Խուսափողականությունն ու խոչընդոտներ ստեղծելը` գործելաոճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերջին շրջանում դարձել է մի քանի մամուլի խոսնակների ամենասիրելի իրավական փաստաթուղթը: Այդ խոսնակները նշված օրենքն օգտագործում են լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելու կամ առնվազն ժամանակ ձգելու նպատակով` շատ լավ գիտակցելով, որ լրատվության վերջին միտումներում առաջնային տեղ է զբաղեցնում հենց օպերատիվությունը, եւ որոշ լուրեր հնանալու դեպքում լրագրողների համար իրենց հետաքրքրությունը կորցնում են:

Հայաստանի խորհրդարանը եղել եւ մնում է քաղաքական թեմաները լուսաբանող լրագրողների, եւ ոչ միայն նրանց, հիմնական լրատվական աղբյուրը: Ուստի պատահական չէ, որ երբ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (կարճ՝ լրատվականի ղեկավար) ու սկսեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վկայակոչելով՝ լրագրողների իրավունքները սահմանափակել, նրա անձն ու գործունեությունը դարձավ լրագրողների եւ ողջ լրատվական դաշտի հիմնական քննարկման թեման: ՀՀ ԱԺ-ի լրատվականի վերջին վարքագիծը, որին պայմանականորեն տանք «արսենբաբայանական սինդրոմ» անվանումը, ունի երկու պատճառ, որոնցից մեկը պայմանավորված է օրենսդրական բացով, իսկ մյուսի արմատները քաղաքական են:

«Արսենբաբայանական սինդրոմի» իրավական կողմը

«Արսենբաբայանական սինդրոմի» առաջին նշաններն Աժ-ում եղան այն, որ խորհրդարանի լրատվականը սկսեց հրաժարվել հարցերին բանավոր պատասխանելուց եւ լրագրողներից սկսեցին պահանջել հարցերը գրավոր ներկայացնել (նախկինում էլ ԱԺ լրատվականը բազմիցս լրագրողներից պահանջել է հարցը գրավոր ներկայացնել, բայց դա հիմնականում վերաբերել է բարդ հարցադրումներին, որոնց պատասխանը հնարավոր կլիներ պատրաստել միայն ԱԺ աշխատակազմի մասնագետների ներգրավմամբ): Հարցերը գրավոր ներկայացնելու պահանջը, որքան էլ որ լրագրողների սրտով չէր, բայց միեւնույնն է՝ նրանք դա կատարեցին եւ սկսեցին հարցերը էլեկտրոնային փոստով ուղարկել: Արսեն Բաբայանը սկսեց լրագրողներին պատասխանել, որ նրանց հարցումները չեն համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Այդ կետում գրված է. «Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)»: Ըստ ԱԺ լրատվականի՝ էլեկտրոնային հարցումները ստորագրված չեն, եւ որ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի նախատեսում էլեկտրոնային հարցումների իրավունք: Ի դեպ, լրատվամիջոցների էլեկտրոնային բլանկերի վրա երբեմն բացակայում են նաեւ նրանց խմբագրությունների հասցեները, ինչը «արսենբաբայանական սինդրոմի» տեսանկյունից նույնպես ՏԱՄ օրենքի անհամապատասխանություն է:

Իրականում ՏԱՄ օրենքի հետ կապված իսկապես խնդիր կա: Այս օրենքը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ ուժի մեջ մտել նույն տարվա նոյեմբերի 15-ին, եւ անցած 11 տարիների ընթացքում այս օրենքում ոչ մի փոփոխություն չի արվել: ՏԱՄ օրենքն ընդունելիս էլեկտրոնային նամակագրությունը Հայաստանում այդքան զարգացած չէր, որ այդ գործոնը եւս օրենքում տեղ գտներ: 2003-ին լրատվական դաշտում հիմնականում գործում էին ավանդական երեք տիպի ԶԼՄ-ներ` տպագիր մամուլ, ռադիո եւ հեռուստաընկերություն: Ուստի բնական է, որ ՏԱՄ օրենքն այսօրվա իրականությունից ահռելի ետ է եւ գործնականում դարձել է անիմաստ իրավական ակտ: Եթե առաջիկայում այս օրենքը փոփոխությունների չենթարկվի, չհամապատասխանեցվի ներկա իրողությանը, ապա «արսենբաբայանական սինդրոմը» կարող է ավելի լայն տարածում գտնել եւ պատել այլ գերատեսչությունների լրատվականներին եւս:

ՏԱՄ օրենքը սահմանում է անհատների եւ իրավաբանական անձանց տեղեկություն ստանալու կարգը` առանց տարանջատելու տեղեկություն հայցողը լրագրող, լրատվամիջոց, թե անհատ քաղաքացի է: Այս մոտեցումը պետք է փոխվի: Անհատը կամ լրատվամիջոց չհանդիսացող իրավաբանական անձը տեղեկություն հայցելիս սպասարկում է սեփական շահը: Լրագրողը կամ լրատվամիջոցը տեղեկություն հայցելիս հանդես է գալիս որպես հանրային շահի սպասարկող, այս հանգամանքը չպիտի անտեսվի: Այսինքն՝ ՏԱՄ օրենքում ոչ միայն պետք է հատուկ արձանագրվի էլեկտրոնային հարցումներին պատասխանելու կարգը, այլեւ պետք է առանձին սահմանվեն այն դեպքերը, երբ հարցման հեղինակը լրագրող կամ լրատվամիջոց է:

Մասնավորապես լրագրողների եւ լրատվամիջոցների դեպքում պետք է ընդլայնվեն տեղեկությունը բանավոր հայցելու հնարավորությունները: Բոլոր այն դեպքերում, երբ տեղեկությունը հնարավոր է նաեւ բանավոր հարցումով տրամադրել, հենց այդպես էլ պետք է արվի, եւ տեղեկություն տիրապետողը չպիտի իրավունք ունենա արհեստական պատճառաբանություններով լրագրողի բանավոր հարցին պատասխանելուց հրաժարվել: Անչափ արդյունավետ կլինի, եթե տեղեկություն տիրապետողի կողմից ՏԱՄ օրենքը խախտելու համար նաեւ ֆինասնական տույժեր նախատեսվեն: Եթե մամուլի քարտուղարները, նրանց ղեկավարներն իմանան, որ իրենց քայլը կարող է ֆինանսական տույժերի հանգեցնել, ապա ամեն անգամ, երբ փորձեն լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափել, կմտածեն՝ իսկ իմաստ ունի՞ նման քայլի գնալ, թե ոչ:

Քաղաքական պատճառների մասին

Լրատվականների կամ մամուլի քարտուղարների կողմից լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելը, լրագրողների աշխատանքին ամեն կերպ խոչընդոտելը, որպես կանոն, պայմանավորված է համապատասխան կառույցի ղեկավարի անձով: Այսինքն՝ լրատվականը եւ մամուլի քարտուղարներն անում են այն, ինչ նրանցից պահանջում են նրանց ղեկավարները: Վերցնենք նույն ԱԺ-ի օրինակը: Հովիկ Աբրահամյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ԱԺ նախագահի պաշտոնում երկու անգամ պաշտոնավարելու ընթացքում աշխատում էր բացառել լրագրողների հետ «կոնֆլիկտները»: Թերեւս նա իր փորձից գիտեր, որ լրագրողների հետ չի կարելի հակամարտել, որովհետեւ դատապարտված է պարտության: Իսկ, ասենք, Սամվել Նիկոյանը, երբ 2011-ի վերջին դարձավ ԱԺ նախագահ առաջին քայլը որ արեց, փորձեց սահմանափակել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքները, բայց որոշ ժամանակ անց հասկանալով, որ սկսված հակամարտությունից ինքը ոչինչ չի շահելու, «նահանջեց»: Որպես կանոն՝ լրագրողների աշխատանքները խոչընդոտում են այն պաշտոնյաները, որոնք ընդհանրապես հարցերին պատասխանելու հետ կապված ինչ-ինչ դժվարություններ ունեն:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 11-ին էլեկտրոնային փոստով Արսեն Բաբայանին հարցում էր ուղարկել, որին վերջինս պատասխանել էր, թե այն ստորագրված չէ, եւ որ ինքը պարտադրված չէ էլեկտրոնային գրավոր հարցմանը պատասխանել: «Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին նույն հարցի թղթային, ստորագրված տարբերակը փոստով ուղարկել էր Արսեն Բաբայանին: Վերջինիս պատասխանի համաձայն՝ ինքը մեր հարցումը ստացել է նոյեմբերի 17-ին, պատասխանը թվագրել է նոյեմբերի 21-ով, որը փոստին է հանձնվել նոյեմբերի 24-ին, իսկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է հասել նոյեմբերի 25-ին: Այսքան երկար նամակագրության միջոցով Արսեն Բաբայանից պահանջվում էր տրամադրել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները: Երկու շաբաթ ձգձգելուց հետո ի վերջո նա պատասխանեց, որ հարցված տեղեկությունն առկա է խորհրդարանի կայքի «Արտաքին հարաբերություններ» բաժնում: Հարց՝ դժվա՞ր էր նույն պատասխանը նոյեմբերի 11-ին տալ: Այսինքն՝ ստացվում է, որ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող անձի գործողությունները տվյալ դեպքում միտված են եղել հնարավորիս ուշացնել լրատվամիջոցի հարցին պատասխանելը, որ այն այլեւս իր իմաստը կորցնի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս