Թվում էր՝ 90-ականների մութ ու ցուրտ տարիների մասին հիշեցնող փայտե վառարաններն այլեւս պատմության գիրկն են անցել: Սակայն մինչ օրս էլ մարզկենտրոն Կապանում բազմաթիվ բնակարանների լուսամուտներից դուրս եկող խողովակներից շարունակում է ծուխ բարձրանալ:
Բնակիչներից ոմանք նախընտրում են ցրտաշունչ ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ գազի եւ էլեներգիայի սակագները տարեցտարի աճում են: Բացի այդ՝ փայտե վառարանի տաքությունը ոմանց համար անփոխարինելի է: «Կասկածելի որակի գազի վառարանն ու էլեկտրական տաքացուցիչները ի զորու չեն լիարժեք տաքացնելու սենյակները»,-իրար մեջ խոսում են կապանցիները: Քսանից-երեսուն հազար դրամ թոշակով գոյատեւող տարեցների համար էլեկտրաէներգիան ու գազը թանկ հաճույք են համարվում:
Ի դեպ, այս տարի թանկացել է նաեւ վառելափայտը՝ 1 խմ-ը նախկին 7.560 դրամից դարձել է 9.720 դրամ: «Դա կանգուն ծառն անտառում, այսինքն՝ ծառի վրա կարող է երկու, կարող է չորս մետր փայտ լինել: Դրան գումարվում է արդեն վառելիք, կտրող, բարձող»,-ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանը:
Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ համայքների բնակիչներին պետության կողմից անվճար թափուկ է հատկացվել: «Մեր աշխատողների կողմից թվով 150 տոմս գրվել է, մոտ 1.200 խմ ապահովվել է ազգաբնակչությանը` յուրաքանչյուր ընտանիքին ութ խորանարդ մետր անվճար թափուկ»,- ներկայացնում է Գ. Միրզոյանը:
Նկատենք, որ նման գնաճի դեպքում փաստի առաջ են կանգնում նաեւ վառելափայտի գնորդները: Իսկ սոցիալապես անապահով խավերին մնում է հաշվարկել ու ընտրել` որ տարբերակն է առավել մատչելի՝ փայտը, գազը, թե էլետրաէներգիան: Կամ էլ տնտեսել առողջության հաշվին:
Հերմինե Միքայելյան
Կապան