«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ձկնորսական տնակ եւ լճակներ, որի մեկնարկային գինը սահմանվել է 66 միլիոն 902 հազար դրամ: Այս պահի դրությամբ գնային առաջարկ չկա: Օրերս էլ աճուրդի էր հանվել անասնաֆերմա: Ինչպես հայտնի է՝ մինչ աճուրդի հանվելը գույքը պետք է գրավի առարկա եղած լինի: Այսինքն՝ տնտեսվարողները չեն կարողացել կատարել իրենց վարկային պարտավորությունները, եւ կորցնում են ունեցվածքը:
Սիսի գյուղապետ Արմեն Եղյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողն ինչո՞ւ է նման ծանր վիճակում հայտնվել: «Դրանք գործող լճեր են, ժամանակին նորմալ գործել են, բայց հետո գումարի հետ կապված խնդիրներ ունեցան, դրա համար էլ գրավադրեցին իրենց ունեցվածքը: Իրենք նույնիսկ գյուղապետարանին ունեցած հողի հարկը չեն մարել: Տերը մեր գյուղի բնակիչ չէ»,- տեղեկացրեց Սիսի գյուղապետը: