Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 26-ին հրապարակել է պարզ ընթացակարգով ծառայություններ ձեռք բերելու մասին հայտարարություն: Փաստաթղթի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Երեւան հիմնադրամի» միջոցներով Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել իր աշխատակիցների համար Ամանորյա տոնակատարության կազմակերպման միջոցառում:
Մասնավորապես միջոցառումներից մեկը պետք է կազմակերպվի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում` ռեստորանային համալիրում, 200 հոգու համար ամանորյա տոնակատարություն: Շենգավիթ վարչական շրջանում ռեստորանային տոնակատարությունը պետք է կազմակերպվի 600 հոգու համար: Նոր Նորքում եւս պետք է 600 հոգու համար ռեստորանային տոնակատարություն կազմակերպվի: Սակայն Նոր Նորքի պահանջների մեջ կա մեկ այլ ուշագրավ պահ: Տոնակատությանը պետք է մասնակցեն՝ «Հաղորդավարներ՝ Ֆելիքս Խաչատրյան եւ Գայանե Ասլամազյան, երգիչ-երգչուհիներ՝ Ռազմիկ Ամյան, Լիաննա Ալավերդյան, Էրիկ, Արսեն Սաֆարյան, «Վիտամին» ակումբի մասնակցությամբ կես ժամյա զվարճալի շոու ծրագիր»:
Նույն հայտարարության շրջանակներում նախատեսվում է նաեւ ձեռք բերել «Ամանորյա ձեւավորման» ծառայություններ՝ «Գայի պողոտայի ձեւավորում նեոնային լույսերով՝ 2.150 հատ (կապույտ եւ սպիտակ գույներ), 10 մետրանոց, 100 լամպով, Դավիթ Բեկ փողոցի ձեւավորում նեոնային լույսերով՝ 250 հատ (գունավոր), 10 մետրանոց, 150 լամպով, 2.000մ էլ.հաղորդալար, 5 հատ եղեւնի (3 մետրանոց), ցանց-լույսեր եղեւնիների ձեւավորման համար (15 հատ, կապույտ լույսերով)»:
Դեռեւս պարզ չէ, թե Երեւանի քաղաքապետարանը համայնքային գումարներից որքան է ծախսելու իր աշխատակիցների կերուխումի համար: Թիվը հայտնի կդառնա դեկտեմբերի 6-ին, երբ կբացվեն առաջարկված հայտերը եւ կկնքվի պայմանագիրը:
Լուսանկարը ` Armenpress-ի