ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉԶԱՐՄԱՆԱԼ. ՊԱՏԱՀՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի վրա ԱԺ պատգամավորները, այդ թվում եւ` ՀՀԿ-ական, վրդովել էին: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ, ով չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին: Բանն այնտեղ էր հասել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի էին տվել, եւ նա լքել էր նիստերի դահլիճը:

Նշենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր կարգավորել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու եւ պահպանելու կարգն ու պայմանները: ԱԺ վերջին արտահերթ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին չհաջողվեց «անցկացնել» ինչպես այս, այնպես էլ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչը ոչ իշխանական ուժերը ծափերով ողջունեցին:
Նախագծերի այս տապալումը ՀՀԿ-ականներից շատերը որակում էին որպես Ա. Մկրտչյանի «ձախողում», քանի որ, ըստ նրանց, փոխնախարարը չկարողացավ արժանահավատ կերպով ներկայացնել նախագծերը, որպեսզի խորհրդարանն այն ընդուներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի հետ` պարզելու համար նրա վերաբերմունքը իր հասցեին հնչող քննադատության շուրջ:
-Պարո՛ն Մկրտչյան, Աժ վերջին արտահերթ նստաշրջանի ժամանակ Ձեր կողմից ներկայացված երկու նախագիծ չընդունվեց, ավելին` դրանց քննարկումների ընթացքում Դուք հայտնվեցիք բուռն քննադատությունների թիրախում: Ինչո՞ւ, ի վերջո, Ձեզ չհաջողվեց նախագծերն «անցկացնել», պատճառը Ձեր ներկայացման ձե՞ւն էր, թե՞ նախագծերում առկա թերությունները:
-Պատճառը չգիտեմ, համենայնդեպս օրենքի նախագծի քննարկումների փուլն ու նախագծի աշխատանքային փուլը բավականին թափանցիկ է անցել, ու թերեւս նախագիծն իր կարգավորումների առումով բազմաթիվ… ե՛ւ պրոֆեսիոնալների, ե՛ւ մասնագիտական քննարկումների շարք է անցել, այդ թվում նաեւ՝ Ազգային ժողովում: Ինձ համար մի փոքր տարօրինակ է, եթե նախագծի վերաբերյալ կար թյուրընկալում կամ թյուրըմբռնում, ապա Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կարծիքներ են փոխանակվում, լրամշակումներ են կատարվում: Համենայնդեպս, սա նոր օրենք էր, ինքն իր կարգավորման տեսանկյունից բավականին համընդգրկուն ոլորտ կարգավորող օրենք էր, բնականաբար ողջամիտ է, որ Ազգային ժողովում կարող են լինել ցանկացած քննարկում, ցանկացած առաջարկներ: Ես ինքս եմ հայտարարել, որ մենք բաց ենք ցանկացած քննարկման համար:
-Իսկ Դուք ինքներդ գո՞հ էիք այն նախագծերից, որոնք ներկայացնում էիք, անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները չէին կարողանում թաքցնել իրենց բացասական վերաբերմունքն անձնական տվյալների հետ կապված նախագծի վերաբերյալ:
-Ես չգիտեմ՝ հանրապետական կուսակցությունը բողոքել է, թե ոչ: Ես չգիտեմ, թե Ձեր տեղեկատվության աղբյուրը որտեղից է, բայց, համենայնդեպս, ես նշեցի, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, որտեղ բավականին մեծ աշխատանք է կատարվել նաեւ նախագծի հետ: Մենք երբեւէ նախագծի առումով որեւէ պնդում չենք արել, որ նախագիծն այսպիսին է… նախագիծը բերվել էր բացարձակ որակի, եւ համազեկուցողը նույնպես այս թեմայի շուրջ այդ կարգավորումների մասին խոսեց: Բայց մենք ունենք մի ոլորտ, որտեղ իրավունքների մի ամբողջ ծավալ թերեւս այսօր պաշտպանված չէ, ու այդ նախագիծն ուղղված էր հենց մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանությանը: Իրականում թյուրընկալումներ կային, թե մարմինն ինչպիսի մարմին է եւ այլն:
-Լավ, եթե ամեն ինչ քննարկվել էր հանձնաժողովում, ու ամեն ինչ պարզ էր, ինչո՞ւ այդ դեպքում պատգամավորները նման կերպ արձագանքեցին Ձեր կողմից ներկայացված նախագծին: Գուցե՞ դա Ձեր անձի հետ էր կապված:
-Ես չգիտեմ՝ Ձեր տպավորություններն ու ընկալումներն ինչպիսին էին, ես Ազգային ժողովում հարցը ներկայացնելու ժամանակ փորձել եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել, որպեսզի իրենց մոտ հարց չառաջանա՝ ելնելով օրենքի կարգավորման շրջանակից: Դա Ազգային ժողով է, քննարկումներ են, ու մի զարմացեք, որ քննարկումները կարող են նաեւ այդպիսին լինել:
-Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ անձամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ներկայացնում նախագիծը, ընդդիմադիր պատգամավորների հետ խնդիրներ ունե՞ք:
-Ես, իհարկե, գուշակություններ չեմ կարող անել, Կառավարությունը որոշել էր ներկայացուցիչ նշանակել, ու Կառավարության ներկայացուցիչը հանդիսանում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալը:
-Իսկ հաջորդ անգամ այս նախագիծը էլի Դո՞ւք կներկայացնեք ԱԺ-ին:
-Դա կլինի Կառավարության որշումը, եթե որոշի, իհարկե:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես եւ խոստացել եմ եթերում, մինչեւ հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվն ավելին է, քան 44-ը»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Մնացական Մնացականյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ` պարզելու համար, թե ինչ մոտեցում ունեն Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնության վերաբերյալ:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն անհիմն եւ անիմաստ համարեց. «Այնքան հիմքերից զուրկ եւ աննիմաստ բան է այս ամենը, որ նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել: Մենք առաջիկա քառօրյայում բավականին լուրջ հարցեր ունենք քննարկելու, եւ չեմ կարծում, որ արժե դրա վրա կենտրոնանալ: Իրենց վրա ուշադրություն են ուզում գրավել պարզապես: էլի եմ ասում՝ լուրջ չեմ ընկալում նման հայտարարությունները, դրա համար չեմ էլ ուզում ծավալվել եւ մեկնաբանել»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը եւս Փաշինյանի նախաձեռնությունն անիմաստ է համարում. «Թող փորձի նման նախաձեռնությամբ հանդես գալ, բայց իմ կարծիքով՝ դա անիմաստ նախագիծ է: Եվ մի բան էլ ասեմ, նախագահին ընտրություններով է պետք փոխել, ընտրել: Պետք չէ ժամանակավրեպ քայլեր անել»:
Իսկ, ահա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը թեեւ դեմ չխոսեց այս նախաձեռնությանը, սակայն նաեւ խուսափեց իր հստակ դիրքորոշումը հայտնել. « Պետք է ասեմ, որ ընդդիմադիր պատգամավորների այս նախաձեռնությանը միանալը հնարավոր համարում եմ: Այսինքն՝ եթե որեւէ գործընթացի մասին խոսվում է, նշանակում է, որ միայն այդ խոսքով հանդես եկողը չէ, որ այդ գաղափարին կողմ է: Նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ խորհրդակցություն է, հավանաբար, տեղի ունեցել, այսինքն` նրա այդ նախաձեռնությանը սատարողներ կլինեն»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Ես չեմ կարող ասել իմ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ. որեւէ կոնկրետ բան դեռեւս չկա, ընթացքում պարզ կլինի: Ես չեմ կարող կանխատեսել` 44 ստորագրություն կհավաքվի, թե ոչ: Առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրներն արտահերթ ընթացակարգով որեւէ հարց են բարձրացնում, բայց, դե, որպես կանոն, հանրապետականների մեծ մասը չի քվեարկում կամ ներկա չի գտնվում, եւ այդ նիստը տեղի չի ունենում: Սա էլ նմանատիպ հերթական նախագիծն է, իմ կարծիքով»,-եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ՄԵՂԱՎՈՐԻՆ» ԳՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, քանի որ նա քրեական գործի փաստաթղթերը դատախազություն ուղարկելու փոխարեն հասցեագրել է ոստիկանությանը: Քննչական կոմիտեի քննիչների կողմից պաշտոնազանցության փաստով հարուցված գործերից մեկը հենց այս պատմության արդյունքն է: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ դատախազություն-քննչական կոմիտե հակամարտությունում, ի վերջո, գտել են «մեղավորին»: Այդ դերը որոշել են վերապահել գործավարուհուն, որպեսզի քննիչներին «մաքրեն»:

 

ԿՈՐՑՐԵԼ ԵՆ
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել եւ այլն: Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի: Ոստիկաններն արդեն մի քանի օր է՝ փնտրում են իրենց մեղադրյալին: Ի դեպ, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը մեզ հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՝ ասելով, որ նման բան չի եղել:

 

ՋԱՆ, ԱԽՊԵՐՍ
Կիրակի Գյումրիում նշվել է Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 80-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՍԵՀ նախարար Գաբրիել Ղազարյանը, տարբեր բուհերի ռեկտորներ: Միջոցառման ժամանակ երեք հոգի արժանացել են Սերժ Սարգսյանի պարգեւներին: Մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի քույրը` նշված բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, պարգեւատրվել է երախտագիտության մեդալով: Փոխարենը Սերժ Սարգսյանի պարգեւներից ԲՈՒՀ-ի ռեկտորին բաժին չի հասել: Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը որոշել է Անահիտ Ֆարմանյանին պարգեւատրել նրա եղբոր՝ վերջին շրջանում ծավալած գործունեության, մասնավորապես՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ տուրուդմփոց սարքելու համար:

 

ԳՐԱՎԱԴՐԵԼ ԵՆ
Պարզվում է՝ ֆերմերները եւս սկսել են իրենց ֆերմաները բանկերում գրավադրել եւ չկարողանալով վարկը մարել՝ ստիպված են լինում իրենց ֆերմաները հանձնել բանկերին: Նման հերթական դեպքը արձանագրվել է Տավուշի մարզում: Տարիների պատմություն ունեցող ֆերմերներից մեկը, չկարողանալով մարել բանկերից մեկից վերցրած վարկը, ԴԱՀԿ-ի կողմից հանվել է աճուրդի: Աճուրդի հանված անասնապահական ֆերմայի մեկնարկային գինը 3 մլն 369 հազար 699 դրամ: Երեկվա դրությամբ ֆերմայի համար հայտ դեռեւս չէր ներկայացվել:

 




Լրահոս