Հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր:
ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը: