ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Երեկ Երեւանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների հոգեհանգստի արարողակարգը: Հայ զինվորների հոգեհանգստին ներկա են եղել ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորներ, այլեւ հասարակ քաղաքացիներ, որոնք իրենց պարտքն են համարել ներկա գտնվել եւ հրաժեշտ տալ մեր քաջարի հայորդիներին:

 

 
ՀԱՐՑ. Վերջերս դատապարտյալները շատ են բողոքում իրենց պայմաններից: Մասնավորապես Վանաձորի ՔԿՀ-ի դատապարտյալները դժգոհում են, որ լոգարանները նորոգման փուլում են, եւ նրանք չեն կարողանում լողանալ, իրենց սեփական միջոցներով գնում են սառնարաններ, որպեսզի ուտելիքը թարմ մնա, նաեւ այլ խնդիրներ կան` կապված սննդի անվտանգության հետ: Սակայն խնդիրներն առկա են ոչ միայն այս հիմնարկում, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարությունը տեղյակ է դատապարտյալների խնդիրների մասին եւ ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում դրանց լուծման համար:

Աիդա Գեղամյան (29 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի լոգասենյակները գտնվել են վերանորոգման մեջ, սակայն վերանորոգումը կատարվել է հերթականությամբ` հարկ-հարկ, ինչը թույլ է տվել տվյալ հարկի դատապարտյալներին լոգանք տրամադրել մեկ այլ հարկում գտնվող լոգասենյակներում: Արդյունքում լոգանք ընդունելու` օրենսդրությամբ սահմանված իրավունքից որեւէ դատապարտյալ կամ կալանավորված անձ չի զրկվել: Ներկայում բոլոր հարկերում գտնվող լոգասենյակները շահագործվում են:
Քրեակատարողական հիմնարկը խցերում սառնարաններ տեղադրելու պարտավորություն չունի: Հայաստանի Հանրապետության Կառավարության 03.08.2006 թվականի N1543-Ն որոշման հավելվածի ձեւ N 2-ի 16-րդ կետի ժէ) ենթակետով սահմանվում է, որ դատապարտյալը կամ կալանավորված անձը քրեակատարողական հիմնարկում գործող խանութից կամ կրպակից կարող է գնել փոքր չափերի սառնարան:

ՀՀ ԱՆ ՔԿ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում կալանավորվածների եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը մոտ 5.000 է: Եվ չնայած Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին, այդուամենայնիվ, ՀՀ ՔԿՀ-ներում վիճակը բարվոք չէ: Հայաստանի բանտերը շարունակում են մնալ գերծանրաբեռնված, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Հուսանք այս խնդիրը մասամբ կլուծվի նոր բանտերի գործարկման արդյունքում:

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե ամուսինը երեխայի ալիմենտը վճարելու ընթացքում զրկվում է աշխատանքից եւ չի կարողանում վճարել, ապա տվյալ դեպքում ի՞նչ միջոցներով պետք է կատարի ալիմենտային պարտավորությունը:

Հայկ Մարկոսյան (43 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 61.1. հոդվածի համաձայն՝ «Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչեւ 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով եւ պարբերականությամբ:
Եթե մինչեւ կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը, պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:

Դատական ակտերի հարկադիր պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացին չի կարողանում վճարել ալիմենտը, չունի այլ եկամտային աղբյուր, ապա ալիմենտը բռնագանձվում է պարտապանի, տվյալ դեպքում՝ ալիմենտ վճարողի գույքից՝ սահմանված չափով եւ պարբերականությամբ: Իսկ եթե ալիմենտային պարտավորությունը ինչ-ինչ պատճառներով դադարել է, ապա գույքից ստացված մնացած գումարները, այսինքն՝ ավելացված մասը, վերադարձվում են ալիմենտ վճարողին, այսինքն՝ պարտապանին:




Լրահոս