Կրակոցներ Տավուշի մարզի 3 գյուղերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունիսի 5-ին, ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Տավուշի մարզի միանգամից մի քանի  գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար) ուղղությամբ: NEWS.am  -ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշեց, որ կրակոցները մինչ այս պահը շարունակվում են եւ հիմնականում կրակում են “ԴՇԿ” տեսակի զենքով: “Կրակոցները հիմա էլ կան, արդեն 4 ժամ է, տուժածներ չկան: Հիմնականում ԴՇԿ-ով տների վրա են կրակում”,-ասաց նա: Գյուղապետը դժվարացավ խոսել վնասների մասին, նշելով, որ արդեն մութն ընկել է, իսկ վնասները կերեւան վաղը:
Նրա խոսքով Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցներ եղել են նաեւ երկու օր առաջ: Հավելենք, որ կրակոցների ձայնը լսելի էր նաեւ մեզ` գյուղապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ NEWS.am -ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեեւ իրենց գյուղի վրա եւս կրակում են, սակայն հիմնական կրակն այս պահին Այգեպար գյուղի ուղղությամբ է: “Հիմնական ուղղությունը Այգեպարի վրա է….բայց կրակոցները երբ են դադարում որ”,-ասաց նա: Գյուղապետի փոխանցմամբ, կրակոցներն սկսել են մոտ 2 ժամ առաջ: Այստեղ եւս, բարեբախտաբար, տուժածներ չկան: Կրակոցների հետ կապված  Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյան հայտարարել է, որ այս պահին ոչ մի տեղեկություն չի տրամադրի` պարզաբանելով. “Դուք ինտերնետով հենց նյութ եք տալիս, ադրբեջանցիները շատ արագ անդրադառնում են ու սկսում են կրակել: Ոչ թե մեզ համար լավ բան եք գրում, այլ վատ բան: Զանգեք ՊՆ, էնտեղից ճշտեք ամեն բանե: “Ամեն խնդիր էլ կա, ես չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետեւ հիմա այստեղ իրավիճակը ուրիշ ձեւ է, քան դուք պատկերացնում եք, չեք էլ պատկերացնում”,- ասաց նա:




Լրահոս