Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած տեղեկության համաձայն՝ հենց այսքան գումար է հավաքվել համահայկական հանգանակության արդյունքում: Նախորդ` 2013 թվականի հեռուստամարաթոնն արձանագրել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` այս տարվա հանգանակությունները բոլորովին էլ քիչ չեն: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հեռուստամարաթոնի արդյունքների մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Իհարկե, ոչ, նման բան չկա: Մարդիկ այդքան են ցանկացել, այդքան են նվիրաբերել: Եթե այդքան են նվիրաբերել, դա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ հավատը պակասել է: Դա վստահության կորստի հետ կապ չունի: Մենք հո չենք կարող իրենցից պահանջել, որ ավելի շատ գումար նվիրաբերեն: Միայն անցյալ տարի է մի քիչ ավելի գումար հավաքվել, բայց դա որևէ բանի հետ կապել և քաղաքական ենթատեքստեր որոնել դրա մեջ հարկավոր չէ»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը: