Լիմասոլում մրցապայքարն ավարտեցին մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 10 մասնակիցները: Նրանց թվում էր նաև այս ստուգատեսում Հայաստանի վերջին պատվիրակը՝ Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան), ով այս քաշային կարգի ֆավորիտներից մեկն էր համարվում:
Մեդալների համար հիմնական պայքարը ծավալվեց հենց Մարտիրոսյանի, Լեհաստանը ներկայացնող 20-ամյա Յարոսլավ Սամորայի ու Ռուսաստանի պատվիրակ, 19-ամյա Մարչել Գուիդյայի միջև: Սիմոնը պոկում վարժության բոլոր 3 մոտեցումներն էլ փայլուն կատարեց ու վստահորեն նվաճեց փոքր ոսկե մեդալը: Նա ոչ միայն 2-րդ տեղը գրաված Ռուսաստանի ներկայացուցչից 9 կգ-ով առաջ անցավ, այլ նաև արձանագրած 184 կգ արդյունքով աշխարհի պատանեկան նոր ռեկորդ սահմանեց` իրեն իսկ պատկանող ռեկորդային ցուցանիշը թարմացնելով 1 կգ-ով:
Հրում վարժության 1-ին մոտեցումը հստակ ու անթերի կատարելով` Սիմոնը 210 կգ-անոց ծանրաձողը գլխավերևում պահեց և թված այլևս ոչինչ չի կարող խանգարել պատանի ծանրորդին երիտասարդների Եվրոպայի չեմպիոն հռչակվելու համար: Սակայն, ցավոք, հաջորդ 2 մոտեցումների ժամանակ նրան չհաջողվեց իր կամքին ենթարկել 217 կգ-անոց ծանրաձողն ու այս վարժությունում և ինչպես հետո պարզվեց նաև երկամարտում ոսկե մեդալը զիջեց ռուսաստանցի Մարչել Գուիդյային: Հրում վարժությունում վերջինս արձանագրեց 219 կգ արդյունք ու ոսկե մեդալի արժանացավ: Սիմոնը ստիպված էր բավարարվել փոքր արծաթե մեդալով: Երկու վարժությունում էլ լեհաստանցի ծանրորդ Յարոսլավ Սամորան, որը գրանցեց համապատասխանբար՝ 171 կգ և 200 կգ արդյունքները փոքր բրոնզե մեդալներ նվաճեց:
Երկամարտում, ի վերջո, թե՛ Մարտիրոսյանը, և թե՛ Գուիդյան մրցելույթը ավարտեցին միևնույն՝ 394 կգ արդյունքով: Սակայն, քանի որ ռուսաստանցին անձնական քաշով 4,75 կգ-ով ավելի թեթև էր Սիմոնից, ապա նա էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ պատանի հայ ծանրորդն այս անգամ բավարարվեց երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնի տիտողոսով:
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանի 11 պատվիրակներից 5-ը դարձան մրցանակակիր՝ վերստին հաստատելով հայկական ծանրամարտի դպրոցի բարձր կարգը: Եվրոպայի չեմպինոուհի դարձավ Իզաբելա Յայլյանը (58 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Սմբատ Մարգարյանը (56 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), իսկ Հակոբ Մկրտչյանն էլ (77 կգ) արժանացավ բրոնզե պարգևի:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն