Նոր Սահմանադրությունը` սխալների ուղղման միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով քննարկել իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի ուշագրավ պնդումները՝ այսօր կառանձնացնենք հետեւյալ երկու ձեւակերպումները: Առաջին՝ նախաբանում արձանագրված է, որ սահմանադրական փոփոխություններին նպաստող հանգամանք է այն, որ 2005թ. կատարված վերափոխումները թերի են եղել: Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում հեղինակների կողմից, ովքեր ակնհայտորեն խուսափում են այդ փոփոխություններին հստակ գնահատական տալուց: Երկրորդ՝ շեշտվում են իշխանության «պոզիտիվ» դերակատարության ու հանրային-իրավական պատասխանատվության հիմնահարցերը: Հայեցակարգն այս դեպքում եւս դժբախտաբար տուրք է տալիս մերկապարանոց հռչակումներին՝ նախընտրելով հեռու մնալ այսօրվա իրականությունից:

«Հայեցակարգում» ամրագրված է, որ «իշխանակենտրոն» սահմանադրակարգից դեպի «մարդակենտրոնի» անցումը չհաջողվեց լիարժեք իրականացնել 2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Անշուշտ չմանրամասնելով իշխանակենտրոնության ու մարդակենտրոնության անիմաստ հակադրությունը՝ սույն փաստաթղթի հեղինակները չեն ջանում նաեւ անդրադառնալ 2005թ. սահմանադրական փոփոխությունների առանձնահատկություններին:«Հայեցակարգում» ոչ մի հստակեցում չկա, թե ինչ պատճառներով 2005թ. կատարված փոփոխությունները չկարողացան լուծել վերոնշյալ հիմնախնդիրը: Հատկանշական է, որ առանց նախորդ փոփոխությունների վրիպումներին ու բացթողումներին անդրադառնալու՝ անիրական կլինի դրանցից ճշգրտորեն խուսափելը: Ավելին՝ նոր փոփոխությունների ձեռնարկումը պետք է հաջորդի նախորդի վերանայմանն ու քննարկմանը: Հեղինակները, «Հայեցակարգում» նման պնդում կատարելով, առաջին հերթին պիտի քննեին նախորդ փոփոխությունների ամբողջ գործընթացը՝ սկսած հասարակական վստահության մակարդակից մինչեւ քաղաքական բեւեռների մոտեցումներ: Ի վերջո, 2005թ. հանրաքվեն հանրային մակարդակում ընկալվում է որպես հերթական կեղծված եւ իշխանության համապատասխան մարմինների ու կոնկրետ մարդկանց անձնական շահերին ծառայած փոփոխություն, որը ոչ մի առնչություն չի ունեցել հասարակության հետ: Արդ, եթե սահմանադրական նոր փոփոխությունները պետք է գնան նախորդի ուղով, ապա «Հայեցակարգի» մատնանշած փոփոխություններն անտարակույս ի չիք կլինեն՝ կրկին բացառելով հասարակության մասնակցությունն ու գործընթացը ծառայեցնելով մի խումբ մարդկանց հետաքրքրություններին:

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելով՝ «Հայեցակարգի» հեղինակները նկատում են, որ դրա արդյունքը պետք է լինի համակարգային ամբողջականության մեջ հիմնական իրավունքների անմիջական գործողության երաշխավորումը, դրանց ապահովման ու պաշտպանության սահմանադրական հիմքերի ամրապնդումը, այս հարցում հանրային իշխանության պոզիտիվ պարտականության եւ հանրային-իրավական պատասխանատվության հստակեցումը: Նման ձեւակերպումից տպավորություն է ստեղծվում, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս հիմնական իրավունքների երաշխավորման իրականացումը: Մի՞թե գործող Սահմանադրությունն է պատճառը, որ քաղաքացին անպաշտպան է իրավապահ մարմինների առաջ եւ պարզապես չի կարողանում օգտվել իր հիմնարար իրավունքներից նրանց հետ հարաբերություններում: Նման պնդումներ կատարողները կարող են մասնակցել ցանկացած պիկետի ու ակցիայի եւ ականատես լինել ոստիկանության անհամաչափ գործողություններին:

«Հայեցակարգը» շեշտում է նաեւ այս հարցում իշխանութան դրական դերակատարության եւ հանրային իրավական պատասխանատվության հստակեցման հանգամանքները: Ըստ էության, այսօրինակ փաստաթուղթը կարելի էր կառուցել համեմատաբար իրատեսական մոտեցումների վրա՝ զերծ մնալով նման ամպագոռգոռ արտահայտություններից: Այդուամենայնիվ, վերոնշյալ օրինակով արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ իշխանությունը պոզիտիվ դերակատարությամբ փայլելու փոխարեն նախընտրում է իր համար ավելի ապահով՝ բռնության եղանակը, որը ուղղակի հակասության մեջ է հասարակական հիմնարար իրավունքների երաշխավորության հետ: Ավելին՝ ի՞նչ տարբերություն, թե հանրային-իրավական պատասխանատվության հարցում սահմանադրական ինչպիսի հստակեցումներ են արված թղթի վրա, եթե գործնականում դրանք կիրառություն չեն գտնում:

Վերջապես՝ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ դա ժողովրդավարական երկրներում բավականին պատասխանատու հռչակում է: Սակայն մեզ մոտ դա ծիծաղ է առաջացնում, ինչը վկայում է սահմանադրական դրույթի անտեսման մասին, որի գլխավոր պատասխանատուն բացառապես իշխանությունն է:

Վերջինիս պոզիտիվ դերակատարության ու պատասխանատվության անիրական հստակեցման մասին ճամարտակությունների փոխարեն՝ «Հայեցակարգը» կարող էր դառնալ հիմնարար եւ վստահելի փաստաթուղթ անհրաժեշտ ռեֆորմների իրականացման հարցում: Սակայն ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ հեղինակների մտքում գործնական եւ իրական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը գտնվում է երկրորդ հորիզոնականում: Սահմանադրական փոփոխությունների միջոցով երկրում հաստատված կարգը վերանայելու եւ զարգացման ուղի վերադարձնելու համար նախ եւ առաջ հարկավոր է հստակ գնահատական տալ առկա դրությանը եւ միայն դրանով պայմանավորված նախանշել հաջորդական գործընթացը: Մինչդեռ այսօրինակ «բարի» ցանկությունների շարան հիշեցնող փաստաթղթով հազիվ թե ստացվի նման խնդիրներ լուծել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս