Շավարշ Քոչարյանի քաղաքական խաղերն ու վերջնական հանգրվանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հետաքրքիր քաղաքական անցյալ ունի և պատգամավոր լինելու տարիներին բազմիցս երկակի խաղեր է խաղացել:

Այսօր Armlur.am-ը կներկայացնի Շ. Քոչարյանի անցած ուղին:

Անդրադառնանք նրա կենսագրական տվյալներին. ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, ստացել ճարտարագետ-մաթեմատիկոսի մասնագիտություն: Աշխատել է Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում, իսկ հետո` Մոսկվայի գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում ստացել կենսաբանի որակավորում:

Քոչարյանի քաղաքական գործունեությունը սկսվել է 1990 թվականին: Այդ ժամանակ նա եղել է  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1988-ին Շավարշ Քոչարյանը հայտնվեց «Ղարաբաղ» կոմիտեի համակիրների շարքերում: Նրա քաղաքական գործուեության այս շրջանում նրան օգնել է հատկապես Վազգեն Մանուկյանը, ով իրավամբ դարձել է Շավարշ Քոչարյանի կնքահայրը: Նրանք այնքան մտերիմ էին, որ  1991 թվականին, երբ բոլորից խռոված Վազգեն Մանուկյանը ստեղծեց ԱԺՄ կուսակցությունը, Շավարշ Քոչարյանն առաջիններից մեկը հետևեց «կնքահորը» ու դարձավ կուսակցության առաջամարտիկներից մեկը:

1992-1993 թվականներին Քոչարյանին վստահվեց կուսակցության նախագահի պաշտոնը: 1991-ից վերջինս Գերագույն խորհրդում «Ազգային ժողովրդավարներ» խմբի նախագահն է եղել, ընտրվել էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  1992-1995 եւ 1999-2003 թվականներին ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատվիրակությունների անդամ էր:

1995 թվականին դարձել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր: 1996 թվականին  նա կազմակերպեց հարձակում ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանի վրա, իսկ հաջորդ օրը նիստերի դահլիճ մտավ հարվածների տարափի ներքո:  2003-ին Ազգային ժողով մտավ Ստեփան Դեմիրճյանի օգնությամբ` որպես «Արդարություն» դաշինքի անդամ: Նա այդ ժամանակ անում էր այն, ինչ ցանկանում էր:

2002 թվականին, երբ Շավարշ Քոչարյանը ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահն էր, նրա ջանքերի շնորհիվ ընդունվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որի միջոցով գործող ռեժիմը փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստաընկերությունները: Այս ամենից հետո  Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ պատվիրակության անդամ էր` «Արդարություն» խմբակցությունից: Իր քաղաքական կարիերայի այս շրջանը նա  ավարտեց սկանդալով, քանի որ «Արդարություն» խմբակցությունը հետ կանչեց Քոչարյանին ԵԽԽՎ պատվիրակությունից:

Մեծ էր Շավարշ Քոչարյանի դերը նաեւ 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ:  Նա զբաղված էր «Այո» քարոզելով, բայց սա էլ չստացվեց: Այս ձախողումներից զատ` նա կարողացել է զգալի ունեցվածք կուտակել, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա տվյալներն ավելի քան համեստ են: Ըստ հայտարարագրի` արտաքին գործերի փոխնախարարն այս պահին ունի  մեկ մլն դրամ և 900 եվրո:




Լրահոս