Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սեւծովյան տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ եւ ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստերի մասնակիցների ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հենասյուներն են: «Եվ ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսեւորման համար»,- ասել է լրագրողներին յուրայինների ու օտարների խմբի բաժանած եւ նախագահականի դռներն ազատ լրագրողների դեմ փակած Սերժ Սարգսյանը՝ հընթացս հպարտանալով, թե Հայաստանում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչն արձանագրել են նաեւ միջազգային հեղինակավոր կառույցները: Սակայն «թարսի պես» հենց երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց որոշումը՝ կարճել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս «Ա1+»-ի լրագրողի ձեռքին էր հարվածել ԱԺ անվտանգության ծառայության պետը ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը: Նա երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր: Սակայն այդ արարքի մեջ ՀՔԾ-ն տարօրինակ համառությամբ հանցանք չի տեսել:
Միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենեւին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան շատ գումար է ծախսում: Սակայն երբ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց գնումների գործարքների պայմանագրերը եւ դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը, պարզվեց, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով: Ամենահամեստ հաշվարկներով այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի: Այսինքն՝ վերը նշված գումարի ծախսն առնվազն 8 միլիոն դրամով կամ մոտ 20 հազար դոլարով պակաս կլիներ, եթե ԱԳ նախարարը մի փոքր ավելի համեստ գտնվեր եւ բացառապես բիզնես կարգով արտերկիր չմեկներ:
Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ այս դատարանի դատավորներն իրենց պաշտոնը ստանձնելիս պետք է երդվեն: Կանոնադրությունում, սակայն, երդման տեքստը բացակայում է: Ուստի հետաքրքիր հարց է ծագում՝ իսկ ինչի՞ վրա կամ ո՞ւմ (արեվ) պետք է երդվեն ԵՏՄ դատարանի դատավորները: Աստվածաշնչի տարբերակը միանգամից կարելի է բացառել. ԵՏՄ անդամ երկրներից մեկը՝ Ղազախստանը, մուսուլմանական երկիր է: Մյուս տարբերակով դատավորները կարող են երդվել ԵՏՄ պայմանագրի վրա, ինչը, հաշվի առնելով այդ փաստաթղթի բովանդակությունը, զավեշտալի կլինի: Մեկ այլ տարբերակով էլ դատավորները կարող են շարվել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների առաջ եւ երդվել, որ հնազանդորեն կծառայեն նրանց` քառյակի «միությանը»:
Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռեւս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռեւս գազ չունեն: Տեղեկացնենք, որ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականից՝ նախընտրական շրջանում, միջազգային վարկային միջոցների հաշվին: Իսկ թե ինչքան գումար է ծախսվել, չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել գազամատակարարման համար: Սակայն աշխատանքներն այն աստիճան անփույթ, իսկ թղթաբանությունն էլ այնքան խառն է իրականացվել, որ 2 տարի շարունակ պետական մարմինները չեն կարողանում «Գազպրոմ-Արմենիայի» հետ համաձայնության գալ եւ միացնել գյուղերի բնակչության գազամատակարարումը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս խնդրով զբաղվել է մոտ մեկ տարի, բայց այսօր-վաղից այն կողմ խնդիրն առաջ չի գնացել: Այժմ հերթը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է:
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ
Մինչ Հայաստանն ինքնամոռաց նետվում է ԵՏՄ գիրկը, որի հետ ընդհանուր սահման չունի, եւ որի հետ հաղորդակցությունը կատարվելու է բացառապես Վրաստանի տարածքով, հերթական անգամ սրվում են Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, եւ, որ ուշագրավ է, հերթական անգամ խաղարկվում է աբխազական երկաթուղու թեման:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները դեռեւս Բիձինա Իվանիշվիլիի` Վրաստանի վարչապետի կարգավիճակում 2013 թ. հունվարին Երեւան կատարած այցից հետո ոգեւորությամբ նշում էին, որ աբխազական երկաթուղու գործարկման համար ռեալ նախադրյալներ կան` հիմնվելով նույն Իվանիշվիլու տված խոստումների վրա: Բայց ինչպես տեսանք՝ այդ նախադրյալները Իվանիշվիլու «բարի ցանկությունից» այն կողմ չանցան: Իսկ արդեն նախօրեին Սոչիում Աբխազիայի նախագահի հետ դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո Վլադիմիր Պուտինի կողմից Սուխում-Թբիլիսի-Երեւան երկաթուղու գործարկման հնարավորության մասին հայտարարությանը հետեւած վրացական կողմի արձագանքը ցույց տվեց, որ այդ հարցի լուծումը դեռեւս շատ մեծ սարերի հետեւում է:
Սա նշանակում է, որ ինչքան էլ իշխանական տնտեսագետներն ու տարատեսակ փորձագետները պնդեն, թե ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսությունը մեծ քայլերով առաջ կգնա, ակնհայտ է, որ դա չի կարող տեղի ունենալ շատ պարզ` էժան տրանսպորտային հաղորդակցուղու բացակայության պատճառով:
Իսկ անցած շաբաթ էլ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարվեց, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Իրանից դեպի Ադրբեջան, ապա դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել` այդ նպատակով ծախսելով 200 միլիոն դոլար: Սա ցույց է տալիս,որ Ռուսաստանը չի պատրաստվում աբխազական երկաթուղու վերագործարկման համար որեւէ զիջման գնալ Վրաստանին՝ դրա փոխարեն գերադասելով ձեռնամուխ լինել նոր` Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցմանը: Եվ այստեղ, ինչպես միշտ, ռուսներին առանձնապես չի հուզում այն, որ անտեսվում են Հայաստանի շահերը, եւ խափանվում է ՀՀ տնտեսական մեկուսացումը թեթեւացնելու ամենամեծ հնարավորությունը: Ռուսներին Հայաստանը պետք է որպես տարածք` ֆորպոստ, եւ ՀՀ տնտեսության զարգացվածության աստիճանն էլ բավարար է պահել այն մակարդակում, որ մենք կարողանանք մեր պետական բյուջեի հաշվին պահել ռուսական ռազմաբազան` հոգալով դրա ծախսերը:
Դեռ լավ է, որ Վրաստանում մենք ունենք Ջավախք, որի գործոնը օգտագործելով` պարբերաբար կարողանում ենք հարեւան Վրաստանից ինչ-ինչ զիջումներ կորզել, այդ թվում եւ` ազատ առեւտրի առկա ռեժիմի շարունակություն` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
Իսկ թե ինչ ռեժիմով եւ ինչպես է իրականացվելու ԵՏՄ անդամ երկրներից եւ հատկապես՝ Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների ներմուծումը, այդ հարցը դեռեւս մնում է բաց: