«Օրենքով գող» Զապին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով փաստաթղթերը Արթուր Օսիկյանի մոտ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը», դեռևս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և, ինչպես Armlur.am-ին հայտնեց Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը, իր տեղեկություններով՝ համապատասխան բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն՝ «օրենքով գողը» առողջական լուրջ խնդիրներ ունի և պետք է տեղափոխվի քաղաքային հիվանդանոց, այս պահին գտնվում են ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ:

«Սողոյանին՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցով դիմել է նաև ՔԿՀ բժիշկը: Թե ինչ է գտնում բժիշկը, չեմ կարող ասել, սակայն մենք դիմելու ենք անպայման»,- ասաց Վահագն Մարտիրոսյանը՝ միաժամանակ նշելով, որ իր պաշտպանյալի՝ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը մինչև երկուշաբթի կբողոքարկի՝ պատճառաբանությամբ, որ այն լիովին անհիմն է:

«Ակնհայտ անհիմն որոշում է: Այն երկարացման որոշում չէ, այլ առանձին կալանքի տեսակ է: Մեր օրենսգիրքը կալանքի տարբեր տեսակներ ունի՝ մեկը սովորական կալանքն է, երբ հանցագործությունը Հայաստանում է կատարվել: Մյուսը հանձնման համար կալանքն է, որն ունի երկու նպատակ՝ մեկը հանձնելու, մյուսը քրեական գործը ստանալու՝ վարույթը պահանջելու նպատակով է եղել: Սակայն որևէ հիմք չկա, և միանշանակ բողոքարկելու եմ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Զապն ու մեկ այլ «օրենքով գող» Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում նա դանակահարել է մեկ այլ մարդու, կրկին հայի, շփոթելով նրան «զոհի» հետ: Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել: 14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա՝ այս անգամ ևս նրան շփոթելով հայ գործարարի հետ: Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը: Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը:

Հիշեցնենք, որ «Նուբերաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանն ավելի վաղ «Ժողովուրդի» հետ զրույցում ասել էր, թե «օրենքով գողը» դեռևս պահվում է «կարանտինում»: Քրեական աշխարհում հեղինակություն վայելող կալանավորները, սովորաբար, «կարանտինում» շատ կարճ են մնում` մեկ օր, այն էլ` ձևական` օրենքի պահանջը չխախտելու համար: Ուստի այս դեպքում էլ կարող ենք ասել, որ «Զապը» հատուկ «ուշադրության» է արժանացել: Իսկ թե նման վերաբերմունքը նրա անձի համար լավ թե վատ հետևանք կունենա, ցույց կտա ժամանակը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցում Հայաստան ժամանած քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից: Ապա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել մեկամսյա կալանավորումը:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը` Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու համար:




Լրահոս