Արագածոտնի 12 համայնք գազաֆիկացվել է, բայց գազը չեն միացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին տրված վարկային միջոցներով ՀՀ Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2012-2013 թվականից սկսած գազաֆիկացվել են Արագածոտնի մարզի 12 համայնք: Գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են դեռեւս անցած տարվա ամռանը: Սակայն այդ համայնքների բնակիչները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, եւ երբ իրենք կկարողանան օգտվել կապույտ վառելիքից:

2012-2013 թվականներին գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են Հարթավան, Շենավան, Ծաղկաշեն, Արագած, Ալագյազ, Քուչակ, Հարթավան, Արայի, Վարդենուտ, Ափնա եւ այլ համայնքներում:

Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքը գազաֆիկացվել է, բայց գյուղի ոչ բոլոր բնակիչներն ունեն գազ:
«Մեզ մոտ երկու փուլով է իրականացվել գազաֆիկացման աշխատանքները: Դրանք արդեն ավարտվել են: Հիմա ընդունման-հանձնման գործընթացի մեջ ենք: Նախկինում, երբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն էր, այդ ժամանակ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը որպես նվիրատվություն տվել է համայնքին, իսկ վերջինս այն տրամադրում էր էներգետիկայի նախարարությանը: Բայց քանի որ հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն է 100 տոկոս բաժնետեր, այս պատճառով այս հանձնում-ընդունումը ձգձգվում է»,- ասաց Ժիրայր Ավետիսյանը:

Արդյունքում՝ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ այդ համայնքների բնակիչները գիտեն, որ իրենց գյուղը գազաֆիկացված է, բայց միեւնույն է՝ իրենք գազ չունեն, եւ կրկին ձմեռը մոտենում է: «Հարթավանում 2012 թվականին գազաֆիկացման աշխատանքները սկսվեցին, բայց հետո՝ 2013-ին, լրացուցիչ աշխատանքներ իրականացվեցին: Բայց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն գումար չի հատկացնի, որպեսզի գնի գազատարն ու այն միացնի իր հաշվեկշռին: Այս դեպքում Կառավարությունն անվճար պետք է այն հատկացնի ընկերությանը: Իսկ դրա համար էլ պետք է համապատասխան որոշման մեջ կատարվեն փոփոխություններ, որպեսզի խնդիրը կարգավորվի»,-նշեց Հարթավանի գյուղապետը:

Նախկինում խնդիրն ավելի հեշտ լուծելի էր, քանի որ ՀՀ Կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն էր եւ գազատարների արժեքի չափով կարող էր ավելացվել Կառավարության բաժնեմասը: Իսկ այժմ, երբ նախկին «Հայռուսգազարդի» բաժնետոմսերն ամբողջությամբ դարձան ռուսական կողմի սեփականությունը, եւ ընկերությունն էլ անվանափոխվեց «Գազպրոմ-Արմենիա», խնդրի լուծումը դժվարացավ: «Առաջարկ կա, որ գազատարները տան համայնքապետարաններին որպես սեփականություն, վերջիններս իրենց հերթին դրանք տրամադրեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Իսկ դա հնարավոր է անել միայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո»:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է հիմա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դանդաղում, Ավետիսյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ գումարի հետ կապված խնդիր կար: Բայց այս պահին հարցի լուծումն այդ ընկերությունից կախված չէ, այլ Կառավարությունից: Ամեն դեպքում՝ մարդիկ անհանգստացած են, ճիշտ է դրանով իրենց բնակարանները չեն ջեռուցելու, բայց կարիք ունեն կապույտ վառելիքի»:
Ի դեպ, գյուղը գազաֆիկացնելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը եւ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը շինարարական մի շարք թերություններ են արձանագրել:

Ըստ Ավետիսյանի՝ հայտնաբերված թերությունների մի մասը վերացվել է, իսկ որոշ խնդիրներ այդպես էլ չեն լուծվել: «Օրինակ՝ մեր գյուղում գազատարի համար անհրաժեշտ պաշտպանիչ ցանց պետք է կառուցեին՝ կայծակից պաշտպանելու համար: Սակայն չեն կառուցել»,- պարզաբանեց Ավետիսյանը: Ի դեպ, Հարթավանում իրականացված շինաշխատանքների գումարի 10 տոկոսը` չորս միլիոն 800 հազար դրամը, հատկացվել է համայնքի բյուջեից: Այս մոտեցումը մյուս համայքների դեպքում էլ է գործել, եւ բոլորը պարտավոր են եղել ֆինանսավորել իրենց համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախահաշիվային արժեքի 10 տոկոսը:
Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը դեռ հույս ունի, որ առաջիկայում այս խնդիրը կլուծվի: «Մենք այս հարցով բազմիցս դիմել ենք հիմնադրամին, այնտեղից խոստացել են, որ առաջիկայում մարդիկ գազ կունենան: Մեր գյուղում դեռ նախորդ տարվանից է սկսվել այդ գազատարի շինաշխատանքները: Հիմա էլ ասում են, որ ընդունման-հանձնման խնդիր կա: Իսկ թե դա երբ կվերջացնեն, Աստված գիտի»,- նկատեց Շենավանի գյուղապետը:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Կառավարությունն առաջիկայում համապատասխան որոշում կկայացնի, խնդիրը կլուծվի, եւ շուտով մարդիկ գազ կունենան:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք գյուղերում այս տարվա ամռանը, համոզված լինելով, որ գազը շուտով կմիացնեն, նաեւ ներտնային գազաֆիկացման աշխատանքներն են իրականացվել, որոնց համար արդեն գյուղացիները, կամ ինչպես ընդունված է ասել՝ ապագա բաժանորդներն են վճարել` 1 մետրի համար 2 հազար 800 դրամ սակագնով: Այսինքն՝ մեկ տան գազաֆիկացումը 100 հազար եւ ավել դրամ է արժեցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս