Լեզվի տեսչության պետին չի մտահոգում երեխաների` դպրոցական օրը ռուսական երգով սկսելու հանգամանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ռուսաց լեզվին առանձին կարեւորություն տալ: Ամսվա սկզբին, օրինակ, մեկնարկել է ռուսական երգի փառատոնը. Գյումրիի մի քանի դպրոցներում երեխաները դպրոցական օրը ռուսական երգ ու պարով են սկսում, ռուս մանկավարժների խմբերը շրջում են Հայաստանի դպրոցներում ու բուհերում՝ ռուսերենը տարածելու համար, ռուս պաշտոնյաները հայաստանցիներին համարձակվում են հայտնել, որ ռուսերենը նրանց կյանքի, ապագայի լեզուն է եւ, ի վերջո, խոսվում է այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կփորձի ռուսերենին որոշակի կարգավիճակ տալ:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց՝ ամենատխուր փաստն այն է, որ երբ արտասահմանից սփյուռքահայերը գալիս են Հայաստան, նրանց հետ հաղորդակցվում են ռուս սահմանապահները ռուսերենով:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ կիսեց այդ մտահոգությունը. «Երբ տեղի է ունենում ոչ թե ռուսերենի, այլ ռուսի՝ սպիտակ արջի՝ որպես միակ փրկչի քարոզչություն, դա արդեն մտահոգիչ է»,-ընդգծեց նա:

Իսկ ահա լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարծում է, որ մտահոգվելու որեւէ պատճառ չկա: «Բնական է, որ շատ պետություններ շահագրգռված են, որ աշխարհի տարբեր երկրներում իրենց լեզվի ուսուցումը տարվի բարձր մակարդակով: Բայց քանի որ մեր պետական լեզուն հայերենն է, մենք որեւէ վտանգ կամ մարտահրավեր չենք տեսնում»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց նա:

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ վերջին շրջանում ինչու է տեսչության կողմից անցկացվող ստուգումների թիվը նվազել. «Որոշակի նվազում կա. դա օրենսդրական բացի հետեւանք է: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում խնդիրն օրակարգից դուրս կգա»,-պարզաբանեց նա՝ օրենսդրական բացին վերագրելով նաեւ տերմինաբանական կոմիտեի չգործելը:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ օլիգարխները վախեցրել են Սերգո Երիցյանին՝ թույլ չտալով իրենց օբյեկտներում ստուգումներ անցկացնել. «Չեմ ուզում անուններ տալ, բայց վերջերս տուգանվել են Ձեզ ամենահայտնի օլիգարխ-տնտեսվարող սուբյեկտներ»,-մեկնաբանեց տեսչության պետը՝ հերքելով լուրերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս