Մի առիթով քաղաքական հայտնի գործիչներից մեկն ասել էր, որ իր քաղաքական պատրաստվածության մակարդակը չի հերիքում կանխագուշակելու համար «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերը: Կուսակցության այսօրվա համագումարից առաջ պետք է արձանագրել, որ, առհասարակ, որեւէ մեկի քաղաքական պատրաստվածության աստիճանը թույլ չի տալիս` ոչ միայն կանխագուշակել «Ժառանգության» առաջնորդի կատարելիք քայլերը, այլեւ հասկանալ եւ բացատրել Հովհաննիսյանի արդեն արած քայլերի իմաստը: Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ «Ժառանգության» առաջնորդի քայլերը չափազանց բազմակոմբինացիոն են եւ դժվար հաշվարկելի, որքան այն, որ դրանց տրամաբանությունն ու իրական շարժառիթները հաճախ խորթ են հայկական քաղաքական իրողություններին: Շատերն են հիշում Հովհաննիսյանի` նախորդ ԱԺ-ում մանդատից հրաժարվելը, ապա մի քանի օր անց` սեփական հրաժարականից հրաժարվելն ու մանդատը հետողորմյա անելը: Մինչ օրս պակաս անլուծելի հանելուկ չի համարվում նաեւ այն, թե ի վերջո, որն էր Հովհաննիսյանի` անցած տարվա ծոմապահության իմաստը: Նույնքան անհասկանալի էր նաեւ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ կազմած նախընտրական ցուցակը` դրանում ներգրավված անհայտ մարդկանց առատությամբ եւ կուսակցության արժանավոր դեմքերի «օտարմամբ»: Ըստ էության նույն` անբացատրելի քայլերի շարքից էր նաեւ Հովհաննիսյանի առաջադրումը թիվ 7 ընտրատարածքում` Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ եւ ապա` ինքնաբացարկը: Եվ ահա Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին շրջանի «անկանխատեսելի» քայլերին կարծես թե այսօր կգումարվի եւս մեկը. ըստ շրջանառվող լուրերի՝ այսօրվա համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից: Թե որն է լինելու այս քայլի պատճառը, կրկին դժվար է միանշանակ ասել. տեսակետ կա, որ այդպիսով «Ժառանգության» առաջնորդը ցանկանում է քավել մեղքը կուսակցության ամենաակտիվ պատգամավորներից Ստեփան Սաֆարյանի առջեւ` սեփական մանդատը նվիրելով նրան: Նկատենք, սակայն, որ «Ժառանգության» ոչ պակաս արժանավոր պատգամավորներից էին Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ինչպե՞ս է նրանց առջեւ իր մեղքը քավելու: Այս հարցը, թերեւս, այդպես էլ կմնա հռետորական: Ինչ վերաբերում է կոնկրետ Սաֆարյանին ԱԺ վերադարձնելուն, ապա այստեղ կան նաեւ այլ հանգամանքներ. մասնավորապես այդ խնդրով Րաֆֆիին լրջորեն «հորդորել» են որոշ եվրոպական շրջանակներ: Բացի այդ, Սաֆարյանին սեփական մանդատը տալով` «Ժառանգության» ղեկավարը ձեռք կբերի անշահախնդիր առաջնորդի իմիջ, որը, հանուն սեփական թիմի արժանավոր անդամի, պատրաստ է զոհաբերել իր անձնական շահը: Էլ չասած` որ տվյալ դեպքում այդ թվացյալ զոհաբերությամբ Հովհաննիսյանն իրեն զերծ կպահի ԱԺ-ում սպասվելիք ընդդիմադիր գզվռտոցներից` մաքուր ձեռքերով առաջադրվելով 2013 նախագահական ընտրություններում:
Սակայն, այս ամենն, ինչ խոսք, ընդամենը ենթադրություններ են, որոնց իսկությունը պարզ կդառնա արդեն օրվա վերջում:
ԱՆՄԵԿՆԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ