենից շատ երազում:
-Երազանքներս շատ են, բայց ինչպես բոլորը, ես էլ եմ ցանկանում լինել հաջողակ եւ ձեռքբերումներ ունենալ:
-Ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում:
-Իմ կարգախոսն է` ամեն ինչ անել հույսով, հավատով ու սիրով: Նաեւ պետք է աշխատասեր լինես, որ հասնես քո ուզածին: Առաջնորդվենք հույսով, հավատով ու սիրով:
-Ինչպիսի՞ն ես պատկերացնում քեզ 10 տարի հետո, երբ արդեն կլինես 22 տարեկան:
-Չգիտեմ, չեմ կարող ասել, դե կապրենք, կտեսնենք:
-Երեխաների տոնի կապակցությամբ ի՞նչ կմաղթես:
-Սրտանց շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ցանկանում եմ՝ լինեն առողջ եւ երջանիկ: Ապրեն անհոգ մանկությամբ, խաղաղ երկնքի տակ եւ ունենան լավ ու փայլուն ապագա:
ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ