«Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որը կապված է մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների հետ: Այս գործով նշանակված է փորձաքննություն: Նշենք, որ 2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1.000 միլիմետրից 1.200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն:

2012 թվականի մայիսից Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի հարուցվի քրեական գործ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար:

Այդ դիմումն ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր: Սակայն դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկել:

Սկզբում Գետահովտի բնակիչները բողոքել են «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ, որովհետեւ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում գետի ձկնային պաշարները: Սակայն բողոքող ձայները լռեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն Գետահովտում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է:

Ոսկան Սարգսյան




Լրահոս