Վերագործարկվել է եվս երկու հիմնանորոգված շատրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:
1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել են վնասված եզրաքարերը: Շատրվանի միջնամասի գեղարվեստական ձևավորման համար  օգտագործվել են ջրակայուն հատուկ ներկեր, իսկ երեկոյան ժամերին շատրավանն անցորդներին կհիացնի գեղազարդ լուսավորությամբ:
Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել մասնավոր կառույցներին` մայրաքաղաքային ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար:
“Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երևանցիներին: Մենք գույքագրել ենք մայրաքաղաքի չգործող բոլոր շատրվանները և վերագործարկման ենթական շատրվանների նորոգման նպատակով համապատասխան աշխատանքներ ենք տանում, որպեսզի անպայման վերականգնենք ու հանձնենք մեր բնակիչներին”,- նշել է քաղաքապետը:
Օղակաձև զբոսայգու շատրվանի մասով պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, պահպանելով կառույցի ճարտարապետական տեսքն ու լուծումները,  շատրվանը ձևավորվել է նաև գիշերային լուսավորությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել ու ծանոթացել է նաև Օղակաձև զբոսայգու շատրվանի հարակից տարածքներում կատարված կանաչապատման և ձևավորման աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս