Որն է կարտոֆիլի պակասի և իրացման գլխավոր խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղացած կարկուտն ու վրա հասած երաշտն այս տարի պատճառ դարձան, որ բերքն արդյունավետ չլինի: Շիրակի եւ Կոտայքի մարզերում 2014 թվականի կարտոֆիլի բերքն առատ չէ: Շիրակի մարզի գյուղվարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ակնկալում էին բերքի 5.000 տոննայի աճ, մինչդեռ նվազեց 15.000 տոննայով:

Նշենք, որ կարտոֆիլի բերքի ստացման մեծ ակնկալիք ունեին նաեւ Կոտայքի մարզի բնակիչները, սակայն մարզի Աղավնաձոր համայնքը, որն հայտնի է կարտոֆիլի բերքատվությամբ, այս տարի նույնպես քիչ բերք է ստացել: Գյուղացիների խոսքերով՝ ճիշտ է՝ բերքատվությունը ցածր է, փոխարենը բարձր է բերքի որակը: Բայց չնայած դրան՝ իրացման խնդիր կա: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ գյուղացիների մեծ մասը կարտոֆիլը ձեռքին մնացել է միայնակ: Հայրենի պաշտոնյաներն իրացման խնդիր չեն տեսնում, նշում են, որ արտադրանքը արտահանվում է հարեւան Վրաստանի Հանրապետություն եւ լավ է վաճառվում մայրաքաղաք Երեւանում:

Մինչդեռ ֆերմերները հակառակն են պնդում. վերջիններս վստահեցնում են, որ Վրաստան կարտոֆիլ չի արտահանվում՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ Ռուսաստանի Դաշնություն՝ նույնպես: Եթե նախկինում ֆերմերային տնտեսությունները բերքի 70 տոկոսն արդեն իրացրած էին լինում աշնան կեսերին, ապա այս տարի իրացրել են բերքի 30-40 տոկոսը:

Նշենք՝ կարտոֆիլի պակասի եւ իրացման գլխավոր խնդիրը գնային քաղաքականությունն է: Նախորդ տարի այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժեր 100 դրամ, այսօր շուկայում կրկնակի է: Սակայն, ինչպես նշեցին վաճառողները, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ մեծածախ վաճառքի դեպքում արժեքը տատանվում էր կիլոգրամը 180-ի 200 դրամ, հիմա պատրաստ են վաճառել 150 դրամով, այլապես բերքն ընդհանրապես չի իրացվի:

Արեւիկ Հակոբյան




Լրահոս