Վերջին մի քանի օրերին միջազգային լրահոսի հիմնական թեմաները նավթի միջազգային գինն է եւ դրանից բխող տնտեսական զարգացումները, մասնավորապես՝ ռուսական ռուբլու փոխարժեքի հերթական հակառեկորդները: Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 25-ին, երբ Վիեննայում հանդիպել էին Ռուսաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները:
Ռուսական կողմը հույս ուներ, որ այդ հանդիպման արդյունքում մասնակիցները կորոշեն նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները: Սակայն այդ կանխատեսումը չիրականացավ, եւ այն բանից հետո, երբ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հանդիպումից հետո հայտարարեց, որ իրենք չեն նախատեսում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները, միջազգային շուկան անմիջապես արձագանքեց: Այս հայտարարությունից րոպեներ չանցած՝ նավթի գինը կրկին կտրուկ նվազեց մինչեւ 78 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազեց մինչեւ մեկ դոլարը՝ 47 ռուբլի:
Վիեննայի հանդիպումը ռուսական կողմի համար շատ կարեւոր էր, որովհետեւ նոյեմբերի 27-ին պետք է տեղի ունենար նավթ արդյունահանող երկրների կոմիտեի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը: Ռուսաստանը եւ Մեքսիկան այդ կազմակերպության անդամներ չեն: Եթե վերը նշված չորս երկրներին հաջողվեր համաձայնության գալ, ապա առավել հավանական էր, որ նավթ արդյունահանող երկրների կոմիտեն եւս որոշեր նավթի արդյունահանման ծավալները նվազեցնել եւ թույլ չտալ այդ ապրանքի միջազգային գների նվազում:
Սակայն նոյեմբերի 27-ին նավթ արդյունահանող երկրները հայտարարեցին, որ չեն պատրաստվում նավթի արդյունահանման ծավալները նվազեցնել, ինչին միջազգային շուկան արձագանքեց անմիջապես` նավթի գինը նվազեց մինչեւ 73 դոլար` մեկ բարելի դիմաց, իսկ ռուբլին արժեզրկվեց մինչեւ մեկ դոլարը՝ 48,70 ռուբլի: Օրեր առաջ միջազգային շուկայում նավթի գինը շարունակում էր տատանվել 71-ից 73 դոլարի միջակայքում, իսկ ռուբլու փոխարժեքն ընդհուպ մոտեցավ 1 դոլարը՝ 50 ռուբլի սահմանագծին: Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում Ռուսաստանին «բաց թողնել», եւ ամեն ինչ անելու են՝ վերջինիս տնտեսությունը մինչեւ վերջ ծնկի բերելու համար:
Հայաստանի տնտեսությունը ռուսականից գտնվում է ուղղակի կախվածության մեջ, եւ նման զարգացումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ: Ուստի բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները միջազգային զարգացումների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը մեղմելու համար: ՀՀ իշխանությունները զբաղված են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացման գործընթացով: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ միջազգային զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսությունը հնարավորինս շատ տուժի:
Հայաստանի պաշտոնյաների, եւ ոչ միայն նրանց, այլեւ մեր հանրապետության բնակչության մի զգալի մասի մոտ կարծրացած է այն տեսակետը, որ Ռուսաստանը մեծ երկիր է, եւ նրան տնտեսությունը ծնկի բերելն այդքան հեշտ չի լինի: ԽՍՀՄ-ը ավելի մեծ եւ հզոր պետություն էր, բայց սառը պատերազմի արդյունքում` նավթի գների անկումից հետո, ստիպված էր մթերքը կտրոններով վաճառել: Նույնիսկ ռուս տնտեսագետներն են ընդունում, որ նավթի գների ներկա պայմաններում ռուսական տնտեսությունը փրկվելու շանս չունի, իսկ եթե նավթը շարունակի ավելի էժանանալ, թերեւս հենց այդպես էլ կլինի, ապա Ռուսաստանի տնտեսությունը դատապարտված է:
ՌԴ-ի՝ 2015-ի պետական բյուջեի հետ տեղի ունեցածն արդեն հուշում է, թե ինչ ծանր կացության մեջ է հայտնվել այդ երկիրը: Ռուսաստանի 2015-ի բյուջեի եկամտային մասը 15 տրիլիոն 100 միլիարդ ռուբլի է: Ռուբլու ներկա փոխարժեքով դա կազմում է 302 միլիարդ դոլար: Ռուսաստանի՝ 2013-ի բյուջեն 439 միլիարդ դոլար է եղել: 2013-ի ռուբլով Ռուսաստանի բյուջեն եղել 14 տրիլիոն 500 միլիարդ: Այսինքն՝ վերջին երեք ամիսների ռուբլու արժեզրկման արդյունքում Ռուսաստանի բյուջեն կորցրել է մոտ 150 միլիարդ դոլար: ՌԴ-ի ներկայիս բյուջեն, ասենք Հոլադիայի բյուջեից, պակաս է մոտ 70 միլիարդ դոլարով, Ավստրալիայից եւ Իսպանիայից` մոտ 200 միլիարդով, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ այն փաստը, որ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, այս դեպքում ավելի վատ դեր է խաղում, քանի որ անհրաժեշտ է համարժեք տնտեսություն ունենալ: Իսկ եթե, ինչպես Ռուսաստանի դեպքում է, անհրաժեշտ տնտեսությունը բացակայում է, ապա երկիրը հայտնվում է այն ծանր վիճակում, որում ՌԴ-ն է:
Ստեղծված վիճակում ԵՏՄ-ին անդամակցությունն այլ կերպ, քան անմեղսունակություն, հնարավոր չէ որակել, որովհետեւ գիտակցություն ունեցող մարդն ինքնուրույն չի կանգնի փլվող տանիքի տակ:
Վահագն Հովակիմյան