Կուլիսի մի անկյունում կանգնող երգիչ եմ. Արթուր Ալեք (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքը, ով արդեն ինքնուրույն է հարթում իր ուղին երգարվեստում, նշում է, որ կուլիսների ետեւում իրեն միշտ չէ, որ հարմարավետ է զգում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ` նշելով, որ սպասում է, թե երբ է դուրս գալու բեմ ու գնա տուն, քանի որ ոլորտում քիչ մարդիկ կան, որոնց հետ կարելի է անկեղծորեն շփվել:

-Արթո՛ւր, գիտենք, որ 50-ից ավել երգեր ունեք, որոնք դեռ չեք հասցրել ձայնագրել, ո՞րն է խնդիրը:

-Արդեն ավելի շատ (ծիծաղում է): Երեւի գլխավոր պատճառն այն է, որ մեծ գումար է պետք, իսկ ես բծախնդիր եմ եւ չեմ կարող իմիջիայլոց աշխատանք կատարել, այդ պատճառով էլ երգերի ձայնագրությունը հետաձգվում է:

-Հովանավորներն էլ, մեծ մասամբ, ռաբիս երգելու պայման են դնում, որպեսզի արտիստից շահույթ ստանան…

-Իմ դեպքում էլ եղել է նման բան, ցավոք, լսել եմ այդ պատճառաբանությունը, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կարելի է տեղավորվել քիչ գումարի շրջանակում եւ խղճի հետ հաշտ լինել՝ իմանալով, որ որակյալ արտադրանք ես մատուցում:

-Դուք փորձում եք կապ հաստատել եվրոպացի երգիչների հետ, արտերկրի շուկային առաջարկում եք Ձեր հեղինակային երգերը. ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս ճանապարհին:

-Տարիներ առաջ մի շարք երգերից ֆրանսիացի երգչուհու համար ընտրվեց հենց իմ հեղինակային երգը: Առհասարակ, եթե մեր երկրում դժվար է այս ոլորտում քայլեր անելը, ապա արտերկրի համար աշխատելը մի քանի անգամ ավելի բարդ է: Հիմա նախնական որոշ գործեր եմ անում, ուղարկում դրսի արտիստներին: Չի բացառվում, որ առաջիկայում նրանցից ոմանք կատարեն իմ երգերը:

– «X Factor» ծրագրից հետո ինքներդ եք Ձեր ուղին հարթում երգարվեստում. կուլիսների ետեւում մրցավազք, տարաձայնություններ լինո՞ւմ են, հարմարվե՞լ եք:

-Կուլիսների ետեւում միշտ չէ, որ ինձ կոմֆորտ եմ զգում, այսպես ասեմ՝ կուլիսի մի անկյունում կանգնող երգիչ եմ (ծիծաղում է): Սպասում եմ՝ դուրս գամ բեմ ու գնամ տուն: Քիչ մարդիկ կան, ովքեր հոգեհարազատ են ինձ, ու կարող եմ անկեղծ շփվել իրենց հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Սոֆի Մխեյանի տեսահոլովակում մեկ անգամ նկարահանվելով՝ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցիք, քան մի շարք երգեր հեղինակելով:

-Չգիտեմ (ծիծաղում է):Երեւի Սոֆիի տեսահոլովակը շատ է եթեր հեռարձակվել, այն ժամանակ նա իր փոքրիկ, բայց կայուն ավանդն ուներ երգարվեստում, իսկ ես նոր էի սկսել աշխատել արտիստների հետ: Բայց, առհասարակ, շատ տխուր է, երբ արտիստին հիշում են տեսահոլովակով, որոշ երգիչներ ստիպված են ամեն ամիս տեսահոլովակ նկարահանել, որ իրենց չմոռանան…

-Եթե ունենայիք Ձեր ոլորտում որեւէ բան փոխելու հնարավորություն, որտեղի՞ց կսկսեիք:

-Ծայրը բռնելը շատ դժվար է: Կուզենայի լիներ հանձնաժողով, որի նախագահը կարողանար ասել «ոչ» բառը: «Ոչ» ասվեր այն արտադրանքին, որը եթեր հեռարձակվելու արժանի չէ:

-«Ֆեյսբուքի» Ձեր էջում ներկայացրել եք բազմաթիվ հեղինակային կտավներ, որոնք, դատելով արձագանքներից, բավական լավ են ստացվել: Հնարավո՞ր է՝ մի օր պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվեք նաեւ նկարչությամբ:

-Էլի շատ հոբբիներ ունեմ, բայց դրանք ինձ «զայրացնում են» (ծիծաղում է), երբեմն դժվարությամբ եմ որոշում կայացնում՝ որով զբաղվեմ: Չեմ բացառում, որ մի օր կարող եմ նկարչությանը տրվել պրոֆեսիոնալ մակարդակով:

-Որպես մտածող եւ ստեղծագործող մարդ՝ ներկայումս երիտասարդության շրջանում ի՞նչ մտահոգիչ միտումներ եք նկատում:

-Երիտասարդության մեջ կա մի սերուցք, որը գլխավոր արժեքները չի կործանում: Բայց երբեմն այնպիսի բաներ եմ տեսնում, որ աչքերիս չեմ հավատում: Օրինակ՝ ես ուղղագրությունից երբեք չեմ փայլել, բայց երբ տեսնում եմ այսօրվա որոշ երիտասարդների անգրագիտությունը, չեմ կարողանում սթափվել, մտածում եմ՝ սրա վերջն ինչ է լինելու…Գուցե հենց այդ անգրագիտության արտացոլումն էլ այսօրվա վատ երաժշտությունն է:

Ձեր երգերի մեջ, հատկապես՝ սիրային բնույթի գործերում, թախիծ կա. թիկունքում սիրո տխուր պատմություն ունե՞ք:

-Չէ, պարզապես այդպես է ստացվել…Տխուր պատմություններ չկան, կան ուրախ դրվագներ, հուսով եմ՝ շատ ավելի զվարթ պատմություններն առջեւում են: Սուտ կլինի, եթե ասեմ, որ անձնականի համար ժամանակ չի մնում, ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի: Պարզապես հիմա ուզում եմ ամուր կանգնել հողին, որպեսզի կարողանամ մտածել լիարժեք երջանկության մասին:

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս