Արդեն քանի օր շարունակ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի բիզնես-գործունեությունը վտանգի տակ է հայտնվել: Անգամ տեղեկություններ կան, որ Ն. Նազարյանն այժմ «լծվել» է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելու գործին: Նշվում է նաեւ, որ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը եւս ամեն ինչ անում է, որպեսզի իր բիզնեսները «փրկի» ու այն ՀՀ-ից տեղափոխի ՌԴ:
Իսկ «Երկիր»-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետն այժմ փորձում է ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ Ա. Նազարյանն էլ Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես է սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ն. Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ի՞նչ են ցանկանում անել հայր եւ որդի, իսկապե՞ս նրանց ֆինանսական, բիզնես-գործունեությունն այդքան վատ է, որ վերջիններս որոշել են լքել Հայաստանը:
-Պարո՛ն Նազարյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ Ձեր եւ Ձեր հոր բիզնես-գործունեությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում: Իսկապե՞ս ցանկանում եք այսուհետ բիզնես գործունեություն ծավալել Ռուսաստանի Դաշնությունում:
-Անկեղծ ասեմ՝ անհեթեթ տեղեկություններ են դրանք: Իրականում նման բան չկա, պարոն Նազարյանը բիզնեսի հետ որեւէ կապ չունի, որեւէ բիզնես չունի: Ինքը Հայաստանում է ու չի պատրաստվում ինչ-որ տեղ տեղափոխվել, ընդհանրապես նման խնդիր գոյություն չունի: Բիզնեսով ես եմ զբաղվում, ու բոլորն էլ գիտեն, որ բիզնեսում եղել են պրոբլեմներ, որոնք որ կարգավորվում են: Իսկ այդ տեղեկությունները, թե Մոսկվայում բիզնես ենք ստեղծում, սուպերմարկետներ ենք կառուցում, չգիտեմ էլ ինչ, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նշված այդ խնդիրների հետ ես ու պարոն Նազարյանը որեւէ առնչություն չունենք:
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է վերջին ժամանակահատվածում անընդհատ նշվում, որ Ներսես Նազարյանի բիզնես ոլորտներում խնդիր կա: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այդ ամենը, ի վերջո, առանց կրակ ծուխ չի լինում:
-Չեմ կարող ասել, ուղղակի մարդիկ կան, որ ինչ-որ բաների հետ չեն կարողանում համակերպվել, երեւի դա է խնդիրը: Չգիտեմ՝ չար մարդիկ են, չար ուժեր են, որոնք անընդհատ փորձում են ինչ-որ լրատվամիջոցների միջոցով վատ եւ անիրական տեղեկություններ տարածել: Բայց չեմ հասկանում, թե ինչի՞ համար:
-Այդ դեպքում որտե՞ղ է գտնվում Ներսես Նազարյանը, ի՞նչ գործունեությամբ է զբաղված: Տեղեկություններ կար, որ նա անհամբեր սպասում է, որ իրեն կրկին պաշտոնի կնշանակեն: Կա՞ իրականում նման բան:
-Պարոն Նազարյանը Հայաստանում է, տանն է, առայժմ ոչ մի բանով չի զբաղվում, որեւէ գործունեություն չի ծավալել, հանգստանում է, ոչ մի բանով չի զբաղվում: Սպորտով է զբաղվում, մի խոսքով՝ հանգստանում է: Չկա նման բան: Նա որեւէ բիզնեսի հետ որեւէ առնչություն չունի, եթե ինչ-որ բիզնեսի հետ կապ ունենար, կարծում եմ, դրա մասին ամբողջ աշխարհը կիմանար: Պետական անձ է, գեներալ մարդ է, բիզնեսն ուր, ինքը ուր, դրանք տարբեր բաներ են: Չի կարելի անընդհատ անտեղի տեղը մարդկանց անդորրը խանգարել: Սուտ ինֆորմացիաններով մարդիկ փորձում են ինչ-որ վատություններ անել, ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հանգամանքներից ելնելով են նման բաներ անում: Անկեղծ չեմ հասկանում այդ մարդկանց: Ուղղակի մի բան պետք է հասկանալ, արդեն իսկապես շատ տհաճ է: Հա, եթե ինչ-որ մի բան է լինում, թող մարդիկ տեղեկացնեն, գրեն, բայց նման դեպքերում ինֆորմացիան արդեն տհաճ է դառնում:
Մարդուն ուզում են անընդհատ վարկաբեկել, անընդհատ ուզում են ցավ պատճառել, որն անկեղծ եմ ասում՝ նորմալ երեւույթ չի: Հա՛, իմ անձնական բիզնեսում խնդիրներ եղել են, բայց, ախր, նման բաներ բոլորի բիզնեսներում էլ լինում է: Իսկ այդ խնդիրները կարգավորվում են, լուծվում են, փոխանակ պադերշկա անեք… Հայ գործարար եմ, խոշոր հարկատու, փոխանակ պադերշկա անեն, մարդ ոտքի կանգնի, ավելի՝ փորձում են վատ բաներ գրել: Հիմա մեր բիզնեսում էլ խնդիրներ եղան, հիմա կարգավորվում է, բանկերը մեզ ահագին ընդառաջ գնացին, մինչեւ նոր տարին վիճակը կկարգավորվի:
-Նշվում է նաեւ, որ Դուք Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես եք սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ: Ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:
-Նա հոյակապ անձնավորություն է, որն իմ ընկերն է, ու ձեր նշվածի հետ ինքը որեւէ առնչություն չունի: Բայց մենք իրար հետ որեւէ գործ չենք անում: Ինքն արտասահմանում է աշխատում, բայց մենք իրար հետ բիզնես-գործունեությամբ չենք զբաղվում: Զուտ ընկերներ ենք, ում բավական երկար ժամանակ է՝ չեմ էլ տեսել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ