Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի նիստը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացրեց վարչության պետ Վ. Վարդանյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում նախարարության կայքի բոլոր լեզուների բաժիններում կատարվել է շուրջ 90 կառուցվածքային փոփոխություն, կայքը համալրվել է 2.800 նոր նյութերով: Համապատասխան ձևաչափի է բերվել և տեղադրվել է նախարարության գործունեությանն առնչվող 3.500 լուսանկար:

Կայքը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2013 թվականի N 1521 – Ն «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» որոշման պահանջներին:

Զեկուցողը կարևորեց կայքում կատարված տեխնիկական թարմացումները և բովանդակային շտկումները, ինչի արդյունքում վերացվել են առկա թերությունները, վերընթերցվել և խմբագրվել են եղած նյութերը:

Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման նպատակով մշակվել և գործարկվում է ծրագիր՝ տվյալների համապարփակ էլեկտրոնային շտեմարան, որտեղ ամբարվում են Սփյուռքի համահայկական և տարածաշրջանային կառույցների, ան¬հատների և տեղեկատվական ռեսուրսների մասին լիարժեք տեղեկու¬թյուններ ու տվյալներ: Հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ նորացվել և գործարկվում է «Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» www.armdiasporamuseum.com կայքը: Համացանցում առկա հայերեն գրականությունը և հայալեզու ուսումնական և գիտահանրամատչելի նյութերի քանակության բացը լրացնելու նպատակով մշակվել և գործարկվում է սփյուռքի նախարարության «Էլեկտրոնային գրադարան» նախագիծը ( www.lib.mindiaspora.am):

ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակություն հայտնեց տեխնիկական բաժնի աշխատանքից, հանձնարարականներ տվեց վերլուծական աշխատանքները ակտիվացնելու և առավել թիրախային դարձնելու ուղղությամբ:

Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի «Մեր Մեծերը» ծրագրում ընդգրկվող անունները հաստատելու մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը: Որոշվեց 2015թ. «Մեր Մեծերը» ծրագրում ընդգրկել Անդրանիկ Օզանյանի (150-ամյակ), Դանիել Վարուժանի (131-ամյակ), Համաստեղի (120-ամյակ), Փանոս Թերլեմեզյանի (150-ամյակ) անունները: ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությամբ այդ անուններին ավելացավ միսիոներներ-արդարներ հավաքական անունը:

2015 թվականի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրամադրվելիք գիտական և գիտակրթական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների վերաբերյալ զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ. Արշակյանը:

Ներկայացված թեմաները հաստատվեցին ատյանի կողմից:

Ամփոփելով նիստը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նոյեմբերին կատարված աշխատանքները, նախանշեց առաջիկա անելիքներն ու 2015թ. ծրագրերը:




Լրահոս