Երեկ` Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը և դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: Այսպիսով` ԱՄՆ դեսպանը պարզապես դիվանագիտական ապտակ է հասցրել Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին: Բայց խայտառակությունը դրանով չի ավարտվել: Մայրաքաղաքի փնթի վիճակը հավանաբար այնքան է զայրացրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, որ նա ամերիկյան իր հայտնի ժպիտով ,աղբահավաքությանըե զուգահեռ նաև շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին աջակցության համար: “Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք… Երևանը շատ գեղեցիկ քաղաք է` բազմաթիվ լավ տեղանքներով և մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել` այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով”,-նշել է Ջոն Հեֆֆերնը` ուղղակի կշտամբելով մեր քաղաքապետին: Այսպիսի մեծ ապտակ մեկ էլ Սերժ Սարգսյանն էր հասցրել Տարոն Մարգարյանին` Մաշտոցի պուրակում հայտարարելով թե “Տարոն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ կրպակները գեղեցիկ չեն”: Ի դեպ, դեսպանը երեկ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ` տուգանքներ:
Ժողովուրդ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը դիվանագիտական ապտակ է հասցրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ