Գողություն էլ եմ արել, տարբեր բաների համար եմ դատապարտվել. գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ գյուղում իրավիճակը լարված է: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները՝ ներկայիս գյուղապետ Արթուր Յայլոյանը եւ Արայիկ Յայլոյանը, ոչ միայն ՀՀԿ-ական են, այլեւ ազգականներ: Իհարկե, Արայիկ Յայլոյանը նախկինում ԲՀԿ-ական է եղել եւ տեւական ժամանակ աշխատել է ներկայիս գյուղապետի տեղակալ, սակայն հիմա նժդեհական գաղափարներ է կրում: Գյուղացիների պատմելով՝ այս թեկնածուները մշտական պայքարի մեջ են:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Յայլոյանի հետ՝ հասկանալու, թե ինչ մրցավազք է ծավալվում:

-Պարո՛ն Յայլոյան, գյուղացիները Ձեր աշխատանքից դժգոհում են:

-Ով ինչ ասում է, սուտ է ասում: Բնական է, որ դժգոհողներ կլինեն: Տարբեր տեղերում էլ այդպես է: Մեկը մյուսի հասցեին բամբասում է:

-Հիմա նախընտրական ի՞նչ իրավիճակ է տիրում գյուղում: Ձեր եւ մրցակցի հարաբերությունները լարվա՞ծ են:

-Շատ նորմալ է: Լարվածություն չկա: Ես իր հետ ո՛չ խոսում եմ, ո՛չ էլ տեսնում եմ:

-Նկատե՞լ եք, թե ինչպես է Ձեր մրցակիցը «համոզում» բնակիչներին:

-Ինքն ամբողջ օրը տնից տուն է ման գալիս: Հո՞ ես չեմ կանգնելու ու բողոքեմ: Ինչ անում է, թող անի: Ժողովուրդը գիտի իր անելիքը:

-Դուք տներով չե՞ք շրջում:

-Ինչի՞ համար շրջեմ: Այսքան ժամանակ աշխատել եմ, որ հիմա էլ գնամ հատ-հատ տներով շրջե՞մ: Ինչի ժողովուրդն ինձ չի՞ ճանաչում:

-Քանի՞ տարի է, որ գյուղապետ եք:

-14: Ես գիտեմ, որ իմ ժողովուրդն իմ կողքին կանգնած է:

-Դուք ՀՀԿ-ական եք, բայց արդյո՞ք կուսակցության կողմից եք առաջադրվել:

-Ես ինքնառաջադրվել եմ: Իսկ մյուս թեկնածուն նախկինում ԲՀԿ-ական էր, հիմա էլ՝ ՀՀԿ-ական: Թեկնածությունն առաջադրելուց առաջ դարձավ ՀՀԿ-ական:

-Կուսակցությունը Ձեզ կօգնի՞:

-Ինչի՞ համար օգնի, ա՛յ ցավդ տանեմ:

-Իսկ մյուս թեկնածուն՝ Ձեր ազգականը, առաջի՞ն անգամ է առաջադրվում:

-Այո՛:

-Ինչո՞ւ եք ընդհարվել:

-Որովհետեւ ինքը ԲՀԿ-ական էր, գործից հանին, գցին դուրս:

-Փաստորեն կուսակցությո՞ւնը պատճառ դարձավ, որ Դուք ազգականներով ընդհարվեք:

-Կուսակցությունը կապ չունի: Եթե ինքն իմ տեղակալն էր, ուրեմն պետք է իմ հետ լիներ: Այդպե՞ս չէ: Տեղակալներն իմ վրա լավ չեն գալիս:

-Վա՞տ են աշխատում:

-Չէ՛:

-Նրան ազատել ե՞ք միայն ԲՀԿ-ական լինելու պատճառով:

-Միայն դա չէ: Չասեմ է՛լ:

-Պարո՛ն Յայլոյան, գյուղացիների շրջանում խոսակցություններ են պտտվում նաեւ, որ Դուք գողության համար դատապարտվել եք:

-Հա՛, գողություն էլ եմ արել, հազար անգամ, ներողություն, տարբեր տեղեր էլ գնացել եմ: Պատրաստվում եմ երկու կին էլ ունենամ: Այսօր ո՞ր մի գյուղապետն է, որ գողություն չի արել:

-Ի՞նչ եք գողացել:

-Գողություն չէր: Տարբեր բաների համար եմ դատապարտվել: Ես ինչ-որ պետքն է, Ձեզ ասեցի: Էլ բան չունեմ ասելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս