ՈՐՏԵ՞Ղ Է ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ՀԷՑ-ԻՑ ՏԱՐԵԿԱՆ 13,3 ՏՈԿՈՍ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 158 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 277 ՄՎտ եւ վերջին տարվա արդյունքներով՝ տարեկան արտադրել են 831,1 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Տեղեկացնենք, որ Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեն 189 ընկերություններ: Այսինքն՝ ՓՀԷԿ-ներից բացի՝ էլեկտրաէներգիա են արտադրում եւս 21 ընկերություններ, որոնց թվում են Մեծամորի ատոմակայանը, Երեւանի ՋԷԿ-ը, Հրազդանի հին ՋԷԿ-ը եւ նոր 5-րդ բլոկը, «Որոտանի» ՀԷԿ-ը եւ այսպես շարունակ:
ՀԾԿ հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած 2013 թվականի արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մատակարարվել է 6 միլիարդ 341,7 միլիոն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա: Նշված թվից 647,9 միլիոնը բաժին է հասնում փոքր ՀԷԿ-երին, 982,7 միլիոնը` «Որոտանի» ՀԷԿ-ին, 2 միլիարդ 167,6 միլիոնը` Մեծամորի ՀԱԷԿ-ին, 702,1 միլիոնը` «Երեւան» ՋԷԿ-ին եւ 74,9 միլիոնը՝ «Ձորագետ հիդրոյին»: Վերը թվարկված էլեկտրաէներգիա արտադրողներին հատուկ ենք առանձնացրել, քանի որ նրանց արտադրած էլէներգիայի սակագինը բավական ցածր է, եւ եթե միայն նրանց արտադրվածը հանրապետությունում սպառվեր, ապա ՀԾԿ հանձնաժողովը ոչ մի դեպքում չէր կարողանա 30 դրամից ավել էլէներգիայի սակագին սահմանել: Վերը թվարկված ընկերություններից ամենաթանկը փոքր ՀԷԿ-երի եւ «Ձորագետ հիդրոյի» արտադրած էլեներգիան է մատակարարվում էլեկտրական ցանցերին` մոտ 24 դրամ 1 ԿՎտ/ժ-ը: Այսպես կոչված էժան էլէներգիա արտադրողների ընդհանուր թիվը՝ անցած տարվա ամփոփ տվյաներով, կազմել է 4 միլիարդ 575,5 միլիոն ԿՎտ/ժ կամ նույն է թե՝ ընդհանուր սպառված էլէներգիայի 72 տոկոսը:
Նշենք, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի ներկայիս սակագնի համար Հայաստանի բնակչությունը պարտական է Հրազդանի հին ՋԷԿ-ին եւ մի քանի տարի առաջ շահագործման հանձնված 5-րդ բլոկին: Նշված ՋԷԿ-ի արտադրած էլէներգիան Հայաստանի էլեկտրական ցանցերին մատակարարվում է մոտ 40 դրամ 1 ԿՎտ/ժ-ը սակագնով: Հին «Հրազդան» ՋԷԿ-ն անցած տարի ՀԷՑ-ին մատակարարել է 643,9 միլիոն ԿՎտ/ժ էլէներգիա, իսկ Հրազդան ՋԷԿ-ի «5-րդ բլոկը» 632,2 միլիոն ԿՎտ/ժ էլէներգիա: Ի դեպ, ինչպես այս տարվա ամռանը պաշտոնապես հայտարարվեց՝ անցած տարի Հրազդան ՋԷԿ-ից ՀԷՑ-ը սովորականից շատ հոսանք է գնել, քանի որ Մեծամորի ՀԱԷԿ-ը 80 օր էլէներգիա չի արտադրել վերանորոգման նպատակով կանգնած լինելու պատճառով: Իհարկե, պաշտոնական պատճառաբանությունը, մեղմ ասած, սուտ էր, բայց դրա մասին շատ է գրվել, եւ այս նյութի շրջանակներում դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ: Արձանագրենք, որ Հրազդան ՋԷԿ-ից գնված էլէներգիայի անցած տարվա ամփոփ տվյալը կազմել է 1 միլիարդ 276,1 միլիոն ԿՎտ/ժ կամ ընդհանուր սպառվածի 20,1 տոկոսը:
ՀԾԿ հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀԷՑ-ի կորուստներն անցած տարի կազմել են 13,3 տոկոս` 810 միլիոն ԿՎտ/ժ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե այդ կորուստները չլինեին կամ գոնե 2-3 տոկոսի սահմաններում լինեին, ապա Հրազդան ՋԷԿ-ից գնված էլէներգիայի մոտ 60 տոկոսի կարիքն ընդհանրապես չէր զգացվի: Ավելին՝ ցանկության դեպքում ՀԷՑ-ը կարող է Երեւան ՋԷԿ-ից էլէներգիա գնել, որի էլէներգիայի սակագինը մոտ 20 դրամ է:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ եթե Հայաստանի կառավարման համակարգը, ինչպես որ այժմ է, կոռումպացված չլիներ եւ իսկապես քաղաքացիների բարօրության մասին մտածեր, ապա էլէներգիայի սակագինը մոտ 10 դրամով կամ նույն է թե՝ մոտ 30 տոկոսով ավելի էժան կլիներ:
Ի դեպ, այն հանգամանքը, որ ՓՀԷԿ-երի շինարարության հետ կապված պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում, նույնպես Հայաստանի կառավարման համակարգի կոռումպացվածությամբ է պայմանավորված: Բնապահպանական խնդիրները հաշվի առնելու դեպքում ՓՀԷԿ-երի շինարարությունը զգալի կթանկանա, ուստի դրանց սեփականատերերը նախընտրում են հենց այդ էժան տարբերակը: Իսկ եթե նրանք նման հնարավորություն չունենան եւ համոզված լինեն, որ նման նախագծերը չեն հաստատվի, կամ շինարարության ժամանակ կարող են պատասխանատվության ենթարկվել, կգործեն օրենքի շրջանակներում` ապահովելով, որ իրենց ՀԷԿ-ի շինարարությունը բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառի եւ հետագա շահագործումն էլ բնապահպանական խնդիրներ չառաջացնի:
Այն հանգամանքը, որ Հայաստանում որքան հնարավոր է՝ շատ ՓՀԷԿ-եր պիտի լինեն, ակնհայտ է, եւ քննարկելու կարիք չկա: Պարզապես ներկայիս պայմաններում այդ գործընթացն իրականացվում է կոռուպցիոն սխեմաներով, ինչի արդյունքում էլ ՓՀԷԿ-երի շինարարությունների հետ կապված պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում:
Ի դեպ, ՀԾԿ հանձնաժողովի կողմից տարբեր տարիներին տրված լիցենզիաների հիման վրա ներկայումս կառուցման փուլում են գտնվում 59 փոքր հիդրոէլեկտրակայաններ: Նոր կառուցվող ՓՀԷԿ-ների նախագծային հզորությունը 119 ՄՎտ է, ենթադրվում է, որ այդ ՓՀԷԿ-ները տարեկան կարտադրեն 415,2 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
Շաբաթ օրը Արցախի պաշտպանական բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն:
-Մենք, որպես զինվորի կյանքը գնահատող եւ միջազգային սկզբունքները հարգող կողմ, պարտավոր էինք սկզբից փորձել հումանիտար իրավունքով նախատեսված ընթացակարգերով վերցնել մեր օդաչուների մարմինները: Հետո՝ այդ մեթոդի անհաջողության պարագայում, կիրառել հատուկ գործողության տարբերակը: Եթե նույնիսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի ռիսկը մեծ լիներ, մենք այդ քայլին պետք է գնայինք: Սակայն, ելնելով նրանց անգամ զգուշավոր արձագանքներից, տողատակերում տեսանելի էր Բաքվի հանդեպ առկա հիասթափությունը, քանի որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բախվել էին ադրբեջանական ֆաշիստական պատին: Մյուս կողմից՝ ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանն այդ պայմաններում, մանավանդ որ պատշաճ դատապարտող պատասխաններ չեղան Ադրբեջանի սադրիչ կրակոցին, որով խոցվեց մեր ուղղաթիռը: Մեր առաջնային սկզբունքը հայ մարդու անվտանգության ապահովումն է (այդ թվում՝ այն զինվորի, ով պետք էր ռիսկի տակ դներ իր կյանքը հատուկ գործողության ժամանակ), այլ ոչ թե միջազգային այս կամ այն կառույցին հաճո վարք դրսեւորելը: Եվ գլխավորապես հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել ենք:

 

ՏԱՐՈՆԻՆ  ՉՄՈՌԱՆԱՔ
Ռուսաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ երգչուհի Վերա Բրեժնեւան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանում է: «Ժողովուրդ»-ը տեղակացավ, որ երգչուհին Հայաստան է եկել ՄԱԿ-ի գրասենյակի հրավերով: Այսօր երգչուհին ասուլիս է տալու, որից հետո հանդիպելու է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Հետաքրքիր է, թե այս հանդիպմանն իրեն ինչպե՞ս «կդրսեւորի» նախարարը: Հիշեցնենք, որ երբ 2012-ին Հայաստան եկավ ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան, նրա եւ Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հանդիպումը երկար ժամանակ քննարկվող հիմնական թեմաներից մեկն էր:

 

ԿԸՆԴՈՒՆԵՆ, ԹԵ ՈՉ
Դեկտեմբերի 2-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում պետք է որոշվի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի դեմ ներկայացված դիմումն ընդունել-չընդունելու հարցը: Նիստը դռնփակ կլինի: Դիմումը վերաբերում է 2014թ. նոյեմբերի 2-ին ԼՂՀ-ի ԱԺ-ում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը դռնփակ անցկացնելու հայտնի պատմությանը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՆՇԱՆԱԿՎԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է ԱԺ ընդունած «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այսպիսով` այլեւս ոչինչ չի խանգարում ՀՀ Կառավարությունում նոր նշանակումներ կատարելուն, այն է` Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ եւ նորաստեղծ միջազգային ինտեգրացիայի նախարար, իսկ Արմեն Երիցյանին` միավորվող ՏԿ եւ ԱԻՆ նախարար նշանակելուն:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Րաֆֆի Հովհաննիսյանն անցած շաբաթվա վերջին հանդիպել է Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ: Քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաեւ՝ ԼՂՀ, Թուրքիայի ու Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր:

 

ԻՍԿ ԱՅԴՊԻՍԻ ՔԱՅԼԵՐ ԿԱ՞Ն
«Առաքելություն» կուսակցությունը, վերահաստատելով իր մտահոգությունը առ այն, որ երկրում ստեղծված իրավիճակը խոչընդոտում է ՀՀ բնականոն զարգացմանը եւ չի ապահովում տարրական պայմաններ քաղաքացու բարեկեցության համար, միանում է համաժողովրդական շարժման կողմից հռչակած իշխանափոխության պահանջին եւ աջակցություն հայտնում համաժողովրդական շարժման՝ իշխանափոխությանն ուղղված քայլերին: Այս մասին ասված է կուսակցության` երեկ տարածած հայտարարությունում:

 

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նոյեմբերի 23-ին նա այցելել է Լոս Անջելեսի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված կիրակնօրյա պատարագին:

 

ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են կուսակցության կազմակերպական եւ կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղխորհրդի որոշմամբ՝ ՕԵԿ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը, իսկ արտաքին կապերի պատասխանատու` Պողոս Շահինյանը:

 

ՄԱՆԿԱՊԻՂԾ Է
66-ամյա Թերրի Բինը, ով 2012-ին ավելի քան կես միլիոն դոլար էր հավաքել Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի համար եւ պահպանում է մտերիմ հարաբերությունները Օբամաների ընտանիքի հետ, մեղադրվում է 15-ամյա պատանու հետ ապօրինի սեռական կապի մեջ: Նշենք, որ Բինը գլխավորում է համասեռամոլների իրավունքների համար պայքարի խումբը:

 

ՔԼԻՆԹՈՆԸ  ՀԱՋՈՐԴՆ Է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը հրաշալի նախագահ կարող է դառնալ, եթե որոշի մասնակցել 2016 թ.-ի ընտրություններին: Հիշեցնենք, որ 2008թ.-ին Քլինթոնը տանուլ էր տվել Օբամային՝ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի ընտրություններում: Ենթադրվում է, որ 67-ամյա Քլինթոնը նախագահական ընտրություններում մասնակցելու որոշումը կկայացնի 2015թ.-ի սկզբին:

 




Լրահոս