ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հարեւանուհուս թոռնիկը ծնված օրից լսողական խնդիրներ ունի (երեխային անգամ հաշմանդամության կարգ տվեցին): Փոքրիկն արդեն 4 տարեկան է, ուզում էին տանել մանկապարտեզ, բայց մանկապարտեզի տնօրինությունը չընդունեց՝ պատճառաբանելով, որ վերջինս հաշմանդամություն ունի: Տնօրենն իրավունք ունե՞ր այդ պատճառաբանմամբ մերժել:

Աննա Թաթիկյան, 62 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:
Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:
Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում նրանց ծնողների համաձայնությամբ այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է օգնություն՝ նյութական ապահովություն եւ արտոնություններ:
Համապատասխան կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:

«Ունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի բան պարզ է. հաշմանդամ երեխան նույնպես հասարակությանն ինտեգրվելու եւ այդ նույն հասարակության լիարժեք անդամը լինելու իրավունքն ունի:




Լրահոս