Երեկ Արարատում ինքնասպանություն գործած 34-ամյա Մամիկոն Հարությունյանը էմոցիոնալ բնավորությամբ և արագ բռնկվող անձնավորություն է եղել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը, ում փոխանցմամբ՝ ամենաչնչին խոսքից էլ Մ. Հարությունյանը կարող էր հունից դուրս գալ, վիրավորվել դիմացինից: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է Մամիկոն Հարությունյանին որևէ մեկը վիրավորած լինի, ինչն էլ նրան կդրդեր ինքնասպանության, գյուղապետը նշեց, որ չի բացառվում, որ նրան ճիշտն ասած լինեին, սակայն սխալ ընկալեր և նման քայլի գնար:
«Թե ինչը նրան նման քայլի դրդեց, չեմ կարող ասել: Աշխատում էր, պահում էր ընտանիքը: Տարիներ առաջ իրար հետևից հայրն ու մայրը մահացան, մեծ սթրես տարավ: Միգուցե դա ևս իր ազդեցությունն է ունեցել»,- հավելեց գյուղապետը: Վերջինս հայտնեց նաև, որ Մ. Հարությունյանն աշխատում է Մասիսի տարածաշրջանի Արբաթ գյուղում, որտեղ էլ ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս գյուղում նա ինչ-որ մեկի տանն էր աշխատում, անասնապահությամբ էր զբաղվում: Նա ամուսնացած էր, երեք անչափահաս երեխա ուներ, որոնցից կրտսերը 5 տարեկան է:
Մամիկոն Հարությունյանի ինքնասպանության հանգամանքներն ու դրդապատճառները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: