ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական ծանր ընտրության առաջ է կանգնած` թույլ տալ, որ դրամի արժեզրկումը շարունակվի, թե դոլարային ինտերվենցիաներով փորձել զսպել գործընթացը:
Ինքնին ընտրությունը շատ բարդ է, քանի որ տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր լավ եւ վատ կողմերը: Տնտեսագետները վաղուց են հայտարարում, որ դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը, ինչն իրագործվում է Հայաստանի պահուստները ծախսելու միջոցով, վնասում է տնտեսությանը` խոչընդոտելով արդյունաբերության զարգացմանը: Դրամի փոխարժեքը որքան բարձր է, այնքան բարձր է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը: Այսինքն՝ «թանկ» դրամի պայմաններում ապրանքների արտահանումը խիստ նվազում է, եթե չասենք՝ իսպառ դադարում է: Այսինքն՝ եթե ՀՀ Կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքների արտահանումն ավելանա, ապա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի տնտեսվարողները հնարավորություն ունենան ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել: Տնտեսության զարգացման գործում ցանկացած իշխանության գործը պետք է լինի հավասար մրցակցային պայմանների ապահովումը եւ տնտեսությունը վնասակար միջամտություններից ապահովագրելը: Սակայն հայկական իրողությունը բոլորին հայտնի է՝ տնտեսությունն առավել քան կենտրոնացված է, իշխանություն տիրապետողները դրանք նույն կենտրոնացված տնտեսության խաղացողներն են: Այս որակումը վերաբերում է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որին ընդունված է համարել Արարատի մարզի ֆեոդալ:
Կենտրոնացված տնտեսության խաղացողներին ամենից շատ հետաքրքրում է կայունությունը, այսինքն՝ նրանք պետք է համոզված լինեն, որ իքս գումար ներդնելով՝ իգրեկ եկամուտ կստանան, եւ դրան պետք է ոչ մի բան չխանգարի, այդ թվում նաեւ՝ աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: ՀՀ Կենտրոնական բանկի խնդիրը պետական միջոցներով իշխող էլիտայի բիզնեսների կայունությունն ապահովելն է: Այս մոտեցումը տարիներ շարունակ գոյատեւել է միայն մեկ բանի` հայերի աշխարհով մեկ սփռված լինելու եւ տարեկան կտրվածքով մինչեւ երեք միլիարդ ու ավել տրանսֆերտների շնորհիվ: Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման արդյունքում Հայաստան փոխանցվող գումարները կտրուկ նվազեցին, քանի որ մեր հանրապետություն եկող գումարների մեծ մասը հենց ՌԴ-ից են գալիս: Երբեմն ՌԴ-ից եկող գումարներն ավելին են լինում, քան ողջ տրանսֆերտների զուտ ներհոսքը` մուտքերի եւ ելքերի տարբերությունը:
Արդյունքում՝ ՀՀ ԿԲ-ն ստիպված եղավ դոլարային ինտերվենցիաներով պահպանել դրամի փոխարժեքը: Վերջին երկու շաբաթներին ԿԲ-ն ավելի քան 92 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, բայց ապարդյուն: Միայն վերջին օրը` նոյեմբերի 24-ին, 31 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացվել: Միեւնույն է՝ դրամի կտրուկ արժեզրկումը հնարավոր չեղավ կանխել: Ստացվում է՝ Հայաստանի պետական պահուստներից ԿԲ-ի շուկա նետած 92 միլիոն դոլարը փոշիացավ: Իհարկե, ԿԲ-ի մասնագետները կարող են ասել, որ եթե իրենք այդկերպ չվարվեին, ապա դրամի արժեզրկումն ավելի կտրուկ եւ մեծ կլիներ, բայց դա պետական միջոցների փոշիացումն արդարացնելուն միտված արդարացում է, ոչ ավել: Երեկվա դրությամբ դրամը դոլարի հանդեպ արժեզրկվել էր 16 դրամով: Առայժմ հայտնի չէ, թե արդյունքում ապրանքների գները որքանով կբարձրանան, բայց որ կբարձրանան, դա կասկածից վեր է: Մինչեւ եկող շաբաթ գնաճի ամբողջական պատկերն արդեն տեսանելի կլինի:
Ակնհայտ է նաեւ, որ ռուբլու արժեզրկումն առաջիկայում շարունակվելու է, հետեւաբար կշարունակեն նվազել նաեւ Հայաստան եկող տրանսֆերտները: Նման պայմաններում Կառավարությունը ծանր ընտրության առջեւ է կանգնած՝ կրկին փորձե՞լ դոլարային ինտերվենցիաներով դրամի արժեզրկումը կանխել, որի ձախողման դեպքում հանրապետության պահուստներից կրկին մեկ կամ մի քանի հարյուր միլիոն դոլար կփոշիացվի, թե՞ թույլատրել, որ դրամը «ազատ անկում» ապրի: Այս տարբերակը, բնականաբար, կհանգեցնի ապրանքների գների կտրուկ բարձրացմանը: Մյուս կողմից էլ թանկ դոլարը տնտեսվարողներին հնարավորություն կտա ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել, ինչն իր հերթին կնպաստի արտահանման աճին: Այս տարբերակի ռիսկն այն է, որ դրամի արժեզրկման արդյունքում ապրանքների գները շատ արագ կբարձրանան, եւ Հայաստանի բնակչության շրջանում իշխանություններից դժգոհությունները նոր լիցք ու մոտիվացիա կստանան: Իհարկե, իրավիճակն այլ կլիներ, եթե Հայաստանում իրական տնտեսական մրցակցություն լիներ. տարբեր տնտեսվարողների մրցակցությունը գների բարձրացումները հնարավորինս կզսպեր: Սակայն մեր իրականությունն այն է, ինչ ունենք, եւ ստեղծված պայմաններում Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրություն կատարի՝ փորձի՞ պահպանել առկա տնտեսական հարաբերությունները, թե՞ ռիսկի դիմի եւ «բաց թողնի» դրամը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԻՆՉՊԵՍ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը չի միանա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծին: «Դեմ ենք նման նախագծին, ու եթե ԱԺ օրակարգ նման նախագիծ մտնի, ապա մենք դեմ կքվերարկենք դրան: Մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում ու դրա մասին բազմաթիվ առիթներով խոսել ենք»,- ասաց ՕԵԿ խոսնակը: Նա նաեւ փորձեց պարզաբանել իրենց մոտեցման պատճառները: «Նախ, որ առաջինը եղել ենք կոալիցիոն գործընկերներ ու 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հետեւաբար զուտ բարոյական տեսանկյունից դա ճիշտ չենք համարում: Իսկ երկրորդ պատճառն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, որն ինքն է հայտարարել, որ այլեւս չի առաջադրվելու նախագահի թեկնածու»: Մի խոսքով, երբ ՕԵԿ-ն ասում է, որ իրենք ընդդիմություն են, դա չի նշանակում, որ իրենք պատրաստվում են իշխանություններին հակադրվել: Պարզապես հիմա այդպես է ստացվել, գործա, անում են:
ԽԱՌՆ Է
Դեռեւս հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Մեր տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը դեռեւս քաշքշուկների մեջ է, քանի որ վերջնականապես չի լուծվել նրա բաժնեմասի հարցը: Բայց այդ ընթացքում Հարությունյանը ակտիվորեն զբաղված է հեռուստաընկերության «վերակենդանացման» աշխատանքներով: Ականատեսների խոսքերով՝ Հարությունյանին գրեթե ամեն օր կարելի է տեսնել հեռուստաընկերությունում, թե ինչ է հասկանում նա այդ ոլորտից, դժվար չէ կռահել: Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ, թե երբ հասկացավ, որ իր մեջ լրագրողական «տաղանդ» կա: Սակայն Պալաչը հայտարարեց, որ ինքը որեւէ խնդիր չունի, բայց եւ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել:
Հիշեցնենք, որ 2016-ի աշնանը Աբովյանում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ, եւ Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Գագիկ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո քավորապիղծ Հարությունյանը համալրել է ՀՀԿ-ի շարքերը:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ ՉԷ
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր ծնունդը նշել է երկրից դուրս: Երեկ ԲՀԿ-ականներից շատերը մեզ հետ զրույցում հայտարարում էին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն, թե ինչու է իրենց առաջնորդը նման որոշում կայացրել, կամ որտեղ է գտնվում: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ծնունդը շնորհավորել է հեռախոսով, եւ որ նա Հայաստան կվերադառնա այսօր կամ վաղը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՎԵՐԾԱՆԵՆ
Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորվեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամները` հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի տարհանված մասերի վերծանմանը, լրագրողներին վստահեցրել է, որ հնարավոր է եղել ձեռք բերել բոլոր այն անհրաժեշտ սարքավորումները, որոնցով կիրականացվեն վերծանման աշխատանքները: Ինչ վերաբերում է սեւ արկղին, նա նշել է, որ սեւ արկղ, որպես այդպիսին, նշված ուղղաթիռը չունի: Այս դեպքում սեւ արկղի դեր է կատարում մեկ այլ սարքավորում, որը եւս հնարավոր է եղել տարհանել:
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Նոյեմբերի 26-28-ը Սանկտ Պետերբուրգ կայցելի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է մասնակցել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբիկ Հակոբյանը:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պայմանագիր են կնքել ՀՀ ԱՆ աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ: Հոգեւոր ծառայության նպատակն է աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեւոր, կրոնական եւ ծիսական պահանջմունքները:
ՄԻԱՅՆ ՀԱՄԱՏԵՂ
Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել ՀՀ քաղաքական ուժերին ուղղված կոչ -պահանջով, որում, ողջունելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մտադրությունը եւ ընդգծելով, որ նախկինում ինքը եւս հանդես է եկել համանման պահանջով, պատգամավորն ասել է. «Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կարող է սկսվել եւ պսակվել հաջողությամբ առնվազն այս պահին միայն խորհրդարանական ուժերի համատեղ աշխատանքի շնորհիվ»:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ
«Ընդհանուր առմամբ՝ բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն թողնում են, բայց դա չի նշանակում, որ մեր բանակը հոգեպես անկում է ապրում: Բանակն ստեղծված է պատերազմելու համար: Սա պատերազմի մի դրվագ է»,- երեկ 3 օդաչուների հուղարկավորությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ օդաչուները շատ մոտ են թռել սահմանին, ՊԲ հրամանատարը պատասխանել է. «Նշանակված է քննություն, ու բոլոր հարցերի պատասխանը կտրվի ծառայողական քննությունից հետո»: