Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզում տեղաց առաջին ձյունը: Մարզի ճանապարհներն ընդհանուր առմամբ երթեւեկելի էին: Սակայն Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին՝ բարձունքի մոտ, կանգնած էին խոշոր բեռնատարներ: «Ֆուռերի» վարորդները չէին համարձակվում դեպի բարձունք առաջանալ, քանի որ թաց ձյան պատճառով բեռնված մեքենաները կարող էին սահել, ընկնել ձորը: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղին, որը ձգվում է բարձրադիր, լեռնային տեղանքով, ձմռան ամիսներին երթեւեկության համար խնդիրներ է առաջացնում: Ճանապարհը սառույցով պատվելու դեպքում բեռնատարները չեն կարողանում հաղթահարել լեռնային վտանգավոր, բազում ոլորաններով ուղին:
Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվել է 2001-2003 թվականներին: Տարիների ընթացքում ճանապարհը որոշ տեղերում անբարեկարգ եւ փոսառատ էր դարձել: Երկու տարի առաջ առանձին հատվածներում ասֆալտի ծածկի վերանորոգում կատարվեց:
Այդ ճանապարհը կառուցվեց անվտանգության նկատառումներով, շրջանցիկ ավտոճանապարհը սահմանի այդ հատվածում երթեւեկը պետք է զերծ պահեր ադրբեջանական գնդակոծություններից: Սակայն շրջանցիկ ուղին չլուծեց այդ կարեւոր հարցը: Բարձրադիր ճանապարհը եւ դրանով անցնող ավտոմեքենաները լավ տեսանելի են Օդնդաղ սարի փեշերին գտնվող ադրբեջանական դիրքերից: Բացի այդ՝ վարորդները դժգոհում են, որ ճանապարհը կառուցելիս ոլորանները «թարս» են սարքել: Դեպի ձախ ոլորաններում ճանապարհի ծածկը պետք է դեպի ձախ թեքություն ունենա, դեպի աջ թեքության դեպքում՝ աջ:
Սակայն ճանապարհաշինական տվյալ նորմը խախտվել է: Խորհրդային տարիներին գործող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը 4 կմ երկարություն ուներ: Իսկ ներկայիս Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհն ունի 11 կմ երկարություն: Կարելի է ենթադրել, թե ինչու են ճանապարհը «բարձրացրել» դեպի լեռները` այն 7 կմ-ով երկար դարձնելով. չէ որ ճանապարհի կառուցման ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն էր: Մինչդեռ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքում, հողապատնեշով պատված, ադրբեջանական գնդակոծությունից ապահով ճանապարհ կառուցել, որը կունենար 4-4.5 կմ երկարություն: Անցած 11 տարում շրջանցիկ ճանապարհով երթեւեկած հարյուր հազարավոր ավտոմեքենաներ հավելյալ վառելիք են ծախսել, ուղեւորներն էլ՝ ժամանակ եւ նյարդեր: