“Շիրակ կենտրոնը” ներկայացնում է Գյումրիում սարսափելի սոցիալական պայմաններում ապրող հերթական ընտանիքի մասին պատմությունը:
“Երկու օր, առավոտվանից մինչ երեկո, ամբողջ քաղաքի տարածքով մեկ փնտրելուց հետո միայն կարողացանք գտնել մայիսի 24-ին Գյումրիում կայացած բնակարանների բաշխման վիճակահանությանը չմասնակցած հինգ ծնողազուրկ երեխաների ընտանիքին: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրումը կանոնակարգող ՀՀ կառավարության որշումների համաձայն՝ այն ընտանիքները որոնք ամբողջ կազմով բացակայում են Հայաստանից, նրանց բնակարանի հատկացումը հետաձգվում է:
Վերջին վիճակահանությանը 80-ամյա Ջանինյան Անահիտի ընտանիքից ոչ մեկը չէր մասնակցել: Նրանց բնակբաշխման հանձնաժողովում թողած հեռախոսահամարով բազմաթիվ անգամ զանգահարել ենք, սակայն մշտապես անհասանելի էր: Քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնյաների խնդրանքով՝ այս ընտանիքի փնտրտուքը վերածվեց մի իսկական փորձության: Նրանց անունները չկային անգամ ջրմուղի ցուցակներում:
Նախ տնակային ավանների քարտեզում գտանք 237 կոտորակով թվարկված տարածքը, որը Գյումրիի ծայրամասում` Վանաձոր տանող ճանապարհի աջ հատվածում է, մեկնեցինք այնտեղ: Այդ վայրում գտնվող տնակներից մեկի բնակիչը, չգիտես ինչից դրդված, մեզ հայտնեց, թե Անահիտի ընտանիքը 3-րդ տարին է, ինչ ապրում է քաղաքի մյուս ծայրում՝ երկրաշարժից կանգուն մնացած ու կիսով չափ բնակեցված Բուլվարային կոչվող թաղամասի 9 հարկանի շենքերից մեկում: Բնականաբար մեզ ոչինչ չէր մնում անել, քան գնալ եւ փնտրել այնտեղ: Առաջին օրը տասնյակ բարձրահարկերում անպտուղ փնտրելուց հետո դատարկաձեռն վերադարձանք, այստեղ չեմ ուզում անդրադառնալ եւ պատմել, թե ինչպիսի աղքատություն եւ բարքեր են տիրում այդ թաղամասում.. միայն ասեմ, որ դա իրոք առանձին եւ շատ լուրջ հրապակման թեմա է: Հաջորդ օրը քաղաքաշինության նախարարության կողմից մի փոքր ուղորդող տեղեկատվություն ստացանք եւ ուղեւորվեցինք քաղաքի մեկ այլ ծայրամասում գտնվող տնակային ավան: Երկար հարց ու փորձից հետո պատահաբար հայնաբերեցինք այդ ընտանիքի առանց մոր մնացած 5 երեխաներից ավագին` 16-ամյա Անահիտին, որը ինչպես հետագայում պարզվեց վիճել ու հեռացել է տանից եւ բնակվում է ինչ-որ ծանոթներից մեկի տանը: Հենց նրանից էլ իմանալով 2-րդ կարգի հաշմանդամ հոր հեռախոսահամարը՝ վերջապես կրկին քաղաքից դուրս մի վայրում գտանք վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ծնողական ջերմ հոգածության կարիքի կարոտ երեխաներին, հայտնեցինք նոր եւ հարմարավետ 3 սենյականոց բնակարան ստանալու 24 տարի ուշացած բարի լուրը: Վերջում ավելացնենք, որ մենք դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ տարել էինք ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկած մանկական հագուստներ”: