Նախկին ռազմագերին հետազոտվելու համար Երևան հասնելու փող չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից 2014թ. սեպտեմբերի 25-ին վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու եւ այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու: Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՞ ոչ: Ներկայումս Սարգիսը ապրում է իր որդու՝ Նորիկի տանը, որը գտնվում է Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում:

Նորիկը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող հորը խնամի: Նա ասաց, որ Սարգիսն իրեն այնքան էլ լավ չի զգում, նա դեղեր է ընդունում, որոնք նրան կօգնեն մտքերը կենտրոնացնել եւ գիշերները հանգիստ քնել: Այդ ղեղերն անվճար տրամադրում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Նորիկի խոսքերով՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը Սարգիս Անանյանին 20 հազար դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Նորիկն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատողները Սարգիսին կտեղափոխեն Երեւան, որպեսզի նրա առողջական վիճակը ստուգեն: Նա հայտնեց նաեւ, որ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության աշխատակիցներն առաջիկայում աջակցություն կցուցաբերեն` Սարգիս Անանյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Նորիկն այժմ, թեկուզ ժամանակավոր, աշխատանք է փնտրում, որպեսզի հորն անհրաժեշտ խնամքի համար գումար ունենա:

Ադրբեջանը Հայաստանի հետ լայնածավալ քարոզչական պատերազմ է ծավալել, որի ընթացքում օգտագործում է սուտը եւ զրպարտանքը: Պատանեկան տարիքից հաշմանդամի կարգավիճակ ունեցող, առողջական, այդ թվում՝ հոգեկան, լուրջ խնդիրներ ունեցող Սարգիս Անանյանի գլխին մեկամսյա գերության ընթացքում պարկ են հագցրել, հարվածել ե՛ւ գլխին, ե՛ւ ոտքերին: Ադրբեջանական քարոզչամեքենան նրան ներկայացրել է որպես մի մարդու, ով Հայաստանում տիրող սովից ճարահատյալ հատել է սահմանը եւ հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի տարածքում: Ազերիների ներկայացմամբ` Նոյեմբերյան քաղաքի բնակչության 80 տոկոսը սոցիալական վատ վիճակի պատճառով ցանկանում է վերաբնակվել Ադբեջանում: Նույն քարոզչամեքենան, սակայն, հիմա լռում է` չպարզաբանելով, թե «սովից փախած» մարդը ինչո՞ւ է ցանկացել Հայաստան վերադառնալ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս